Ինչպե՞ս են Քաբուլի հայերը զինաթափում անգլիացի զինվորականներին` հայկական եկեղեցի մտնելուց առաջ
Նախորդ համարում մենք պատմեցինք Քաբուլում հայերի հաստատվելու մասին։ Հոդվածում մանրամասն ներկայացրեցինք, թե ո՞ր թվականին են հայերը հաստատվել Քաբուլում, ի՞նչ պատճառներով պայմանավորված, և փոքրիկ հայկական համայնքի թվաքանակն ինչպե՞ս է փոխվել տարիների ընթացքում։ Հոդվածի երկրորդ մասում ներկայացրեցինք 1842 թվականին Քաբուլ այցելած անգլիացի քարոզիչ մստեր Ալլենի պատմությունը, ով մանրամասն ներկայացնում է հայերի վարքը, տները, եկեղեցին և հայկական համայնքի ու հայերի հետ կապված այլ մանրամասներ։ Այս հոդվածում կներկայացնենք նախորդ հոդվածի շարունակությունը, որում անգլիացի քարոզիչը ներկայացնում է մի շարք այլ հետաքրքիր մանրամասներ ևս։
Մստեր Ալլենը նշում է, որ Քաբուլում հայերը բռնության էին ենթարկվում և հարստահարվում, և դա հստակ երևում էր հայերի աղքատ թաղից։ Չնայած հայերը աշխատասեր էին, անում էին հնարավոր ամենը, որպեսզի օտար հողում արարեն իրենցն ու հայկականը, սակայն քաբուլյան միջավայրում այդ ամենը պահելը բարդ էր։ Անգլիացի քարոզիչը մի հետաքրքիր պատմություն է պատմում անգլիացի զինվորների և հայոց եկեղեցու մասին.
«Հոկտեմբերի 3-ին, հայերի մի քանի երեխաներ մկրտելու համար, անգլիացոց բանակից, մի հազարապետի և երեք հարյուրապետի հետ, ուղիղ քաղաքը (Քաբուլ) գնացի։ Եկեղեցու մեջ բավականին ժողովուրդ էր հավաքված, և սեղանի մոտ մի մեծ ամանով տաք ջուր էր դրված։ Հոգևոր խորհուրդը կատարելուց հետո իմ ընկերները ցանկացան տեսնել եկեղեցու պատկերները, խաչերը և այլ անոթներ և հարցրին, արդյոք կարո՞ղ են տաճար մտնել։ Նրանց պատասխանեցին` թե կարող են, եթե իրենց սրերը կարձակեն և ցած կդնեն։
Օֆիցերները իրենց սրերը արձակելով, հանձնեցին Թիմուրին պահելու, և իրանք տաճարի մեջ մտնելով, սկսեցին եկեղեցու սպասներին նայել։ Տեսնելով, թե որ աստիճան հարգանք և սեր ունեին այդ մարդիկ դեպի աստծո տունը, ես շատ ուրախ եղա։ Եվ երբ հարցրի, թե Քաբուլի մեջ այդքան բռնություն և հարստահարություններ կրելով, այլևս ինչո՞ւ են մնում այդ քաղաքում, նրանք պատասխանեցին.
«Ա՜խ, մեր եկեղեցին ինչպե՞ս կարող ենք թողնել և գնալ»։ Մկրտության խորհուրդը կատարելուց հետո մեզ հրավիրեցին տուն, ուր հյուրասիրեցին մեզ թեյով և քաղցրավենիքով։ Այնտեղ ես տեսա Մարիամ և Սեկունդոս անունով երկու մանուկներին, որոնց 1839 թվին մկրտել էր մստեր Ֆիկոթը։ Թե այս մանուկները և թե նրանցից չափահասները գեղեցիկ դեմք և վայելուչ կազմվածք ունեին»։ (Հատվածը վերցված է Րաֆֆի, երկերի ժողովածու, հատոր 11 գրքից։ Երևան, 1991, էջ 319):
Անգլիացի քարոզիչը իր մտորումներում հստակ ընդգծում է, որ զարմացած է հայ մարդկանց ազնվության և իրենց հավատքի, եկեղեցու ու Քրիստոսի նկատմամբ հավատի ուժով։ Եվ սա՝ այն դեպքում, որ մարդիկ այդքան ամուր կառչած էին իրենց կրոնին օտարի հողում։ Պատահական չէ, որ ժամանակին Շահ Աբասը վստահ էր, որ հայերին օտար հողում կարող է ապրեցնել այն դեպքում, և հայկական ամենամեծ սրբությունը` Էջմիածնի եկեղեցին տեղափոխի այլ տեղ։ Իր հետագա հուշերում քարոզիչը հայերի աստվածապաշտության թեման ընդարձակելով՝ պատմում է 14-ամյա մի աստվածավախ երեխայի ողբերգական պատմությունը.
«Անցյալ աշնանը, երբ պատվելի Իմամ Շահը Քաբուլ քաղաքը այցելեց, հայերից մեկը, քոլերայից բռնվելով, մեռավ։ Հանգուցյալը 14 տարեկան մի առողջ պատանի էր Աբդոուլ-Մեսիմ անունով։ Պատվելի հովիվը հիշյալ պատանու մասին գրում է. «Քաբուլ հասած ժամանակս, այս պատանին մկրտվելու մեծ ցանկություն հայտնելով, նրան մի քանի ուրիշների հետ մկրտեցի։ Մկրտության շնորհը նրա վրա մեծ ազդեցություն գործեց։ Մկրտվելուց երկու շաբաթ հետո տիրոջ մարմնի հետ հաղորդվելու ցանկություն հայտնեց. Թեև ինքը դեռ բավական մանուկ էր, այսուամենայնիվ, հաղորդության խորհուրդը համառոտ կերպով բացատրելուց հետո, նրան մի քանի ուրիշների հետ հաղորդեցի։ Եկեղեցուց դուրս գալու ժամանակ նա ասաց. «Այժմ իմ փափագը կատարվեցավ, որովհետև համ մկրտվեցա, համ տիրոջ ընթրիքին մասնակից եղա»։ Պատանին իր սրտում այն աստիճան հույս և հավատ էր զգում, որ հանդերձյալ կյանքի խոստումները ավելի երանություն էին պատճառում նրան։ Հանկարծ, նույն գիշերը իր տունը հասնելուց հետո, քոլերայից բռնվելով, մյուս օրը վախճանվեցավ»։ (Նույն տեղում` էջ 320):
Հատկանշական է, որ նախորդ դարերում հայ մարդու աստվածապաշտության, սեփական հայրենիքի, մշակույթի ու արժեքների նկատմամբ անձնվիրաբար ծառայությունը աչք էր ծակում օտարների մոտ։ Նրանք այդ մասին գրում էին և իրենց զարմանքը հայտնում, որ աշխարհում կա նմանատիպ ազգ։ Ցավալիորեն այս ամենի մասին մենք միայն կարդում ենք, հիանում և ափսոսանք ապրում։ Որ երբեմնի հզոր, մշակութապես ու հավատքով հզոր ազգը այժմ շատ հեռու է կանգնած այդ սանդղակից։ Եվ սա՝ այն դեպքում, որ մենք այդպիսին էինք անգամ Քաբուլի նման բարդ քաղաքում։ Եվ այնպիսի բարդ ժամանակներում, երբ բացակայում էր հայոց պետականությունը։ Պետք է հավատով լինել ու հուսալ, որ հայ մարդու վերածնունդը, դեպի ազգային արժեքների վերադարձն ու հայկական պետության հզորացումը սարերի ետևում չէ։
Զ. Շուշեցի