«Ես դեմ եմ, որ ավանդականը փոխարինեն չփորձարկված ինտենսիվով, որը չգիտենք, թե քանի տարի բերք կտա»․ Աշոտ Հարությունյան
Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը 168․am-ի հետ զրույցում ասաց, որ այսօր չի կարողացել հետևել կառավարության նիստին, որի ընթացքում քննարկվել են նաև գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, քանի որ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ է եղել խորհրդարանում, բայց մասնագիտական գնահատական կարող է տալ։
«Ինտենսիվ՝ նշանակում է, որ մեկ հեկտարի վրա ավելի շատ տնկիներ կան, քան ավանդականի դեպքում՝ ելնելով ծառի սնման մակերեսից։ Մեր ավանդական ծիրանի սորտերը մենք այս պահին չենք կարողանում ինտենսիվ աճեցնել։ Ավանդական ծիրանի բերքը լինում է 5-րդ տարվանից, արդյունաբերական բերքը՝ 7-8-րդ տարվանից, և քանի գնում՝ ավելանում է։ Ավանդական ծիրանենիները շատ երկար՝ մինչև 45 տարի աճում, բերք են տալիս։ Դա փորձված է։ Իսկ նորագույն տեխնոլոգիաների վրա հիմնված ինտենսիվ, նոր սորտերը, որոնք հիմնականում Եվրոպայից են բերվում, դրանց երկարակեցության չափը մեր հանրապետությունում չգիտեմ՝ ինչքան է։ Առավելությունը դրա այն է, որ միավոր տարածքի վրա շատ տնկիներ են տնկվում, և բերքատվության շուտ են մտնում։ Համային հատկանիշներով՝ իմ մասնագիտական կարծիքով՝ այն զիջում է մեր ավանդական տեսակներին, ուղղակի աշխատանքներ են տարվում, որ պատվաստակալների վրա պատվաստվեն մեր տեղական ավանդական սորտերը, բայց չեմ կարող ասել՝ դրանք երկար բերքատվություն ունե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Աշոտ Հարությունյանը։
Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստին Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը որոշ փոփոխությունների կենթարկվի, և նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ավանդական այգիներ հիմնելու համար տրամադրվող վարկի գումարի վերին շեմը կբարձրանա մինչև 50 մլն դրամ: Դրանից հետո քննարկում ծավալվեց էկոնոմիկայի նախարարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև։ Տիգրան Ավինյանն ասել էր, որ նույն ծիրանի մասով գոյություն ունեն այնպիսի տնկիներ, որոնք ինտենսիվ այգիներում երկու տարվա ընթացքում շատ բերք են տալիս․
«Հիմա, եթե մենք ուզում ենք ֆինանսավորենք, որ 4 տարի սպասեն բերքին, ապա դա պետք է բացատրել, որովհետև կա ինտենսիվ այգիների տարբերակը, ավանդական այգիներին ֆինանսավորելն անիմաստ է, որովհետև ստացվում է՝ ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց ֆինանսավորում ենք զապորոժեցները»։ Իսկ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ փորձել է եվրոպական երկրներում և Հայաստանում աճեցրած ծիրանը, և ավանդական այգիներում աճեցված ծիրանն իր համով միանշանակ տարբերվում է: «Ես համարում եմ, որ ավանդական սորտերն աճեցնելուն աջակցելը միանշանակ ճիշտ է»,- ասաց վարչապետը:
168․am-ին Աշոտ Հարությունյանն ասաց, որ լինի ծիրան թե խաղող, մենք ունենք փորձարկման խնդիր․ «Այսօր հանրապետությունում խաղողի գծով ունենք ֆիլոքսերա վնասատուի վնասներ, մենք այն ժամանակ ծրագիր ունեինք, որ պետք է ֆիլոքսերադիմացկուն պատվաստակալներ ներկրվեն հանրապետություն՝ նրա վրա պատվաստվի մեր տեղական խաղողի լավագույն գինու, կոնյակի և սեղանի սորտերը։ Այդտեղ էլ մենք խնդիր ունենք՝ արդյո՞ք ինքը կպահպանի իր կենսաբանական առանձնահատկությունները, ավանդական, համային հատկանիշները։ Մարդիկ ուզում են հետ գնալ մեր տեղական սորտերին, քանի որ դրանց համն ուրիշ է, լինի դա լոլիկ, պղպեղ թե մրգեր։ Այդ առումով՝ ես ասում եմ՝ պետք է ավանդականը պահպանվի։
Իսկ նորագույն տեխնոլոգիաներով, բիզնես նպատակներով, եթե մարդիկ կան, որ զգում են, որ այդ ինտենսիվ, նորագույն տեխնոլոգիաներով ծիրանենիների բերքը շուկայում կիրացվի, դա արդեն իրենց խնդիրն է։ Որպես պետական քաղաքականություն՝ ես դեմ եմ, որ ավանդականը փոխարինեն չփորձարկված ինտենսիվով, որը չգիտենք, թե քանի տարի բերք կտա։ Լավ, եթե, Աստված մի արասցե, բա որ երրորդ տարվանից սկսեց բերք տալ, բայց 8-րդ տարում չտա՞։ Փորձարկված չէ, մեր կլիմայական պայմանները բավականին տարբերվում են այլ երկրներից»։