Հարկ է վե՛րջ տալ սահմանին մեծաքանակ թմրանյութերի հայտնաբերման փիառ-պրակտիկային. թմրամոլությունն իր ճիրաններում է առել անչափահասների. Գևորգ Դանիելյան

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Թմրամոլությունը այլևս դադարել է հանցավոր հակում ունեցողների մենաշնորհը լինել, որոնց մասին ժամանակին սոսկ անմեղ անեկդոտներ էին պատմում։ Հիմա էլ անեկդոտների տրամադրություն չկա, այդ չարիքն անարգել իր ճիրաններում է առել անչափահասների, այդ թվում՝ դեռատի աղջիկների (կան անգամ հաշվառման կանգնածներ), հաճախ նաև օժտված, խոստումնալից երիտասարդների, դժբախտացնում է ընտանիքներ և, առանց չափազանցության, ուղղակի մարտահրավեր է ազգի հետագա գոյատևմանը։

Այս և հանցավորության անբնական աճի համատեքստում անգնահատելի առաքելության կոչված և իր էությամբ այդ չարիքի դեմն առնելու ունակ Հայ Եկեղեցին ինքն է թիրախավորվել, և հանուն ինչի՞։

Հ.Գ. Թմրամոլության բացահայտման դժվարությունների վերաբերյալ արդարացումները, մեղմ ասած, համոզիչ չեն։ Գոնե այս փուլում հարկ է վերջ տալ սահմանին մեծաքանակ թմրանյութերի հայտնաբերման փիառ֊պրակտիկային։

Բացահայտման համար անհրաժեշտ է ոչ թե հրապարակավ արձանագրել թաքցված թմրանյութը, այլ համբերատար ապահովել հասցեական օպերատիվ֊հետախուզական գործունեություն՝ պարզելու համար դրա ողջ շարժը, որպեսզի հնարավոր լինի վերջապես իրապես բացահայտել և «բարիկների», դրանց հովանավորների և մեծաքանակ օգտագործողների ողջ ցանցը, ոչ թե ամեն անգամ խոսել, «Տելեգրամ» կայքով շրջանառությունը բացահայտելու իբր բարդությունների մասին ….»:

Տեսանյութեր

Լրահոս