««Լուսավոր Հայաստանը» քաղաքականացրեց Ռոբերտ Քոչարյանի գործը». Գոհար Մելոյան

«Ես շնորհավում եմ  իշխող ուժին, նրանք հասան իրենց բաղձալի նպատակին, և այժմ մենք Սահմանադրական դատարանում ունենք սահմանադրական ճգնաժամ»։ Այսօր 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Սա ակնհայտ սահմանադրական հեղաշրջում է, մենք ականատես եղանք հունիսի 22-ին մի շարք աներևակայելի հակաիրավական գործընթացների, որոնք տեղի ունեցան օրենսդիր մարմնում»,- ասաց Մելոյանը՝ նշելով, որ երկրում մեկ օրվա մեջ Սահմանադրություն փոխելով և այն Սահմանադրական դատարան չուղարկելով՝ իշխող ուժը ոտնահարեց նույն Սահմանադրությունը։

Ըստ Մելոյանի՝ այս հարցում իշխանությունն ուներ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության երաշխավոր հանդիսացող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի աջակցության միջոցով։

«Նախնական վերահսկողություն էր տրված Սահմանադրական դատարանին, որպեսզի այդ մարմինը ստուգեր նախապես կատարված փոփոխությունների սահմանադրականության հարցը, նման վերահսկողություն ուներ նախագահը, նախագահը սահմանադրական կարգի պահապանն է, հետևապես պետք է իրավական ակտերը ընդունվելուց հետո ուղարկվեն նախագահին, որ ստորագրի։ Այս ամենը հսկող և հակակշռող մեխանիզմներ են, իսկ Ազգային ժողովը միանձնյա կերպով բարձրագույն օրենքում կատարեց պառլամենտարիզմի սկզբունքներին հակասող փոփոխություն»,- ասաց նա։

Ըստ Մելոյանի՝ չնայած զսպումների և հակակշիռների անհրաժեշտությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը կայացրել է իշխանահաճո որոշումներ, և նախագահի քայլերից ակնհայտ է դառնում, որ տեղի ունեցածը փոխհամաձայնեցված էր։

«Նախագահի քայլերից ակնհայտ է, որ այո՛, կա փոխհամաձայնություն, և նախագահի ինստիտուտի կողմից իշխանահաճո դիրքորոշում է կայացվում և գործողություններ իրականացվում։ Հուսով եմ, պատմությունը հետագայում կբացատրի նրա գործողությունների հիմնավորումները և անգործությունը։ Շրջանառվում է կարծիք, որ պատճառը նրա՝ նախագահ լինելու իրավական հիմքերի հետ է կապված։ Հնարավոր է՝ կոնկրետ այլ նպատակ էլ կա, բայց փաստ է, որ նախագահը ձեռնպահ է մնում կոնկրետ իրավիճակներում կոնկրետ իր լիազորությունների կատարումով»,- ասաց Մելոյանը։

Անդրադառնալով ԲՀԿ-ի նախաձեռությամբ ՍԴ մուտքագրված դիմումին և պատգամավորների թվի մասին առկա տարակարծություններին՝ Մելոյանը նկատեց, որ երեսպաշտությունը սահմաններ չունի, որովհետև, երբ իշխող ուժը Սահմանադրական նորմեր է ոտնահարում, բայց կառչում է ինչ-որ թվաբանությունից, այն էլ այնպիսի, որը անգամ տարրական դասարանի աշակերտին է հայտնի։

«26 պատգամավորի ստոագրությամբ դիմումի մուտքագրման հետ կապված ես կսպասեմ Սահմանադրական դատարանի հիմնավորմանը։ Իսկ ինչ վերաբերում է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի այն պնդմանը, թե այդ թվի հետ կապված մեկնաբանությունները աբսուրդ են, ապա պետք է նշեմ, որ և՛ նախարարը, և՛ մի շարք այլ պաշտոնյաներ իրենց իրավունք են վերապահում տարբեր իրավանորմերի հետ կապված անել մեկնաբանություններ, որոնք, սակայն, պարտադիր ուժ չունեն, որևէ նորմով հաստատված չէ, որ հենց իրենք են այդ մարմինները, որոնք պետք է այդ իրավական նորմերը մեկնաբանեն։ Ինձ համար մասնագիտական տեսանկյունից արժեզրկվել են այդ մարդիկ, որովհետև այն ուժի ներկայացուցիչը, որը նման խայտառակ նախագիծ է բերում և խախտումներով այն ընդունում, իրավունք չունի ինչ-որ քննադատական խոսքով հանդես գալու մասնագիտական տեսանկյունից»,- ասաց սահմանադրագետը։

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պահվածքին՝ Գոհար Մելոյանը նշեց, որ այդ խմբակցությունը, ընդունելով հանդերձ, որ Սահմանադրության դրույթներ են խախտվել, չդիմեց Սահմանադրական դատարան՝ իր բերած պատճառաբանություններով քաղաքականացնելով Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։

«Պատկերացրեք զավեշտի աստիճանը, ընդդիմադիր խմբակցությունը հրաժարվեց իրականացնել իր սահմանադրական լիազորությունները՝ քաղաքականացնելով Ռոբերտ Քոչարյանի գործը»,- ասաց նա։

Մելոյանը նաև նկատեց, որ քաղաքական մեծամասնությունը՝ կատարած սահմանադրական փոփոխություններով, երկիրը կանգնեցրել է իրավական կազուսի առաջ, և պետք է սպասենք իրար հաջորդող իրավական ճգնաժամերի։

Հարցազույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս