
Արդյոք Պապիկյանը չպե՞տք է ներկայացնի պայմանագրայինների աճը հաստատող վիճակագրություն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 22-ին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պնդել է, որ պարտադիր զինծառայության ժամկետի կրճատումը հապճեպ որոշում չէ:
«Վերջին երկու օրերի ընթացքում հանրային տարբեր հարթակներում կամ հանրային տարբեր գործիչների կողմից տարբեր տիպի քննադատություններ են հնչել: Նշեմ, որ այս միտքը նոր չէ: Խորհուրդ կտամ այն գործընկերներին, ովքեր մեզ մեղադրում են հապճեպ որոշումներ ընդունելու և նախընտրական գործողությունների մեջ, թող կարդան կառավարության ծրագիրը։ Մենք կառավարության ծրագրով ստանձնել ենք պարտավորություն, որ մեր գործունեության 5-ամյա հատվածում պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ենք ժամկետային զինծառայությունը։ Դա սևով սպիտակի վրա գրված է:
Երկրորդ փաստաթուղթը Հայաստանի բանակի կերպափոխման հայեցակարգն է, որտեղ նույնպես նմանատիպ հանձնառություն ենք ստանձնել։ Կարծում եմ՝ սրանով ամեն ինչ ասված է, թե ինչպիսի երկարաժամկետ պլանավորման արդյունք է սա։ Եվ, իհարկե, ամեն ինչ պետք է կախված լիներ նրանից, թե հաջողվո՞ւմ է մեզ արդյոք այս տարիների ընթացքում պայմանագրայինների թվաքանակն ավելացնել։
ԱԺ-ն շուրջ 2.5 տարի առաջ ընդունել է մի օրենք, որով թույլատրում է ժամկետային զինծառայողներին 6 ամիս ծառայելուց հետո կնքել պայմանագիր։ Խոսքը վերաբերում է նրան, որ այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ։ Այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն։ Այսինքն՝ խոսել, որ մենք կրճատում ենք բանակը, մեղմ ասած, անհեթեթություն է»,- հայտարարել է նա:
Պարզ չէ՝ պաշտպանության նախարարը կոնկրետ ո՞ր հարթակի կամ հանրային գործիչների քննադատություններն է կարդացել, բայց մենք մեր հոդվածներում նշել ենք, որ պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման մասին նշված է 2021-2026թթ. կառավարության ծրագրում, որի հիմնավորման մեջ նշվում է.
«Նախատեսվել է պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատում՝ ի հաշիվ պայմանագրային ծառայության աճի: Վերջին տարիներին պայմանագրային զինվորական ծառայության ընդլայնման նպատակով կատարվել են գործուն քայլեր՝ ի դեմս «Պաշտպան հայրենյաց» ծրագրի, արհեստավարժ սերժանտական համակարգի, զինծառայողների ատեստավորման համակարգի ներդրման, սահմանամերձ զորամասերում երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի պահպանմամբ պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման գործընթացի, որի արդյունքները գնահատվում են դրական և միտում ունեն առավել գրավիչ դարձնել և ընդլայնել պայմանագրային զինվորական ծառայությունը»:
Չենք անտեսել նաև պարտադիր զինծառայության ժամկետի կրճատման մասին հիշատակումը բանակի կերպափոխման հայեցակարգում, որի հեղինակները, օրինակ, կարծում են, թե պայմանագրային զինվորական ծառայությունն արհեստավարժության ապահովման առումով ենթադրում է առավել նպաստավոր նախադրյալներ, քան պարտադիր զինվորական ծառայությունը, և, որ փուլային եղանակով պիտի կատարվի պարտադիր զինվորական ծառայությունից անցումը պայմանագրային ծառայությանը:
Շտապողականություն դրսևորվել է, քանի որ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է դրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է «շարքային կազմի 24-ամսյա պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 2026 թվականի ամառային զորակոչից սկսած կրճատել 6 ամսով՝ սահմանելով 18-ամսյա ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն», բայց հանկարծ հոկտեմբերի 21-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ քննարկում է ունեցել պաշտպանության նախարարի հետ, և որոշել են, որ օրենքն ավելի շուտ ուժի մեջ մտնի՝ 2026-ի հունվարի 1-ից:
Այս դեպքում ՀՀ պաշտպանության նախարարը, որակումներ տալու փոխարեն, արդյոք չպե՞տք է ներկայացնի պայմանագրայինների աճը հաստատող վիճակագրություն՝ ո՞ր տարվա համեմատ և որքա՞ն է կազմում պայմանագրային ռեսուրսի թվաքանակի ավելացումը:
Սուրեն Պապիկյանն ԱԺ ամբիոնից հայտարարում է, որ «այսօր «Պաշտպան հայրենյաց» ծրագրով բազմաթիվ զինվորներ երկարաժամկետ իրենց կյանքը կապում են բանակի հետ, այդ թիվը հասնում է մի քանի հազարի արդեն»:
Սա բավարար հիմք կամ հնարավորություն տալի՞ս է կրճատելու մարտական հերթապահության մեջ ներգրավված անձնակազմին, հատկապես, երբ չեն հրաժարվում ԵԿՄ-ի «ծառայությունից», խստացնում են 25-օրյա վարժանքից խուսափելու պատիժը և վարժանքի մասնակիցներին մարտական հերթապահություն վստահում:
Հավելենք՝ 2021-2026թթ. ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2024 թվականին «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառու դառնալու համար հրամանագրվել է շուրջ 1600 զինծառայող»:
Գուցե 2025 թվականի կատարողականում այս թիվը համեմատաբար ավելին լինի, բայց դա չի կարող լինել այնքան, որ «փակի» պարտադիր զինվորական ծառայության ժամկետի կրճատման արդյունքում առաջացող և արդեն առկա ռեսուրսային բացը: Գաղտնիք չէ, որ իշխանությունները, պաշտպանության նախարարը ժամանակ առ ժամանակ համալրման հետ կապված խնդիրներ են արձանագրել:
Ավելին, երբ 2024 թվականի հոկտեմբերի 31-ին ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը հիշեցրել էր ժամկետային ծառայության կրճատման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոստման մասին, ՀՀ պաշտպանության նախարարն արձագանքել էր, թե «զինծառայության ժամկետի կրճատման կարող են գնալ, բայց պետք է հաշվի առնել ներկա իրավիճակը և ելնել երկրի անվտանգության առաջնահերթություններից»:
Սուրեն Պապիկյանը կարո՞ղ է ասել՝ ի՞նչ է փոխվել անվտանգային միջավայրում 2024 թվականի հոկտեմբերից մինչև այս պահը, Հայաստան-Ադրբեջան նախաստորագրված համաձայնագի՞րն է մի քանի ամսում անվտանգային իրավիճակ փոխել, երբ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այս տարի ԱԺ-ում հայտարարել էր՝ «եթե առաջիկայում մենք ստորագրենք խաղաղության պայմանագիրը, միևնույն է՝ չենք կարող ասել, որ վերջացավ ամեն ինչ, խաղաղությունն ամբողջական հաստատված է»: Այսինքն, լավագույն դեպքում էսկալացիայի ռիսկը մինիմալ է, թեժ հակամարտության ռիսկը մինիմալ է, բայց՝ ոչ զրոյացված:
Եվ եթե այսօր կրակոցներ չեն լսվում, դա դեռ ոչինչ չի նշանակում: Բացի այս՝ խաղաղ պայմաններում ապրող աշխարհի ո՞ր երկրում են առաջնորդվում այն կանոնով՝ եթե կոնֆլիկտ չունեն, չպետք է հզորացնեն բանակը: Իսկ եվրոպական երկրներում այսօր շատերը վերադառնում են կանոնավոր բանակին, ռազմական բյուջե ավելացնում, պատրաստվում հնարավոր պատերազմի: Ադրբեջանն ինքն էլ գալիք տարվա կտրվածքով մտադիր է ավելացնել պաշտպանական ծախսերը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում որոշվեց կրճատել պաշտպանական ծախսերը, և սրան զուգահեռ՝ հայտարարում են, թե պայմանագրայինների կամ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թվի հաշվին են պարտադիր զինծառայության ժամկետ կրճատում, այսինքն, ժամկետային զինվոր:
Արդյո՞ք այս դեպքում ֆինանսական ավելի մեծ միջոցներ չեն պահանջվելու: Հիշեցնենք նաև, որ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի՝ «փողով ծառայելու» օրենսդրական նախաձեռնությունների քննարկման ժամանակ հայտարարվում էր, թե այդ վճարումների հաշվին կկարողանան պայմանագրայինների և կամ «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների թիվ մեծացնել: Այս հարցադրումների շարքը, որոնց պիտի պատասխանի ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, կարելի է համալրել:
Այսինքն, խնդիրը պարտադիր ծառայության ժամկետի կրճատումը չէ, եթե կան ժամանակակից սպառազինություն և տեխնիկա յուրացրած, զորավարժությունների միջոցով թրծված, բարոյահոգեբանական ամուր վիճակում գտնվող և համապատասխան ծրագրեր անցած նոր զորային կառույց, որը ԳՇ-ն ի վիճակի է կառավարել այսօրվա աշխարհաքաղաքական լուծումների պայմաններում: Այսինքն, եթե իրապես նպատակ կա հզոր պրոֆեսիոնալ բանակ ունենալու:
Իսկ այն, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն իրենց որոշման ոչ հապճեպությունը շեշտելու համար հղում է անում 2021-2026 թթ. կառավարության ծրագրին և բանակի կերպափոխման հայեցակարգին, այդտեղ անվտանգային այլ արձանագրումներ էլ կան, արդյո՞ք դրանք կատարվել են կամ կատարվելու են: