Երասխից ադրբեջանական զորքի հետքաշման վերաբերյալ առաջարկ ենք տվել. սպասում ենք Ադրբեջանի արձագանքին. Նիկոլ Փաշինյան
«Իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում լարված է, և մենք մեզ պատասխանատու ենք համարում այդ լարվածությունը նվազեցնելու և հիմնարար լուծումներ գտնելու հարցում: Այս առումով մենք, այո, կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները պետք է սկսել օր առաջ»,- Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սահմանին անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնող քայլերին զուգահեռ՝ Փաշինյանը նաև շեշտեց սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքներն արագացնելու անհրաժեշտությունը:
«Գիտեք, իհարկե, որ մենք հանդես ենք եկել սահմանից զորքերի հայելային hետքաշման առաջարկով` որպես hետքաշման կողմնորոշիչ նկատի ունենալով խորհրդային ժամանակների Հայաստանի և Ադրբեջանի դե յուրե հաստատված սահմանագիծը:
Բայց ուզում եմ իմանաք, որ բացի ամբողջական hետքաշումից, մենք հանդես ենք եկել նաև տեղային hետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք hետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք hետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին:
Ի դեպ, վերջին մի քանի իրադարձություններից հետո մենք այդպես էլ չհասկացանք՝ Ադրբեջանն ուզո՞ւմ է տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, թե՞ ոչ: Եթե ուզում է, մեր առաջարկները շարունակում են ուժի մեջ մնալ, և մենք պատրաստ ենք դրանց իրագործմանն անցնել ցանկացած պահի՝ բառացիորեն ցանկացած պահի: Հայկական խաչմերուկ նախագծի մասին մի քանի անգամ ասել եմ, հիմա մանրամասնելու կարիք չեմ տեսնում»,- հավելեց գործադիրի ղեկավարը: