Համավարակի հետևանքով աշխատանքը կորցրած անձանց զբաղվածությունն ապահովող գործատուին պետությունը կխրախուսի 250-300 հազար դրամով
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվեց և ընդունվեց Կառավարության ներկայացրած նախագիծը՝ «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ:
Ըստ նախագծի՝ փոխհատուցում է նախատեսվում այն գործատուներին, որոնք կորոնավիրուսի պայմաններում գործազուրկ դարձած քաղաքացուն կապահովեն աշխատանքով:
Հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ գործազուրկ դարձած քաղաքացուն աշխատանքի ընդունած գործատուին պետությունը կփոխհատուցի 250-300 հազար դրամով:
«Սա խրախուսական միջոց է, որպեսզի աշխատանքը կորցրած մարդուն, որն այս ընթացքում է դարձել գործազուրկ, ընդունեն աշխատանքի: Այս փոփոխությունը կատարվել է Կառավարության այն որոշման մեջ, որտեղ կար նման կարգավորում՝ մրցունակ անձանց գործի ընդունելու հետ կապված, այնտեղ գումարը նախատեսված էր 50-250 հազար դրամ: Այս գումարը ևս ավելացվել է՝ 200-350 հազար դրամի չափով է նախատեսված»,- պարզաբանեց Նարեկ Զեյնալյանը: