«Պետք է հասկանանք, թե կոնկրետ ո՛ր տարածքների և ինչպիսի նշանակություն ունեցող հատվածի մասին է խոսքը». փորձագետը՝ Երասխում հայելային հետքաշման մասին
Մարտի 24-ին Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ադրբեջանական կողմին առաջարկել են՝ Երասխի հատվածում զորքերը երկուստեք հայելային հետ քաշեն։
«Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային hետքաշման առաջարկով` որպես hետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:
Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական hետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային hետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք hետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք hետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- իր խոսքում ասել էր Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 27-ին Նիկոլ Փաշինյանը նույն առաջարկով հանդես եկավ արդեն Սյունիքի մարզի վերաբերյալ, թշնամուն առաջարկելով հայելային հետ քաշել զորքերը, սա էլ այն դեպքում, երբ նույն թվականի մայիսի 12-ից թշնամու զինված ուժերի ներկայացուցիչները ներխուժել էին ՀՀ սուվերեն տարածք և ամրացել զբաղեցրած դիրքերում։
168.am–ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն անդրադառնալով Երասխում զորքերի հայելային հետքաշման վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի առաջարկին՝ ասաց, որ այն երկու ուղերձ ունի։
«Առաջին մեսիջն այն էր, որ ամեն դեպքում Հայաստանը չի առարկում, որ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում դիրքեր կան։ Երկրորդը՝ Հայաստանը, այնուամենայնիվ, պատրաստ է հարցի խաղաղ հանգուցալուծման, որի համար, ցավոք, դիտարկում է զորքերի հայելային հետքաշումը։ Այստեղ չպետք է մոռանանք, թե ինչ արդյունք ունեցավ Արցախում զորքի հայելային հետքաշումը Փառուխում և Խրամորթում։ Այստեղ մենք պետք է հասկանանք, թե կոնկրետ ո՛ր տարածքների մասին է խոսքը, կոնկրետ ինչպիսի նշանակություն ունեցող հատվածի մասին է խոսքը։ Միայն այդ ամենը իմանալուց հետո կկարողանանք պատկերացում կազմել։ Ես գիտեմ՝ որ տարածքների մասին է խոսքը, բայց քանի որ հրապարակային դրա մասին չեն ասում՝ զերծ կմնամ հայտնել»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։
Հարցին՝ հայկական կողմը խոսում է հայելային հետքաշման մասին, իսկ Ադրբեջանն առաջ է գալիս, հայկական կողմը խոսում է խաղաղության մասին, Ադրբեջանը կրակում է, ի վերջո, համարժեք պատասխան ինչո՞ւ չի տրվում թշնամուն, Կարեն Հովհաննիսյանը պատասխանեց, որ համարժեք քայլեր պետք է լինի երկու տեսանկյունից՝ ուժեղացվի միջազգային ասպարեզում դիվանագիտական ճնշումներն Ադրբեջանի վրա և բացահայտ գնալ ռազմաքաղաքական ճանապարհով։
«Ադրբեջանն այսօր մտածում է, որ Հայաստանը ռազմաքաղաքական առումով թուլացել է, և ինքը կարող է կատարել իր բոլոր պահանջները, մինչդեռ պատերազմի ժամանակ Ադրբեջանը ռազմական առումով բավականին թուլացել է։ Հետևաբար, խաղաղությունից խոսելն այլևս չպետք է լինի միայն հայկական կողմի «մենաշնորհը», դրա մասին պետք է խոսի նաև Ադրբեջանը»,- եզրափակեց Կարեն Հովհաննիսյանը։