«Կա հետևյալ պայմանավորվածությունը՝ Լաչինի միջանցքում չպետք է լինեն ո՛չ ադրբեջանական, ո՛չ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ». 2020թ., Նիկոլ Փաշինյան
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման ֆոնին Ադրբեջանում նորից ակտիվացել է Ստեփանակերտը ՀՀ-ին միացնող ճանապարհահատվածում սահմանապահ և մաքսային կետեր տեղադրելու թեման, ինչպես նաև ռուս խաղաղապահներին, այսպես ասած, «անվստահություն» հայտնելու հարցը:
Մասնավորապես, Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռազի Նուրուլաևը հայտարարել է, թե պետք է պահանջել ժամկետից շուտ ռուսական խաղաղապահ առաքելության դադարեցում:
Մինչդեռ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշված է, որ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի գտնվելու ժամկետը կազմում է 5 տարի՝ հերթական 5- ամյա ժամկետներով ավտոմատ կերպով երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի սույն դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին»:
Այսինքն, այս պահին, ըստ էության, հակամարտության գոտուց ռուս խաղաղապահների հեռացում դեռ հնարավոր չէ, իսկ ադրբեջանական սադրանքները նաև ռուս խաղաղապահների դեմ շարունակվելու են:
Նշենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Ադրբեջանի էկոնոմիկայի, բնապահպանության և բնական պաշարների նախարարությունների, էկոնոմիկայի նախարարությանը կից գույքի հարցերով պետական ծառայության և «AzerGold» ՓԲԸ-ի ներկայացուցիչներից կազմված խումբը հանդիպում է անցկացրել ռուս խաղաղապահների շտաբում:
Հանդիպմանը ևս մեկ անգամ նշվել է, որ ներկայացված ճանապարհային քարտեզի համաձայն՝ պետք է իրականացվեն «Ղըզըլբուլաղ» ոսկու և «Դեմիրլի» (Կաշեն ու Դրմբոն) պղնձամոլիբդենային հանքերի զննումներ, լուծվեն համապատասխան մոնիտորինգի և գույքագրման աշխատանքների կազմակերպման հարցերը։ Սակայն հերթական անգամ անհրաժեշտ պայմաններ չեն ստեղծվել մոնիտորինգային խմբի կողմից հանքավայրերի զննություն իրականացնելու համար:
Ի դեպ, դեռ դեկտեմբերի 12-ին Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է քննարկել բնապահպանական հարցեր, ինչպես նաև հրավիրել միջազգային բնապահպանական փորձագիտական խումբ, այդ թվում՝ ադրբեջանցի բնապահպանների մասնակցությամբ։
Նույն միտքը կրկնել էր դեկտեմբերի 14-ին ռուսական «Դոժդ» հեռուստաալիքին տված հարցազրույցում, հաստատելով, որ Լեռնային Ղարաբաղը պատրաստ է ապահովել միջազգային անկախ փորձագետների մուտքը հանքեր։
«Մենք կարծում ենք, որ յուրաքանչյուր բնապահպանական խնդիր կարևոր է և մեծ հաճույքով պատրաստ ենք քննարկել և գտնել լուծումների ուղիներ, որպեսզի և՛ մեզ, և՛ հարևաններին լավ լինի։ Եվ կարծում եմ՝ միջազգային փորձագետներն ու բնապահպանները կլինեն լավագույն լուծումը, նաև՝ հայկական կողմի մասնակցությամբ»,- հայտարարել է Վարդանյանը։
Իսկ այն, որ ադրբեջանցիները բնապահպանական խնդիրների պատրվակով նաև պահանջելու էին ռուս խաղաղապահ ուժի դուրսբերում, Նիկոլ Փաշինյանի համար պարզ էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից անմիջապես կամ առնվազն 1 շաբաթ հետո:
2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում հարցին՝ «հնարավո՞ր է՝ ստեղծվի իրավիճակ, որ ադրբեջանցիներն ասեն՝ պետք է դուրս գան ռուս խաղաղապահները և պատերազմը շարունակվի՝ մեզ համար արդեն շատ վատ դիրքերից», Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր.
«Գիտեք, համենայն դեպս, քաղաքական այդպիսի հեռահար նպատակի ձևակերպում ես տեսնում եմ»:
2020 թվականի դեկտեմբերին արված այս հարցազրույցի ընթացքում «Ազատության» լրագրողը Նիկոլ Փաշինյանին հիշեցնում է, որ անորոշ իրավիճակ է նաև Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն համայնքների շուրջ:
«Օրեր շարունակ մենք տեղեկություններ ենք ստանում, որ այնտեղ բնակիչներ, զինվորներ կան շրջափակման մեջ, այդ թվում՝ կանայք, երեխաներ: Հիմա ի՞նչ իրավիճակ է, և այս ուղղությամբ ի՞նչ պետք է անենք: Այս շրջանը հանձնվողների մեջ չէր, այդ գյուղերը հայկական տիրապետության տակ էին նոյեմբերի 9-ի դրությամբ, այսինքն՝ որևէ տրամաբանությամբ դրանք չպետք է անցնեին Ադրբեջանին»,- շարունակում է լրագրողը, ինչին Նիկոլ Փաշինյանն արձագանքում է.
«Իրավիճակը Հին Շենի շուրջ արդեն հանգուցալուծվել է, և այդ հատվածում իրավիճակը հանգուցալուծվում է: Այդ խնդիրը լուծված է արդեն և գտնվում է լուծման փուլում: Խնդիրն այն է, որ կա հետևյալ պայմանավորվածությունը՝ Լաչինի միջանցքում, ինչպես բխում է համատեղ հայտարարությունից, չպետք է լինեն ո՛չ ադրբեջանական, և ո՛չ էլ հայկական զորքերի ստորաբաժանումներ, և ամբողջությամբ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո: Եվ հիմա խնդիրն այն է, որ այդ պրոցեսը պետք է տեղի ունենա սինխրոն»:
Հակադարձմանը՝ չէ՞ որ այդ գյուղերը Շուշիի շրջանում են՝ ԼՂԻՄ-ի մաս կազմող, Փաշինյանն ի պատասխան՝ նշում է՝ «խոսքը զինված ստորաբաժանումների մասին է, խոսքը գյուղերի մասին չէ», այնուհետև հարցին՝ «այսինքն՝ գյուղերը կմնան հայկական, և հայ բնակչությունն անվտանգության խնդիր չի՞ ունենա», արձագանքում է.
«Բնականաբար, խաղաղապահների պատասխանատվության գոտում է դա, և մարդիկ պետք է շարունակեն ապրել այդտեղ»:
Հավելենք, որ այս օրերին Արցախը ՀՀ-ին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով շրջափակման մեջ են եղել Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Իսկ դրանց անվտանգությունը Նիկոլ Փաշինյանը բացառապես դիտարկել է ՌԴ խաղաղապահների պատասխանատվության գոտում:
Նույն միտքը կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից մոտ 10 օր հետո տված հարցազրույցում Փաշինյանը կրկնել է, երբ անդրադարձել է Հին Թաղերի և Խծաբերդի օկուպացիային:
«Տեսեք՝ ինչ իրավիճակ է. այդ տարածքում գտնվում են ռուս խաղաղապահներ, այդ տարածքում գտնվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումներ, այդ տարածքում գտնվում են ադրբեջանական և մեր հետախուզական տվյալներով՝ նաև թուրքական որոշ ստորաբաժանումներ: Իրավիճակը բավական լարված է և բարդ է, և մեր տեղեկություններով՝ նաև ռուս խաղաղապահներ են գտնվում շրջափակման մեջ: Կապի խնդիր կա, որովհետև տեղանքի բերումով և նաև իրադարձությունների բերումով հաղորդակցության որոշակի խնդիրներ կան: Ընդ որում՝ այդ խնդիրներն ունեն նաև ռուս խաղաղապահները, և այնտեղ մենք որոշակի ճգնաժամային իրավիճակ ունենք: Բայց պետք է արձանագրել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության համատեքստում այդ հատվածը գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո և պետք է գտնվի Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո:
Տեսեք, Դուք ասում եք՝ Հայաստանը պատասխանատվությունն իր վրայից թոթափո՞ւմ է, թե՞ չի թոթափում: Խնդիրն այն է, որ կա եռակողմ հայտարարություն ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, և, ըստ էության, այդ հայտարարության երաշխավորը հանդիսանում է Ռուսաստանը: Եվ հայտարարության դրույթների խախտումը պետք է արձանագրվի, և հայտարարության դրույթների խախտմանը պետք է հետևեն կոնկրետ քայլեր»,- ասել էր Փաշինյանը 2020-ի դեկտեմբերին «Ազատությանը» տված հարցազրույցում:
Դիտարկմանը, որ մյուս կողմից՝ մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը չի պահպանում, ըստ էության, այդ համաձայնության պայմանները, և, որ ռուս խաղաղապահներն ակնհայտորեն չեն մտնելու մարտի մեջ, ի՞նչ պետք է անի հայկական կողմը, Փաշինյանը նշել էր, թե այդ քայլերը պետք է լինեն առաջին հերթին դիվանագիտական, ինչը և արվում է:
«Իհարկե, ասեմ նաև, Դուք տեղյակ եք, որ առաջին օրը տեղի են ունեցել մարտական գործողություններ, և Պաշտպանության բանակի ստորաբաժանումները մարտի են բռնվել, այսինքն՝ դիմակայել են հարձակմանը, և մարտը դադարել է այն պահից, երբ ռուս խաղաղապահները հասել են դեպքի վայր: Խնդիրն այն է, որ ռուս խաղաղապահների ներկայությամբ Պաշտպանության բանակը մարտական գործողություններ վարելու սահմանափակումներ ունի, որովհետև լինում են իրավիճակներ, երբ այդ մարտական գործողությունների արդյունքում կարող են խոցվել նաև խաղաղապահներ՝ սրանից բխող հետևանքներով: Եվ ուրեմն իրադրությունն առաջին հերթին պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական շփման ճանապարհով՝ հայտարարության դրույթներն իրագործելու տրամաբանությամբ»,- լրացրել է Փաշինյանը:
Իսկ ի՞նչ էր ասում պատերազմից հետո Արցախի տարածքների օկուպացիայի մասին երեկվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, ո՞ւմ էր ուղղված հիմնական մեսիջը:
«Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի Խծաբերդ և Հին Թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով:
2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ներխուժել են Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի գյուղ հասնող հատվածում, և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ»,- շեշտել է Փաշինյանը՝ չանդրադառնալով, ըստ էության, այս համատեքստում ՀՀ դիվանագիտական քայլերին: Հնարավոր է՝ կամ չի ցանկացել խոսել հայկական դիվանագիտության ձախողումից, կամ գուցե 2 տարի անց անելիք չի տեսնում Խծաբերդ և Հին թաղեր բնակավայրերը վերադարձնելու հարցում:
Այո, Ռուսաստանը և ռուս խաղաղապահներն ունեն որոշակի պարտավորություններ՝ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համատեքստում: Մյուս կողմից, որքան էլ հրադադարը ՌԴ-ի միջնորդությամբ է տեղի ունեցել, բայց համապատասխան փաստաթղթի տակ ստորագրել է ինչպես Ադրբեջանը, այդպես էլ Հայաստանը՝ Նիկոլ Փաշինյանը: Ըստ այդմ՝ ՀՀ-ն ևս որոշակի պատասխանատվություն ունի հենց ՀՀ-ի և Արցախի նկատմամբ:
1994-ի հրադադարի համաձայնագիրը Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ կնքվել էր Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի կողմից, և Հայաստանի Հանրապետությունը այս 30 տարվա ընթացքում պատասխանատվություն է ունեցել Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հարցում, Նիկոլ Փաշինյանի դեպքում այն պետք է ավելին լիներ, քանի որ միանձնյա որոշել է Արցախի ճակատագիրը, եռակողմ հայտարարության տակ՝ որպես հակամարտության կողմ, բացակայում է:
Բայց արի ու տես, որ Փաշինյանը, որն ասում էր, թե Արցախի խնդրի շուրջ բանակցություններում Արցախին ներկայացնելու մանդատ չունի, 2020-ին միանձյա որոշեց Արցախի ճակատագիրը և այսօր Արցախի ապագան հանձնել է ՌԴ-ի բարեհաճ կամքին և ժամանակ առ ժամանակ մեղադրում է նրան իր պարտավորությունները չկատարելու մեջ:
Հիշեցնենք, որ 2021-ի հուլիսին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ստացել են Արցախի խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ: Թե ինչպես իրականում օգտագործվեց այդ մանդատը և որքանով խաղաղություն բերեց Արցախի և ՀՀ-ի համար, ավելորդ է հիշեցնել: