«Եթե բանակցային սեղանին չմիանա Արցախը, Հայաստանը պետք է փորձի շեշտը դնել շփման գիծը վերահսկելուն ուղղված գործողությունների վրա». վերլուծաբան

«Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցն ընդհանուր առմամբ արտացոլում է իրողությունները ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց գերմանացի քաղաքագետ Ուվե Հալբախը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցին:

Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբն օրերս իր հերթական զեկույցն է տարածել, որն այս տարի վերնագրված է «Ելքեր փակուղուց Լեռնային Ղարաբաղում»: Ըստ զեկույցի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցություններում բացված թույլ հնարավորությունները փակվելու ռիսկի տակ են: «Եթե դա տեղի ունենա, Բաքուն ու Երևանը կարող են ոչ միայն կորցնել այն ձեռքբերումները, որոնց հասել են վերջերս, այլև որոշ ժամանակով թաղել խաղաղության գործընթացը: Երևանն ու Բաքուն լավ կանեն արագ գործեն: Նրանք կարող են սկսել զրուցել այն փակուղի բերած հարցերի շուրջ. Լեռնային Ղարաբաղին հարող տարածքների ապագան, որոնց վրա հայ վերաբնակեցվածներն իրենց տներն են կառուցել, միջազգային խաղաղապահ ուժերի պոտենցիալ դերը, և ամենաառանցքային հարցը՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ասվում է զեկույցում: Փորձագետների պատրաստած աշխատությունում առանձին գլխով անդրադարձ կար նաև ՌԴ դերակատարությանը կարգավորման գործընթացում, «Լավրովի պլանին»:

Ուվե Հալբախի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ ՄՃԽ զեկույցն արտացոլում էր այն իրողությունները, որոնք առկա են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Ըստ նրա՝ զեկույցը հայացք է առավելապես տարածաշրջանից դուրս աշխատող փորձագետների կողմից, որոնք մասնագիտացած են այս հակամարտության հարցում, բայց ոչ միշտ են հետևում ներքին միտումներին: «Կարծում եմ՝ հակամարտության գոտում իրավիճակի բռնկման հնարավորություն կա միշտ: Բնականաբար, այն հաջողությունները, որոնք գրանցվում են բանակցային սեղանի շուրջ սովորաբար, ևս վտանգված են նման հակամարտության դեպքում՝ հաշվի առնելով ԼՂ հակամարտության բարդ բնույթը: Այսինքն՝ արժանահավատ են գնահատականները, որ բանակցությունները փակվելու ռիսկի տակ են, եթե չլինի շարունակական առաջընթաց բանակցային սեղանի շուրջ: Դա, թերևս, հեշտ խնդիր չէ, հաշվի առնելով այն հանգամանքը, թե որքան տարաձայնություններ կողմերն ունեն թվարկված երեք առաջնահերթ խնդիրների, մասնավորապես` ԼՂ կարգավիճակի հարցի շուրջ:

Բանակցությունների ամենասուր հարցերը հենց սրանք են, հենց այս հարցերի շուրջ է, որ կողմերը չեն կարողանում պայմանավորվել: Այսինքն՝ խնդիրը ճիշտ է ներկայացված, կանխատեսումներն են շատ ավելի մեղմ ձևակերպված, երևի թե նկատի են առել այն հանգամանքը, որ բանակցային ներկայիս ինտենսիվությունը կպահպանվի, ինչը կչեզոքացնի բացասական սցենարների հնարավորությունը: Սակայն ես երկու սցենարն էլ հնարավոր եմ համարում:

Չեմ կարծում, որ առանցքային հարցերի ուղղությամբ առավելապաշտական ցանկությունները մի կողմ են դրվելու առաջիկայում և կողմերի դիրքորոշումները մոտենալու են, խնդիրը հենց սրանում է, որ կողմերի մոտեցումները, դիրքորոշումները կարևոր կետերում չեն հատվում, և երբ այդ մասին հայտարարվում է, իրավիճակը փակուղի է մտնում: Դրա միտումներն ինձ տեսանելի չեն: Կողմերն իրենց բոլոր առանձին անդրադարձներով հաստատում են, որ պատրաստ չեն զիջումների, ավելին՝ նախորդ շրջանում տեղի ունեցած հանդիպումների ընթացքում ծավալված խոսակցությունները և պայմանավորվածություններն առաջընթաց չեն համարում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը:

Նա ուշագրավ համարեց նաև ռուսական պլանների մասին տեղեկությունները, որոնք տեղ են գտել զեկույցում: «Շատ տարբեր կարծիքներ են եղել այդ առաջարկների վերաբերյալ, արտահոսքեր են եղել, այդ առաջարկները կա՛մ որակվել են՝ որպես ադրբեջանամետ, կա՛մ հայամետ, կարևոր է իսկապես հասկանալ Ռուսաստանի դերը, շահերը տարածաշրջանում, հասկանալու համար նաև այն, թե ինչ կարող է առաջարկել Ռուսաստանը, և որքանով է այդ առաջարկը համաձայնեցված համանախագահ մյուս երկրների հետ: Ես կարծում եմ, որ համաձայնեցված է, և այստեղ միջնորդ երկրների միջև, որքան էլ որ տարօրինակ է, չկան տարաձայնություններ: Որքանո՞վ իսկապես կհաջողվի այդ առաջարկը դնել սեղանին ու քննարկել՝ չեմ կարող ասել, շատ անորոշ է, քանի որ կողմերից մեկը դա ցանկանում է, իսկ մյուսը՝ ոչ»,- ասաց Հալբախը:

Նրա համոզմամբ՝ առաջիկա հանդիպումների ընթացքում, որոնք կծավալվեն հաջորդ տարի, եթե բանակցային սեղանին չմիանա Արցախը, Հայաստանը պետք է փորձի շեշտը դնել շփման գիծը վերահսկելուն ուղղված գործողություններ նախաձեռնելու և իրավիճակի բռնկում թույլ չտալու վրա, որի մասին ենթադրություններն արվում են՝ դիտարկելով հայկական կողմի վերջին հայտարարությունները:

«Թե այլ ինչ հարցեր կարող են քննարկվել, չեմ կարող կանխատեսել, ես միայն տեսնում եմ այն, որ կողմերից մեկը ցանկանում է քննարկել այս թեման, մյուսը՝ բուն պլանները, որը Հայաստանը չի ցանկանում անել առանց Արցախի»,- նկատեց նա:

Տեսանյութեր

Լրահոս