Վայոց ձորում ծեծի ենթարկված սպայի գործով քննիչի գործողությունները կբողոքարկվեն. փաստաբան
2019-ի սեպտեմբերին Վայոց ձորում ծեծի ենթարկված ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանի գործով քննիչի գործողությունների դեմ տուժողի փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը բողոք է ներկայացնելու Դատախազություն: Բանն այն է, որ սպային ծեծելու գործով մեղադրվողներից մեկի՝ Հարություն Գրիգորյանի գործն անջատվել է ընդհանուր գործից, նախաքննությունն ավարտել են և ուղարկել Դատախազություն:
Հիշեցնենք՝ գործով մեղադրանք է առաջադրված երկու եղբայրների՝ Հարություն և Զավեն Գրիգորյաններին, Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու հատկանիշներով:
Մեր հարցին, թե ինչո՞ւ է որոշվել գործը երկու մասի բաժանել, փաստաբանը պատասխանեց.
«Քրեական գործի նյութերը կստանանք երկուշաբթի, կծանոթանանք, կիմանանք նաև այդ հարցի պատասխանը: Ամեն դեպքում նախաքննական մարմինը գտել է, որ ապացույցները բավարար չեն Զավեն Գրիգորյանի և քննությամբ դեռևս չպարզված անձանց մասով գործը դատարան ուղարկելու համար, այդ պատճառով առանձնացրել են առանձին վարույթում: Տուժող կողմը՝ մենք, այդ թվում նաև ես՝ որպես ներկայացուցիչ, գտնում եմ, որ ապացույցները բավարար էին, և գործը պետք է միասին ուղարկվի դատարան, ինչի համար էլ կբողոքարկեմ»,- ասաց փաստաբան Ռաֆայել Ամիրխանյանը:
Փաստաբանը նաև ասաց, որ սպայի առողջական վիճակում որևէ դրական տեղաշարժ չի նկատվում:
Հիշեցնենք՝ 2019-ի սեպտեմբերի 17-ի գիշերը Վայոց ձորում տեղի էր ունեցել ծեծկռտուք, ինչի հետևանքով ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանն արդեն մոտ 10 ամիս գտնվում է կոմայի մեջ: Քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի նախկին օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը: Հարություն Գրիգորյանը այժմ կալանքի տակ է, իսկ Զավեն Գրիգորյանը մարտի 6-ին Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի դիմաց ազատ արձակվեց: Երկու եղբայրներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում:
Դեպքի հետ կապվում է նաև Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի անունը: Դեպքին ներկա եղած սպաները ցուցմունք էին տվել, որ նա ներկա է եղել և անգործություն է դրսևորել, նրանք իրենց ցուցմունքները պնդել էին նաև առերես հարցաքննության ժամանակ: Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախկին մարզպետը 2019-ի սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել: Չնայած դրան, միջադեպից մեկ շաբաթ անց Տրդատ Սարգսյանը հրաժարական տվեց Վայոց ձորի մարզպետի պաշտոնից։