«Արմենին ասում էին՝ «Ջաբրայիլի գազան»․ 28-ամյա սպան իր խոստման տերն է եղել, բոլոր զինվորները վերադարձել են

«Դավա՜յ․․․ կամանդիրն ա․․․»,- այս խոսքերը հնչել են 2020 թվականի պատերազմի օրերին՝ Ջաբրայիլում, երբ  28-ամյա ավագ լեյտենանտ Արմեն Գրիգորյանն իր զինվորների հետ հրետանուց կրակ էր արձակում և ոչնչացնում թշնամուն։

Արմենը ծնունդով Սիսիանից էր, դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել էր Երևան, ընդունվել  Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ավարտելուց հետո մեկնել ծառայության։

Արմենի մայրը՝ Մարգարիտ Քարամյանը, 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ զինկոմիսարիատից որդուն և նրա համալսարանական 2 ընկերներին առաջարկել են 1 տարի ծառայել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, այնուհետև որպես սպա՝ 2 տարով ծառայության անցնել  Զինված ուժերում։ Հենց այդպես էլ եղավ, ռազմական համալսարանն ավարտելուց արդեն լեյտենանտ Արմեն Գրիգորյանը ծառայության անցավ Մեխակավանում (Ջաբրայիլ)։

2016 թվականին Արմենն իր զինվորների հետ քաջաբար կռվել է թշնամու դեմ, ու ինչպես մայրն է հիշում հպարտությամբ ասում էր, որ իր զինվորներից ոչ մեկը չի զոհվել.

«Առավոտյան շուտ իրենք այդ լուրը լսել էին, իր բնավորության համաձայն՝ չի տրտնջացել, միշտ ասել է՝ մամա, լավ է լինելու, մենք հաղթելու ենք, ու նույն ոգով էլ շարունակում էր զինվորների հետ: Զանգում ասում էր՝ մամա, Աստված կա, զինվորի մազը չի ծռվել, մամա, չես պատկերացնի, զինվորներիս համար ես դողում եմ․․․ Զինվորների համար դողում էր ինքը»:

Արմենը 2 տարի Մեխակավանում ծառայելուց հետո աշխատանքի էր անցել Սիսիանի զորամասում, զուգահեռ նաև ընդունվել էր Խաչատուր Աբովյանի մանկավարժական համալսարան։ Ուզում էր տնտեսագետ դառնալ։

2020 թվականի աշնանը սկսված պատերազմը, սակայն, ամեն ինչ փոխեց․․․ Հոկտեմբերի 1-ին արդեն ավագ լեյտենանատ Արմենն իր 34 զինվորների հետ Սիսիանից մեկնեց ռազմաճակատ՝ կրկին Ջաբրայիլ.

«Ամեն օր զանգում էր, ասում էր՝ մամա, ստեղ մորթոցի է, գալիս են այդ թուրքերը, անընդհատ ասում էր՝ 20 միավոր եմ խփել, 30 միավոր եմ խփել, ես էլ չէի հասկանում, թե այդ միավորն ի՞նչ է։ Շատ ոգևորված էր, մտքով երբեք չի անցել, որ կարող է պարտվեն, միշտ «Առաջ Հայաստան» նշանաբանով զինվորներին ոգևորում էր»:

Արմենը վերջին անգամ հոկտեմբերի 14-ի առավոտյան էր ծնողներին զանգել, հետաքրքրվել հոր առողջական վիճակով, վստահեցրել, որ ամեն բան լավ է լինելու․

«Մեզ ասել է՝ դուք ձեզ լավ նայեք, ես լավ եմ, շուտով կգամ, լավ է լինելու, ախպոր բալիկից է հարցրել․․․ Ասում էր՝ մամա, ինձ ստեղ ասում են Ջաբրայիլի գազանը։ Ասում էի՝ Արմեն ջան, զգույշ եղիր, պատասխանում էր՝ չէ, մամա, լավ ա լինելու»:

Այս հեռախոսազրույցից ժամեր անց՝ հոկտեմբերի 14-ի գիշերը, Արմենը մարտական դիրքում հերոսաբար զոհվում է։ Հարազատները հոկտեմբերի 16-ից Հայաստանի բոլոր հիվանդանոցներում և դիահերձարաններում սկսել են փնտրել Արմենի մարմինը և միայն նրա զոհվելուց 2 ամիս անց են գտել:

«Մեզ խաբում էին, ասում էին՝ մարմինը բերել են, բայց իրականում Արմենին դաշտից չէին հանել։ Դեկտեմբերի 20-ին Կարմիր խաչի միջոցով Ջաբրայիլից բերում են Ստեփանակերտ, նոր մեծ տղաս գնում, ճանաչում է»,- պատմեց տիկին Մարգարիտը։

Եղբայրն Արմենին ճանաչել է հագուստից և մարմնի մի քանի նշաններից։ Զոհված սպայի մայրն ասաց՝ ճիշտ է, վստահ էին, որ իրենց որդու մարմինն էր, բայց ԴՆԹ թեստ էին հանձնել և Արմենի հուղարկավորությունից ուղիղ 1 ամիս անց ԴՆԹ-ով էլ էր հաստատվել, որ Արմենն է եղել։

Տիկին Մարգարիտն ասաց, որ հպարտություն է զգում, երբ ամեն անգամ Արմենի զինվորները հյուր են գնում իրեն, պատմում որդու սխրանքների մասին, որ իր կյանքի գնով փրկել է իր զինվորներին և ոչ մի զոհ չի տվել․

«Նույնիսկ Ջաբրայիլից եկողներ էին եղել, որ ասում էին՝ Արմենին ասում էին՝ «Ջաբրայիլի գազան», չէր վախենում, անվախ էր, և դա հույս էր տալիս զինվորներին, որ իրենք ավելի վստահ լինեն իրենց նկատմամբ։ Վերջերս զինվորներից մեկն այցելեց մեր տուն, ասաց՝ Արմենն իր խոստման տերը եղավ, մենք բոլորս վերադարձել ենք․ իր ուրախ ժպիտը, պատրաստվածությունը, կազմակերպվածությունը մեզ հույս էր ներշնչում․․»։

Տիկին Մարգարիտը հիշում է որդու հետ անցկացրած ուրախ օրերը, դրանցից մեկն էլ Շուշիում էր՝  2009 թվականին։ Պատմեց, որ որդին համալսարան ընդունվելու տարում Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում էր մկրտվել, ապա ցավով ասաց․

«Հիմա ո՛չ Արմենս կա, ո՛չ էլ Շուշին․․․»։

Արմեն Գրիգորյանը հուղարկավորվել է Եռաբլուր զինվորական պանթեոնում։

Տեսանյութեր

Լրահոս