Ինչու չեն բաժանվում ապերջանիկ հարաբերություններում ապրող մարդիկ. Հոգեբաններ

Ամերիկացի եւ կանադացի հոգեբաններն անցկացրել են երկու զուգահեռ հետազոտություններ՝ պարզելու, թե ինչու է ապերջանիկ զույգերի համար դժվար խզել հարաբերությունները: Արդյունքները հրապարակված են Journal of Personality and Social Psychology-ում։ Առաջին ուսումնասիրությանը, որը տեւել է տասը շաբաթ, մասնակցել է 26-ին մոտ տարիքի 1348 մարդ: Նախ երիտասարդներին ու աղջիկներին հարցրել են նրանց հարաբերությունների դինամիկայի մասին. որքան եռանդ են նրանք ներդրել դրանցում, ինչ արձագանք են նրանք սպասում ընկերոջից բաժանվելու դեպքում, իրենց գնահատում է արդյոք երկրորդ կեսը եւ այլն:

Զուգահեռ աշխատանքն անցկացվել է համանման մեթոդով, սակայն այն տեւել է երկու ամիս, եւ դրան մասնակցել է 500 մարդ՝ միջինը 32 տարեկան, ընդ որում՝ նրանցից 442-ը հետազոտությունն սկսելու պահին պատրաստվում էին հարաբերությունները խզել իրենց զուգընկերների հետ:

Այդուամենայնիվ, երկու աշխատանքների արդյունքները նույնն են եղել: Հարաբերությունները դադարեցնելու վերաբերյալ որոշում ընդունելու դժվարության հիմնական պատճառը դարձել է երկրորդ կեսի զգացմունքները վիրավորել չցանկանալը: Նման արդյունքն ամրապնդել է հոգեբանների այն համոզմունքը, որ մարդկանց բնորոշ է՝ ջանալ օգտակար լինել մյուսներին՝ փոխարենը ոչինչ չստանալով:

«Երբ մարդիկ գիտակցել են, որ իրենց զուգընկերը խիստ կապված է իրենց հետ, նրանք հազվադեպ են բաժանման նախաձեռնող դարձել: Դա վերաբերել է նաեւ նրանց, ովքեր այնքան էլ նվիրված չեն իրենց երկրորդ կեսին, ինչպես նաեւ նրանց, ովքեր դժգոհ են եղել իրենց հարաբերություններից: Ընդհանուր առմամբ մենք չենք ցանկանում վիրավորել մեր զուգընկերների զգացմունքները, եւ մեզ համար միեւնույնը չէ, թե ինչ են նրանք ցանկանում»,-եզրափակել է հետազոտողներից մեկը՝ Սամանթա Ջոելը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս