Հովհաննավանքի դասերը. Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խնդիր չունի խուլիգանների հետ, եթե դրանք ներկայացնում են իր հարազատ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի կենսական շահերը
Երեկ Հովհաննավանքում իշխանությունը, ի դեմս իր հովանավորյալ կարգալույծ նախկին քահանա Ստեփան Ասատրյանի, ով դեռ իրեն Տեր Արամ է կոչում, մի քանի չոլկայավոր խուլիգանների և իրավապահ համակարգի, ներկայացավ իր ողջ այլանդակ մերկությամբ… Ուղիղ եթերում:
Երբ Ստեփան Ասատրյանը հասկացավ, որ պսակի արարողությունը գնում է ձեռքից, որովհետև մարդիկ չցանկացան, որ իրենց պսակի կարգալույծ ոչմիբանը կորցրեց իրեն, սկսեց գոռգոռալ, հրաժարվել լքել եկեղեցին և հանձնել բանալիները, ինչպես կարգն է պահանջում կարգալուծությունից հետո, սկսեց լաչառ կնոջ պես բամբասել Վեհափառից՝ գոռալով, ինչն, ի դեպ, վերջերս մշտապես արել է այն ընտանիքների ներկայությամբ, ուր տնօրհնեքի կարգ է կատարել:
Նրան սատարող խուլիգաններն էլ, ովքեր ներկայանում էին որպես Սուրբ Հովհաննավանքի հավատավորներ, ամենաայլանդակ հայհոյանքներն էին հնչեցնում տեղում աշխատող լրագրողների հասցեին, սպառնում նրանց, խոչընդոտում իրականացնել մասնագիտական գործունեությունը:
Իսկ տեղում հատուկ նախկին Տեր Արամի համար այդտեղ հերթապահություն իրականացնող ոստիկաններն էլ լուռ հետևում էին տեղի ունեցող այլանդակությանը: Միայն մի դեպքում, երբ հերթական սադրիչը հայտնվեց՝ խոչընդոտելու լրագրողի աշխատանքը, հեռացրեցին սադրիչին:
Անցել է մեկ օր, և 168.am-ը փորձեց ճշտել՝ բացի ընդդիմադիր գործիչների, փաստաբանների ստատուսները կարդալուց ու դրանց հիման վրա նրանց գետնին փռելուց, ապա՝ ձերբակալելուց ու պարտադիր կալանավորելուց, ինչ միջոցներ է ձեռնարկվել լրագրողների մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու, նրանց սպառնալու, նրանց նկատմամբ խուլիգանական վարք դրսևորած, ամենաայլանդակ հայհոյանքները հնչեցրած անձանց հայտնաբերելու ու նրանց մեկուսացնելու ուղղությամբ:
«Դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալ չկա»,- ի պատասխան մեր հարցի՝ ասացին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Այս տեսանյութի մեջ հստակ երևում է՝ ինչպես են հրմշտելով եկեղեցուց հանում լրագրողներին, հայհոյում, սանձարձակ վարքագիծ դրսևորում Ստեփան Ասատրյանի աջակիցներն ու հովանավորները, իսկ ոստիկանությունն ու դատախազությունը ձկան պես համր են. ասելիք չունեն, անելիք՝ առավել ևս:
Ի դեպ, հատկանշական է, որ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազին իդենտիֆիկացրել է Ստեփան Ասատրյանի աշխարհիկ աջակիցներ ներկայացող ոստիկաններին, ովքեր, փաստորեն, Հովհաննավանքում համատեղության կարգով նաև որպես սադրիչ են աշխատում:
Եվ վերջում… Հանրային հեռուստաընկերության եթերից ու Ազգային ժողովի բարձր ամբիոնից կեղծիքներ տարածող, թքած-կպցրած ձայնագրություններով հարուցված գործը հաստատող ու դատարան ուղարկող, հրեշտակային ձայնով խաչը ուսին Գողգոթա բարձրացած անմեղ մի մարդու մասին պատմող, ով մահապատժի ենթարկվեց 2000 տարի առաջ, որովհետև դատախազը ձեռքերը լվաց ու հետ կանգնեց, բացարձակ անկախության մասին հեքիաթներ պատմող, բայց քաղաքական ընդդիմախոսների ստատուսներից անգամ սարսափող ու դրանց համար մարդկանց կալանավորելու ուղարկող, աշակերտներին ու ուսանողներին բարոյախրատական դասեր կարդացող, վեհ գաղափարներից խոսող, անգամ աղջիկներին քթի վիրահատությունից հետ պահելու խրատ տվող գլխավոր դատախազի դեմքն այդ մի տողանոց պատասխանն է այն մասին, որ ինքը խնդիր չունի եկեղեցում հայհոյող, սանձարձակ վարք դրսևորող խուլիգանների հետ, եթե նրանք ներկայացնում են իր սիրելի Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կենսական շահերը:
Ի դեպ, լուռ է նաև վերջինիս ընկերուհին՝ լրագրողներին իր գործընկերը համարող՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը:

