Այլընտրանքային ճանապարհը՝ մի՞ֆ, թե՞ իրականություն. Նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետի խմբագրման հետևանքները
168.am-ը մի քանի անգամ գրել է 2020-ի նոյեմբերի 9-ի Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հայտարարության տարբեր կետերում արված սրբագրումների մասին, մասնավորապես, Լաչինի միջանցքի վերաբերյալ:
Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.
«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, միաժամանակ շրջանցելու է Շուշին։
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.):
Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը դուրս է մնացել և հայտարարության 6-րդ կետը նման տեսք է ստացել.
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.)
Թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, այսօր արդեն, հստակ կարող ենք ասել՝ սատանան մանրուքների մեջ է, և այդ փոփոխությամբ, այսպես ասած, հրաժարվել ենք Լաչինի միջանցքից:
Եռակողմ հայտարարության հիշատակված 6-րդ կետի շարունակության մեջ նշվում է նաև.
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշման իրավունքն Ադրբեջանինն է:
Այս տարի ամռանը, երբ Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու թեման առաջ եկավ, ինչը հետո իրականություն դարձավ, փորձագետներից, վերլուծաբաններից ոմանք ուշադրություն հրավիրեցին եռակողմ հայտարարության 6-րդ կետում առկա ևս մեկ ուշագրավ ձևակերպման վրա «…շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Այսինքն, ըստ նրանց, «Լաչինի միջանցքը» ձգվում է ոչ միայն մինչև Շուշի, այլև անցնում է Շուշիից այն կողմ, ինչը նշանակում է, որ Ստեփանակերտ-Շուշի հատվածի ճակատագիրն է վտանգի տակ, ինչին այսօր ականատես ենք:
Ի դեպ, ամիսներ առաջ գրել էինք, որ ադրբեջանական կողմը ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի երկու հայկական գյուղերում՝ Հին շենում և Մեծ շենում, մնացածն արդեն արցախյան կողմը պիտի կառուցի, որը դեռ սկսված չէ, և ինչպես մեր արցախյան աղբյուրներն էին փոխանցել՝ դա Ղայբալու (Լիսագորից հետո)-Ստեփանակերտ հատվածն է:
Արցախյան իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները նաև փոխանցել էին, թե նման առաջարկ կա՝ Ստեփանակերտ-Շուշի-Հին շեն-Մեծ շեն-Կոռնիձոր, սակայն ռուսական կողմը դեռ սպասեցնել է տալիս, քանի որ այդ հատվածում երեք բլոկպոստ ունեն և ամբողջությամբ վերահսկում են Շուշի մտնող ճանապարհը, այսինքն՝ չեն ուզում այդ լծակն իրենց ձեռքից բաց թողնեն:
Ըստ այդմ՝ կարելի էր ենթադրել, որ այլընտրանքային նոր ճանապարհի հատվածում ռուսական խաղաղապահների ներկայությունը պահպանելու հարցը դեռ երկար է տարբեր նպատակներով խաղարկվելու, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից: Իսկ գուցե ձգձգումներն այլ նպատակ ունեն:
Այս համատեքստում հավելենք, որ դեռ անցած տարի Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ «եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով»:
«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- շարունակել էր Զուլֆուգարովը:
Թե որքանով է իրական կամ միֆ այլընտրանքային ճանապարհ ասվածը, ժամանակը դեռ ցույց կտա:
Իսկ ՀՀ իշխանությունները, որոնք այս օրերին հաճախ են հիշում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը, լավ կլինի հրապարակավ ասեն՝ ինչի գնով են եղել նույն այդ 6-րդ կետում վերևում նշված սրբագրումները, որոնք, բնավ, չեն բխում Արցախի և ՀՀ-ի շահերից:
Այո, Ադրբեջանը այդ կետով ունի պարտավորություններ, բայց Ադրբեջանը նաև եռակողմ հայտարարության այլ կետերով պարտավորություններ ունի, օրինակ, կանգ առնել 44-օրյա պատերազմից հետո զբաղեցրած դիրքերում, որը խախտվել է, և որի մասին, մեղմ ասած, ոչ այնքան հաճախ է հիշում Նիկոլ Փաշինյանի իշխանությունը: