Նիկոլի «պասերով» խաղը

Անցնող շաբաթվա ՀՀ ներքաղաքական առանցքի հիմքում ՍԴ-ի շուրջ ընթացող զարգացումներն էին, բոլորս տեսանք, թե ինչպես Հայաստանում տեղի ունեցավ բառացիորեն սահմանադրական հեղաշրջում, որն իրականացվեց իշխող ուժի կողմից։ Նիկոլ Փաշինյանը, հասկանալով, որ հանրաքվեն այլևս անհնար է, գնաց հերթական անբովանդակ ու իրավազուրկ գործողությանը՝ սեփական խմբակցությանը պարտադրեց սահմանադրական կարգ տապալել խորհրդարանում։

Նախօրեին արդեն նա իր հերթական ելույթով գծեց հերթական սահմանագծերը՝ հստակ թիրախավորելով քաղաքական դաշտում գործող բոլոր ուժերին (ԼՀԿ-ի հետ սիրախաղի ֆոնին Փաշինյանի քննադատությունը նկատելիորեն պակասել է)։ Ակնհայտորեն ականատես դարձանք, թե ինչպես  գործադիր մարմնի ղեկավարն իրեն հռչակելով միապետ՝ սկսեց երկրի սահմանադրական կարգի տապալման գործընթացի լեգիտիմացումը։

Իհարկե, հայտնի է այն, որ վարչապետի կողմից ԱԺ ամբիոնը տարբեր տիպի հայհոյանքների ու անբռնազբոս հայտարարությունների համար չէ։ Այդ շեշտադրումները գուցե կտեղավորվեին ընդդիմադիր պատգամավոր Փաշինյանի ելույթներում, բայց ոչ՝ վարչապետ Փաշինյանի։ Նիկոլ Փաշինյանի ելույթը նայելով՝ հետո բախվում ենք այն պարզ ճշմարտության հետ, որ մարդն ինքն իրեն նույնականացրել է անդեմ և անմեկնելի ժողովուրդ գաղափարի հետ, որն ինքնահռչակվել է՝ որպես բարձրագույն ճշմարտություն, և որոշել է, որ իր կամքն անքննելի է և բացարձակ:

Փաշինյանի ելույթից ակնհայտ էր, որ նա մնացել է 2018թ. էյֆորիայի մեջ, իսկ հանրային տրամադրությունները ներկայումս այն չեն, ինչպիսին կային երկու տարի առաջ։

Գործող իշխանությունը հանդես է գալիս լիբերալ հռետորաբանությամբ, խոսում է «ժողովրդի» անունից, սակայն գործողությունները, միևնույն ժամանակ, հակաժողովրդական են ու լի սպառնալիքներով այլակարծության հանդեպ՝ դատարանները թիրախի տակ են, ընդդիմադիրները հայտարարվում են «վիրուսներ», որոնք պետք է «ոչնչացվեն», և այլն։

Իշխանությունները գնացել են իրենց նախանշած, իրենց համար ընդունելի ճանապարհով՝ առանց հաշվի առնելու օրենսդրական կարգավորումները, և դրսևորել են բացարձակ իրավական անգրագիտություն։ Փաստ է այն, որ իշխանությունները երկրի առջև ծառացած կարևոր խնդիրների լուծմամբ զբաղվելու փոխարեն՝ զբաղված են «հասարակության ներսում առկա լարումներն ավելի խորացնելով»։

Այս ամենը Հայստանում ստեղծված բարոյահոգեբանական անտանելի մթնոլորտի, երկրում ինստիտուցիոնալ հիմքերի գիտակցված և ուղղորդվող արժեզրկման, նսեմացման, ի վերջո՝ պետականության հիմքերի խարխլման հետևանք է:

Դրա վառ դրսևորման առաջին մեսիջը եկավ Ադրբեջանից։

Նիկոլ Փաշինյանի թեթև ձեռամբ երկու տարվա ընթացքում ոչ միայն արժեզրկվեցին ու գետնին հավասարեցվեցին պետությունն ու ագային արժեհամակարգերը, այլև պետության միջազգային վարկանիշը, այլապես մեր արևելյան հարևանի գլխավոր խանն իրեն թույլ չէր տա անել այնպիսի մի արտահայտություն, որ՝ «Անկախ Հայաստանի նորագույն պատմությունը դա ամոթի պատմություն է»։

Ալիևի նման կարգի հոխորտանքի անուղղակի կնքահայրը, իհարկե, Փաշինյանն է, ով, միջազգային բոլոր հարթակներից բացի, իր «թավշյա, ոչ բռնի» իշխանազավթումը ներկայացնում էր՝ որպես ՀՀ ազգի դարավոր ձգտում ու դարերից եկող մի փափագ։ Նմանօրինակ ելույթներ Փաշինյանն ունեցավ մի շարք միջազգային հարթակներից, իսկ Ալիևի համար դա շքեղ փաթեթավորմամբ մի ընծա է, որն այսօր օգտագործվում է ՀՀ-ի դեմ։

Սա պետական դավաճանության բացահայտ դրսևորում է, որն արվում է այսօրվա հայաստանյան իշխանությունների կողմից։ Այլապես իր հայտարարության մեջ նա չէր նշի, որ «ՀՀ 1998-2018թթ․ բռնազավթված է եղել, իսկ այդ ժամանակահատվածի ՀՀ նախագահները կամ կալանավորված են, կամ քրեական գործեր է հարուցված»։

Համաձայնեք, որ այսօր հաճախ հայ քաղաքական դաշտում լսում ենք նույնաբովանդակ հայտարարություններ, և դրանք կիրառողները փորձում են խոսել պետությունից ու ազգից, այնինչ օրը ցերեկով ջուր են լցնում Ալիևի ջրաղացին։

Ապացուցման կարիք չունի այն, որ Փաշինյանի կառավարման ամեն օրը ՀՀ պետականությունը հետ է գցում մի քանի տարով, և նրա ներկայությունը պետական համակարգում լուրջ  սպառնալիք է առաջացնում․ ահա հենց այստեղ է, որ առաջին պլան է գալիս ու դառնում առաջնային այն փաստը, որ քաղաքական դաշտում գործող առողջ ու կառուցողական ուժերի կոնսոլիդացիային այլընտրանք չկա։

Արմեն Հովասափյան

Տեսանյութեր

Լրահոս