
Հոգևոր պատերազմը. «Անաստված» թերթի հակաեկեղեցական և կեղծ պատմությունները

1928թ. փետրվարին Խորհրդային Հայաստանում պաշտոնապես հիմնադրվում է Հայկական «Անաստվածների միությունը»: Ստեղծվում է նաև «Անաստված» պաշտոնական ամսագիրը, որը տպագրվում է մինչև 1935 թվականը:
1928թ. ընթացքում Հայկական ԽՍՀ ողջ տարածքում՝ ձեռնարկություններում, գյուղական համայնքներում և ուսումնական հաստատություններում, ստեղծվեցին անաստվածների առաջին խմբակները։ 1929թ. երկրում առավել կոշտ բնույթ է ստանում հակակրոնական քաղաքականությունը։ Կրոնական համոզմունքները ժողովրդի շրջանում վերացնելու նպատակով կազմակերպում էին հակակրոնական թեմայով դասախոսություններ երկրի գրեթե բոլոր բնակավայրերում, հիմնարկ-ձեռնարկություններում, ակումբներում, դպրոցներում և բուհերում։
«Անաստված» ամսագրի էջերում հաճախ տպագրվում էին եկեղեցական տոների դեմ ուղղված կոչեր և կարգախոսներ: «Անաստված» թերթի հիմանական նպատակը Խորհրդային Հայաստանում կրոնի դեմ պայքարն էր, աթեիզմի պրոպագանդան, ինչպես նաև Էջմիածնի, Հայոց եկեղեցու նսեմացումը: Դրանով էր պայմանավորված, որ թերթում տպագրվում էին հայ գրողների աթեիստական ստեղծագործությունները, որոնք, բնականաբար, գրվում և տպագրվում էին պարտադրանքով: Այդ թեմային մի քանի անգամ առիթ ունեցել ենք անդրադառնալու:
Թերթի կարևոր բաժիններից էր եկեղեցու նսեմացումը, կեղծ պատմությունների ներկայացումը, որը ժողովրդի շրջանակներում տպավորություն էր ստեղծելու, թե «ինչ չարիք է իրենից ներկայացնում Հայ առաքելական եկեղեցին և հայ հոգևորականները»:
Թերթի գրեթե յուրաքանչյուր համարում ներկայացվում էին նմանատիպ կեղծ, շինծու պատմություններ: Հոդվածների մեծ մասն անանուն էին, մի շարք դեպքերում նկատում ենք նաև, որ տեղանունները փոխված են, գրված են սիմվոլիկ և հորինված տեղանուններ: Այդ գործընթացի հիմնական նպատակը հասարակության շրջանակներում եկեղեցու նկատմամբ վստահության անկումն էր:
Թերթի տարբեր համարներում կարդում ենք նմանատիպ կեղծ ու շինծու պատմություններ: Մասնավորապես, թերթի 1928 թվականի համարներից մեկում կարդում ենք.
«Մենք ունենք մի փոքրիկ գյուղ և մի մեծ եկեղեցի, այսինքն՝ իր դատարկությամբ և ամենօրյա պարապությամբ: Չեմ սխալվում, մեր գյուղը փոքրիկ է, բայց այդ փոքրիկության մեջ երբեմն լինում են «մեծ» գործեր՝ այլանդակության տեսակետից: Ուր որ եկեղեցի կա, այնտեղ կա լահանա, ներեցե՛ք, պիտի ասեի քահանա, իսկ ուր որ քահանա կա, այնտեղ պիտի լինի մի շանպոչ, ներեցե՛ք, պիտի ասեի ժամկոչ, իսկ ուր որ այդ երեքը կա, այնտեղ պիտի լինի նաև մի երեսփոխան: Ուրեմն, եկեղեցի, քահանա, ժամկոչ և երեսփոխան. Մենք այդ չորսից էլ ունենք: Մեր հերոսը 65 տարեկան է, օրվա մեջ 24 ժամը երկրպագում է Բագոսին, քահանայի համար մատաղացու և պտղի տուրքը հավաքողը. Դա եկեղեցու երեսփոխանն է: Նա ամեն ջանք թափում է, որպեսզի եկեղեցու մեռելատիպ մոմի լույսը բոլորովին չմարի:
Երեսփոխան ծերուկը մի գեղեցիկ օր, անցյալ հոկտեմբերի 2-ին… սիրահարվում է 48 տարեկան մի այրի կնոջ. Գործը մեծանում է և ընդարձակվում, մինչև իսկ հասնում է դպրոցի 1-ին խմբակի երեխաների ականջը:
Հիշյալ երեսփոխանը վաղուց ամուսնացած էր և ուներ 27 տարվա ստաժով կին: Մեր ծերուկ հերոսը իր 27 տարվա հալալ կնոջը թողնում է և առնում նոր «հարսնացու», հավատալով, որ այդ նոր կնոջից պիտի ունենա մի արու ժառանգ: Այս կատարվում է այն պայմաններում, երբ նախորդ կինը իրանից վարակված է լինում վեներական ախտով: Ասում են, թե՝ «բարի» երեսփոխանը մրջյունի վրա չի կոխի, մինչդեռ այդ քրիստոնյա երեսփոխանը իր 27 տարվա կնոջը վարակելուց հետո, պատրաստվում էր մի ուրիշին էլ իր զոհը դարձնել:
Երեսփոխանը հարսանիքն սկսելու էր, երբ մի բազմություն բարձր աղմուկ հանելով թափոր կապեց և շիտակ ուղղվեց դեպի հարսանքատուն, որտեղ ծայր տվին ծիծաղներ ու ծաղրանքներ երեսփոխան փեսի հասցեին և ահա միօրյա ամուսնությունը վիժեց: Դոխկուզ գյուղ: Սրատես»: («Անաստված», 1928, N 2):
Սակայն «Անաստված» թերթն այսքանով չի սահմանափակվում և սկսում է նաև քննադատել բոլոր այն քաղաքական, հասարակական կառույցներին, որոնք կապ ունեն, կամ ժամանակին աջակցել են Հայոց եկեղեցուն: Այդկերպ հակաեկեղեցական պրոպագանդայի սլաքներն ուղղվում են նաև եկեղեցուն աջակցած կառույցների ուղղությամբ: 1928 թվականի թերթի մեկ այլ համարում կարդում ենք նմանատիպ մեկ հոդված ևս.
«Դաշնակցությունն իր ամբողջ պատմության ընթացքում Էջմիածինն ու նրա հետ միասին ամբողջ կղերականությունը ունեցել է իբրև զորավիգ իր արկածախնդրական բովանդակ գործունեության համար: Հայ աշխատավորության գլխով անցած դառնությունների ու կոտորածների, ավերների ու թալանների և այդ ամենի հետ միասին տաճկահայ աշխատավորության բնաջնջման գործում հայ հոգևորականությունը, Էջմիածինն իր կաթողիկոսով մնում են դաշնակցության հետ միասին հավասարապես պատասխանատու: Այդ սև գործը կատարեց հոգևորականությունը, երբ նա իր ներկայացուցիչների միջոցով կազմակերպեց կամավորական շարժումը և խաչ ու խաչվառով սրբագործեց այն ավանտյուրան, որը հայտնի է՝ կամավորական շարժում իր հետևանքներով»: («Անաստված», 1928, N 3):
Թերթի էջերում հակակրոնական քարոզչությունը ձեռք էր բերում բացահայտ ագրեսիվ բնույթ՝ ուղղված ոչ միայն եկեղեցու, այլև նրա հետևորդների, հոգևորականության և նույնիսկ ազգային ավանդույթների դեմ։ Հոդվածների մեծ մասը գրված էին կեղծ պատմությունների, ծաղրանկարային կերպարների և հորինված դեպքերի հիման վրա, որոնց նպատակն էր ժողովրդական գիտակցության մեջ ձևավորել Հայոց եկեղեցու նկատմամբ անվստահություն և արհամարհանք։
Այդպիսով, մամուլը դառնում էր ոչ թե տեղեկատու, այլ գաղափարական զենք՝ կրոնի դեմ քարոզչական պատերազմում:
Ցավալիորեն նույն պատկերը տեսնում ենք մոտ 100 տարի անց, հիմա, մեր օրերում, սակայն այս դեպքում հակակրոնական և հակաեկեղեցական քարոզն իրականացնում է «հայը»:
Զ. Շուշեցի