Եռակողմ հայտարարության տողատակերի և Բերձորի հանձնման հետաձգման պատճառների մասին
Տևական ժամանակ ակտիվ քննարկվում էր այն, որ հայկական, այդ թվում՝ արցախյան կողմը համաձայնել է Բերձոր (Լաչին) քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերը հանձնել Ադրբեջանի վերահսկողությանը՝ նոր այլընտրանքային ճանապարհի կամ միջանցքի պատրաստ լինելուց հետո: Ընդ որում, Բերձորի հանձնման շուրջ աղմուկ էին հանում մարդիկ, որոնք դեռ անցած տարի հանրությանը վստահեցնում էին, որ թուրքը Բերձորով չի անցնի: Գուցե այդպես էր պետք: Իսկ իրականում, ըստ էության, Բերձորը հանձնվել է 2020-ի նոյեմբերի 10-ին, իսկ այն, ինչ պիտի ավարտին հասցվի զուտ, ինչպես ասում են, տեխնիկական հարցեր են:
168.am-ի՝ Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների տեղեկացմամբ, Բերձոր քաղաքի և նշված երկու գյուղերի հանձնման գործընթացը մոտ մեկ տարի կտևի, քանի որ ՀՀ հատվածում դեռ ճանապարհը չկա, և ադրբեջանական կողմի կառուցվող ճանապարհը ՀՀ հատվածում «դեմ է առնելու բլուրների»:
Նշենք, որ «Փաստինֆո»-ի գրավոր հարցմանը ՏԿԵ նախարարությունից պատասխանել էին, որ հայկական կողմը մեր հատվածում սկսել է դեռ միայն Բերձորը շրջանցող ճանապարհահատվածի նախագծման աշխատանքները:
«Տեղեկացնում ենք, որ (Մ-12) – Կոռնիձոր ԱՀ սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի վերակառուցման նպատակով իրականացվում են նախագծման աշխատանքներ։ ՀՀ կառավարության 30.06.22թ. թիվ 1005-Ն որոշմամբ նշված ավտոճանապարհի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման և դրանց փորձաքննության համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել են միջոցներ»,- նշվում է լրատվամիջոցին ուղարկված պատասխանում։
Իսկ թե բուն ճանապարհի վերակառուցման աշխատանքները երբ է նախատեսվում սկսել, հետևապես՝ նաև ավարտել՝ Նախարարությունը ձեռնպահ է մնացել ժամկետներ նշելուց։
Ի դեպ, հուլիսի 1-ին «Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ պարզելու, թե Ադրբեջանի կողմից կառուցվող Բերձորը շրջանցող ճանապարհի երթուղին արդյո՞ք համաձայնեցված է եղել հայկական կողմի հետ, համաձայնություն տրվե՞լ է, որ նոր ճանապարհը կառուցվի հենց այդ երթուղով, թե՞ ոչ, և քանի՞ այլընտրանքային երթուղի է քննարկվել, որոնցից ընտրվել է հենց այդ մեկը։ Այս հարցադրումներին Գրիգորյանը խուսափել է պատասխանել, իսկ ՏԿԵ նախարարությունը, որին վերահասցեավորվել էին հարցերը, հիշեցրել էր 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը: Այսինքն, դարձյալ հարցերը մնացել են անպատասխան:
168.am-ը դեռ անցած տարի անդրադարձել էր եռակողմ հայտարարության մեջ Լաչինի միջանցքին վերաբերող 6-րդ կետում կատարված խմբագրումներին և դրանց տողատակերին:
Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել.
«Հայաստանը մինչև նոյեմբերի 15-ն Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район, оставляя при этом за собой Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г. Шушу.)
Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը նման տեսք է ստացել.
«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
(Республика Армения до 15 ноября 2020 года возвращает Азербайджанской Республике Кельбаджарский район, а до 1 декабря 2020 года – Лачинский район. Лачинский коридор (шириной 5 км), который будет обеспечивать связь Нагорного Карабаха с Арменией и при этом не будет затрагивать г.Шушу, остается под контролем миротворческого контингента Российской Федерации.)
Թվում է, թե մեկ-երկու բառը մանրուք է, բայց, ինչպես ասում են՝ սատանան մանրուքների մեջ է: Եռակողմ հայտարարության հիշատակված 6-րդ կետի շարունակության մեջ արդեն ասվում է.
«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:
Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:
Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է:
Պատերազմից հետո Ալիևը որոշակի գաղտնազերծում էր արել՝ ասելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում՝ Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։
«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ: Եվ նոր միջանցքի պարամետրերի հստակեցումից հետո Լաչին քաղաքը ևս կվերադարձվի մեզ: Այս հարցը հատուկ ուշադրության է արժանի, որովհետև եթե ես չհասնեի նրան, որ այն ներառվեր հայտարարության մեջ, ապա Լաչինի միջանցքը մշտապես կընդգրկեր Լաչին քաղաքը»,- հայտարարել էր նա:
Եռակողմ հայտարարության 6-րդ կետում ևս մի ուշագրավ պահ կա՝ «…շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:
Այսինքն, «Լաչինի միջանցքը» ձգվում է ոչ միայն մինչև Շուշի, այլ անցնում է Շուշիից այն կողմ, ինչը նշանակում է, որ Ստեփանակերտ-Շուշի հատվածի ճակատագիրն է վտանգի տակ: Իհարկե, ով տիրում է Շուշիին, տիրում է ամբողջ Արցախին, բայց սա արդեն այլ թեմա է, իսկ Շուշին թշնամու ձեռքում է: Սա այլ խոսակցության թեմա է:
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհի արցախյան հատվածին, ապա ադրբեջանական կողմն այս օրերին ճանապարհաշինական լայնածավալ աշխատանքներ է իրականացնում Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի երկու հայկական գյուղերում՝ Հին շենում և Մեծ շենում, մնացածն արդեն արցախյան կողմը պիտի կառուցի, որը դեռ սկսված չէ, ինչպես մեր արցախյան աղբյուրները փոխանցեցին՝ դա Ղայբալու (Լիսագորից հետո)- Ստեփանակերտ հատվածն է:
Արցախյան իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, նման առաջարկ կա՝ Ստեփանակերտ-Շուշի-Հին շեն-Մեծ շեն-Կոռնիձոր, սակայն ռուսական կողմը դեռ սպասեցնել է տալիս, քանի որ այդ հատվածում երեք բլոկ պոստ ունեն և ամբողջությամբ վերահսկում են Շուշի մտնող ճանապարհը, այսինքն՝ չեն ուզում այդ լծակն իրենց ձեռքից բաց թողնեն:
Թե ինչ վերջնարդյունք կունենանք, և երբ ՀՀ գործող իշխանությունները կհանձնեն արդեն իրենց կառուցելիք ճանապարհը, ցույց կտա ժամանակը, մի բան հստակ է՝ Լաչինի միջանցքում, այլընտրանքային նոր ճանապարհի հատվածում ռուսական խաղաղապահների ներկայության պահպանման հարցը դեռ երկար է տարբեր նպատակների դիմաց խաղարկվելու, ընդ որում՝ ոչ միայն ադրբեջանական կողմից:
Ի դեպ, անցած տարի Արցախի նախագահը հայտարարել էր, թե Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք, Շոշի ուղղությունը, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէին:
«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում»,- ասել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը: