«Ավինյանին որոշ հարցերում գաղափարակից եմ, բայց տեղին չէր նրա միջամտությունը»․ Հրաչ Բերբերյան
Կառավարության այսօրվա նիստում էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը որոշ փոփոխությունների կենթարկվի, և նպատակային նոր ուղղությունների՝ տավարաբուծության, ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման, ավանդական այգիներ հիմնելու համար տրամադրվող վարկի գումարի վերին շեմը կբարձրանա մինչև 50 մլն դրամ: Դրանից հետո քննարկում ծավալվեց էկոնոմիկայի նախարարի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջև։
«Նախ՝ զարմանալի էր, որ երեքն էլ այդպես վիզ դրած՝ գյուղատնտեսության հարց էին քննարկում։ Համենայնդեպս, և՛ Ավինյանն էր ճիշտ ասում, և՛ նախարարը, որովհետև ինչքան հասկացա՝ նախարարն ուղղորդվել էր շուկայի պահանջարկով։ Բայց նաև մնացի զարմացած, որ չասացին՝ հայկական ծիրան, այլ ասացին՝ ավանդական։ Երեքից ոչ մեկն էլ այդ մասին չխոսեց»,- 168․am-ի հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։
Նա նշեց, որ ծիրանի երևանյան, Մասիսի սորտը, և այլն, շուկայում հաջողված են և մեծ արժեք ունեն․ «Նույնը՝ դեղձի հետ կապված, օրինակ՝ նարինջ տեսակը եվրոպական երկրներում էլ կա, բայց դա չի նշանակում, որ դրանք նույն համային և հոտային հատկություններն ունեն»։
Կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանն ասել էր, որ նույն ծիրանի մասով գոյություն ունեն այնպիսի տնկիներ, որոնք ինտենսիվ այգիներում երկու տարվա ընթացքում շատ բերք են տալիս․
«Հիմա, եթե մենք ուզում ենք ֆինանսավորենք, որ 4 տարի սպասեն բերքին, ապա դա պետք է բացատրել, որովհետև կա ինտենսիվ այգիների տարբերակը, ավանդական այգիներին ֆինանսավորելն անիմաստ է, որովհետև ստացվում է՝ ունենք նոր տեսակի մեքենաներ, բայց ֆինանսավորում ենք զապորոժեցները»։
Հրաչ Բերբերյանը նկատեց․ «Ավինյանը ճիշտ է ասում, բայց նրան խորհուրդ կտամ իմ հոդվածները լավ կարդալ, որովհետև ինտենսիվ տեսակներ են լինում, ոչ թե այգիներ։ Ինտենսիվ տեսակները հիբրիդներ են, որոնք արագ մտնում են բերքի տակ, և ոչ թե այգին է ինտենսիվ, այլ սորտը։ Ինտենսիվ և ավանդական տեսակների որակական հատկանիշները տարբեր են։ Ի զարմանս ինձ, վարչապետը ճիշտ էր, երբ ասում էր, որ ավանդականի համն ուրիշ է։ Եկեք՝ գյուղացու գործերին չխառնվենք, գյուղացին ինչ այգի կուզենա տնկի, թող տնկի։
Ես ողջունում եմ այս նախաձեռնությունը, սա եզակի դեպքերից մեկն էր, որ գյուղացու փոխարեն չեն որոշում՝ ինչ տեսականի արտադրի։ Բայց որ խելոք լինեն՝ մի քանի տարի կազատեն նաև հողի հարկից, որտեղ այգիներ են տնկվում։ Տեղական տեսականին 5-րդ տարին նոր մտնում է լիարժեք բերքի տակ, իսկ ինտենսիվը՝ 3-րդ տարին։ Ավինյանին որոշ հարցերում գաղափարակից եմ, բայց տեղին չէր նրա միջամտությունը։ Գյուղացին պետք է մշակի այն, ինչ ուզում է»։