Մեյը համաձայնեց Brexit-ի շուրջ հեռուստաբանավեճ անցկացնել լեյբորիստների առաջնորդի հետ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը համաձայնել Է Brexit-ի շուրջ կիրակնօրյա հեռուստաբանավեճի մասնակցել ընդդիմության առաջնորդ Ջերեմի Քորբինի հետ։
«Վարչապետն ընդունել է բանավեճի վերաբերյալ առաջարկությունը»,- լրագրողներին ասել է վարչապետի դիվանատան ներկայացուցիչը: Քորբինի կողմից վերջնական հաստատում դեռեւս չի եղել: Բանավեճը պլանավորված է դեկտեմբերի 2-ին BBC հեռուստաալիքում:
Դեկտեմբերի 11-ին խորհրդարանականները մի քանի օր բանավիճելուց հետո պետք է քվեարկեն Brexit-ի վերաբերյալ ԵՄ-ի հետ համաձայնագրի շուրջ: Համաձայնագրին հավանություն չտրվելու դեպքում հնարավոր է տարբերակ, ըստ որի Մեծ Բրիտանիան ԵՄ-ն կլքի առանց որեւԷ համաձայնության, ինչը, բազմաթիվ փորձագետների կարծիքով, կարող է տնտեսական աղետ դառնալ երկրի համար:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը, եթե այն իրականացվի ներկայիս համաձայնությամբ, մինչեւ 2030 թվականը կհանգեցնի 4 տոկոսով համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) անկման, ինչը համաչափ է երկրի տնտեսության՝ տարեկան 100 միլիարդ ֆունտ ստեռլինգի կորուստներին: Ինչպես նոյեմբերի 26-ին հայտնել է The Independent թերթը՝ վկայակոչելով Տնտեսական եւ սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտը (NIESR), դա հավասար Է երկրի յուրաքանչյուր բնակչի հաշվով 1090 ֆունտ ստեռլինգի չափով տարեկան կորստի։
«Մեր հիմնական եզրկացությունները ցույց են տալիս, որ եթե Brexit-ի վերաբերյալ առաջարկված համաձայնությունն իրականացվի այն կերպ, որ Մեծ Բրիտանիան 2021 թվականին լքի ԵՄ-ի մաքսային միությունը եւ միասնական շուկան, ապա մինչեւ 2030 թվականը ՀՆԱ-ն 4 տոկոսով կնվազի այն բանի համեմատությամբ, եթե Մեծ Բրիտանիան մնա Եվրամիությունում»,- մեջբերում է անում հրատարակությունը հետազոտությունից:
Փորձագետները պարզաբանում են, որ դրա պատճառը հիմականում կլինեն արգելքները ծառայությունների ոլորտում, որոնք տնտեսության այդ հատվածը կդարձնեն սակավ գրավիչ եւ վերջին հաշվով կհանգեցնեն Եվրամիությունից ներդրումների կրճատման:
Ըստ որում հետազոտողները հաշվարկել են ԵՄ-ից երկրի դուրս գալն առանց համաձայնագրի: Մեծ Բրիտանիայի համար այն եղել է ավելի թանկ. ՀՆԱ-ի անկում 5,5 տոկոսով կամ տարեկան 140 միլիարդ ֆունտ ստեռլինգ: ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանների շուրջ Լոնդոնի եւ Բրյուսելի միջեւ բանակցությունները Բելգիայի մայրաքաղաքում սկսվել են հունիսի 19-ին, այն բանից գրեթե մեկ տարի անց, երբ Միացյալ Թագավորությունում այս հարցի շուրջ անցկացված հանրաքվեում 51,9 տոկոս արդյունքով հաղթանակ տարան եվրաինտեգրացման հակառակորդները: Սպասվում է, որ Brexit-ը կիրագործվի 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո կսկսվի անցումային շրջանը, որը կետեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: