«ՀԱՊԿ-ը ողջունելու է համագործակցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև հետսովետական բոլոր երկրների հետ». ՌԴ փոխվարչապետ
«Համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտություն, ապա այն կընդունվի այդ կազմակերպության կանոնադրության, ընթացակարգերի և կանոնների համաձայն»,- այս մասին այսօր Երևանում անցկացվող ՀԱՊԿ անդամ պետությունների ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի (ՌՏՀՄՀ) աշխատանքային խմբի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը` անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է՝ Ադրբեջանը դիտորդի կամ գործընկերոջ կարգավիճակ ստանա ՀԱՊԿ-ում, եթե հայկական կողմը դա բացառում է:
Նա նշեց, որ ՀԱՊԿ-ը ողջունելու է համագործակցությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև հետսովետական բոլոր երկրների հետ:
«Չէ՞ որ ինչ-որ ժամանակ մենք բոլորս միասնական ընտանիք ենք եղել: Մենք շատ ընդհանուր բաներ ունենք, դա վերաբերում է նաև հետսովետական պետությունների զինված ուժերի որոշակի հավասարակշռությանը: Ուստի մենք վարում ենք չափազանց մտածված և հավասարակշռված քաղաքականություն՝ ինչ վերաբերում է ռազմատեխնիկական համագործակցությանը ՀԱՊԿ-ում»,- ասաց Բորիսովը:
Նա նաև վստահեցրեց, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ հակամարտության բորբոքմամբ, ընդհակառակը՝ ամեն կերպ նպաստելու է, որպեսզի հակամարտությունն այլևս չլինի:
«Ձեզ հայտնի է, թե ինչ դերակատարություն ունի Ռուսաստանն այդ հարցում, մասնավորապես` մեր նախագահը»,- ասաց ՌԴ փոխվարչապետը:
Նա նաև պարզաբանեց, որ որոշումները ՀԱՊԿ-ում հավաքական կերպով են կայացվում: «Ուստի, համապատասխան քննարկումներից հետո, եթե կազմակերպությունն ընդունի նման որոշման անհրաժեշտություն, ապա այն կընդունվի այդ կազմակերպության կանոնադրության, ընթացակարգերի և կանոնների համաձայն»,- հստակեցրեց Բորիսովը:
ՌԴ փոխվարչապետի խոսքերը մեկնաբանեց նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը՝ ասելով, որ Բորիսովը նկատի է ունեցել այն, որ ՀԱՊԿ-ի դռները փակ չեն որևէ երկրի առջև:
«Եթե որևէ երկրի համաձայնություն չլինի, բնականաբար, որոշում չի կայացվի, կա կանոնադրություն, պայմանագիր»,- ընդգծեց Սեմերիկովը: