Ադրբեջանը հերթական անգամ խաղարկում է Լաչինի միջանցքը. այս անգամ՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց

Ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չի կատարել մինչ օրս, որով պետք է տեղի ունենար ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակում՝ բոլորը բոլորի դիմաց:

Սակայն Փաշինյանի իշխանությունն այս հարցում համառություն չի դրսևորում, փոխարենը՝ ուրախանում է, երբ ականապատ տարածքների քարտեզների դիմաց մաս-մաս վերադարձվում են մեր գերիները: Խոսքը հաստատված գերիների մասին է:

Մինչդեռ, չնայած նրան, որ Հայաստանը փուլային տարբերակով ոչ միայն կատարում է գրավոր պայմանավորվածությունները, այլև բանավորները, Ադրբեջանը շարունակում է շանտաժի լեզվով խոսել Փաշինյանի հետ, քանի դեռ կնքված չէ խաղաղության համաձայնագիրը և նոյեմբերյան հայտարարությամբ և բանավոր պայմանավորվածություններով ամբողջությամբ չեն ստացել խոստացվածը՝ ըստ պահի թելադրանքի խաղարկելով այս կամ այն տարածքը: Մասնավորապես, ադրբեջանական կողմը պարբերաբար Լաչինի միջանցքը խաղարկելու փորձեր է անում, ինչն արել է նաև 2020-ի նոյեմբերին:

168.am–ը գրել էր, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի սկզբում, որը հրապարակել էր «Սպուտնիկ-Արմենիան», եղել է հիշատակում Տավուշի մասին՝ երկրորդ կետում․

«Աղդամի շրջանը և տարածքները, որոնք հսկվում են հայկական կողմից Ղազախի շրջանում, վերադարձվում են Ադրբեջանին մինչև նոյեմբերի 20-ը»: (Агдамский район и территории, удерживаемые Армянской Стороной в Газахском районе Азербайджанской Республики, возвращаются Азербайджанской Стороне до 20 ноября 2020 года.)

Ավելի ուշ այն հանվել է՝ Լաչինի միջանցքին վերաբերող 6-րդ կետում փոքր խմբագրման դիմաց:

Հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.

«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին։

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу.):

Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը նման տեսք է ստացել.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.):

Թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Եվ վաղը-մյուս օրը Ադրբեջանը կարող է խաթարել Արցախ-Հայաստան այս կապը, եթե հաշվի առնենք նաև Իլհամ Ալիևի հրամանով վարչատարածքային վերջին բաժանումը, որի համաձայն՝ ստեղծվել են «Արևելյան Զանգեզուրի» և «Ղարաբաղի» տնտեսական գոտիներ:

Մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով:

«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել է Զուլֆուգարովը:

Ադրբեջանի նախկին արտգործնախարարը նաև զգուշացրել է՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ Ադրբեջանն ամբողջությամբ վերականգնելու է իր սահմանները և բացելու վերականգնելու է կոմունիկացիաները Նախիջևանի հատվածում:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի՝ Բաքու այցի շրջանակում օրակարգային հատուկ թեմա է եղել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով ենթակառուցվածքների փոխգործակցությունը և դրա ճյուղավորումը Բաքու-Զանգեզուրի/Մեղրիի միջանցք-Ջուլֆա-Իրան երկաթգծային ճանապարհի վերականգնման միջոցով:

Հավելենք, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ այս մասով նշվում է.

«Տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակվում են: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար: Տրանսպորտային հաղորդակցության հսկողությունն իրականացնում են ՌԴ ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները:

Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը և Ադրբեջանի արևմտյան շրջանները կապող տրանսպորտային նոր ուղիների շինարարությունը»:

Վերադառնալով Լաչինի միջանցքին, հավելենք, որ ադրբեջանական կողմը տեղեկություններ է շրջանառում, թե իբր ՀՀ-ից Արցախ՝ Լաչինի միջանցքով զինված մարդիկ են տեղափոխվում, և որ մինչ այսօր, համաձայն եռակողմ համաձայնության՝ ՌԴ վերահսկողությանը հանձնված տարածքներից ամբողջությամբ դուրս չեն բերվել հայկական զինված խմբավորումները:

Սա այն դեպքում, երբ 168.am-ի տեղեկություններով, առանց ռուս խաղաղապահների ուղեկցության ադրբեջանական քաղաքացիական անձինք են շրջում պարբերաբար Քաշաթաղի հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս