Բաժիններ՝

Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկ վիրահատության համար հիմնականում դիմում են միջին տարիքի կանայք

Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկան չի կարող վերացնել բոլոր տարիքային փոփոխությունները, սակայն կարող է փոխել տեսանելի հետևանքների մեծ մասը: Doctors.am-ը «Պլաստիկ վիրաբուժության շաբաթ» հանրային իրազեկման ծրագրի շրջանակում դեմքի պլաստիկ վիրահատությունների մասին զրուցեց «Նաիրի» ԲԿ պլաստիկ վիրաբուժության և վերականգնողական միկրովիրաբուժության ծառայության ղեավար, Երևանի գլխավոր պլաստիկ վիրաբույժ և միկրովիրաբույժ, բ.գ.թ. Կարեն Արամի Պետրոսյանի հետ:

-Բժիշկ Պետրոսյան ինչպիսի՞ տարածվածություն ունի դեմքի  մաշկի և փափուկ հյուսվածքների վիրաբուժությունը: Ո՞ր միջամտությունների համար են ավելի հաճախ դիմում:

-Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխությունների դեմ ուղղված պլաստիկ վիրահատությունները ընդհանուր պլաստիկ վիրաբուժության շարքում զբաղեցնում են առաջին տեղն ինչպես աշխարհում, այնպես էլ Հայաստանում: Դեմքին նայելով հնարավոր է կարծիք կազմել տարիքի մասին, իսկ մարդիկ վերջին շրջանում մեծ ուշադրություն են դարձնում իրենց դեմքի արտաքին տեսքին և իհարկե ամբողջ մարմնին:

Դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների պլաստիկ վիրահատության համար հիմնականում դիմում են միջին տարիքի կանայք, սակայն կարող ենք ասել, որ վերջին շրջանում տղամարդիկ ևս հետաքրքրվում դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխությունների դեմ ուղղված   պլաստիկ վիրաբուժության մեթոդներով: Ավելի հաճախ դիմում են ստորին և վերին կոպերի պլաստիկ վիրահատության, ինչպես նաև դեմքի մաշկի և փափուկ հյուսվածքների տարիքային փոփոխությունների դեմ ուղղված ոչ վիրաբուժական այլ մեթոդների օգնության, օրինակ APTOS թելերը, ֆիլլերների, բոթուլոտոքսինի կիրարման:

-Ինչպե՞ս է կատարվում  կոպերի պլաստիկան` բլեֆարոպլաստիկան:

-Գոյություն ունի վերին ու ստորին կոպերի պլաստիկա, որը կատարվում է ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացման միջոցով: Այս վիրահատության ընթացքում մենք հեռացնում ենք մաշկի ավելցուկը, աչքի կլոր մկանի փոփոխված և կախված մասը, ինչպես նաև՝ ճարպային ճողվածքները, որոնք դուրս են գալիս ակնակապճի խորքից: Եթե չհեռացնենք ճարպային ճողվածքներն, ապա անիմաստ է այս վիրահատությունը, քանի որ մենք կձգենք մաշկը, իսկ ճողվածքները կմնան, և չենք ստանա ցանկալի արդյունք:

-Որքա՞ն է տևում հետվիրահական շրջանը: Ի՞նչ արդյունքներ կարելի է ստանալ ու պահպանել:

-Հետվիրահատական շրջանը բավականին թեթև է՝ 7-ից 12 օր: Կարում ենք նուրբ թելերով, որոնք հեռացվում են վիրահատությունից հետո՝ 3-4 օրը: Արդյունքը պահպանվում է 5-ից 10-ը տարի՝ կախված օրգանիզմից, արտաքին ազդեցություններից, ապրելակերպից ու գենետիկայից: Կոպերի պլաստիկայից հետո մարդը բավականին երիտասարդ տեսք է ստանում: Ստորին և վերին կոպերի կախվածությունն ու մաշկի մուգ գույնը դեմքին տալիս է հոգնած տեսք, իսկ բլեֆալոպլաստիկան օգնում է ազատվել այդ խնդիրներից և բարելավել արտաքինը:

-Ինչպիսի՞ հակացուցումներ կան այս վիրահատությունները կատարելու համար: Ի՞նչ ցուցումներ են տրվում հիվանդներին վիրահատությունից հետո:

-Ինչպես բոլոր վիրաբուժական միջամտությունների դեպքում, այս պարագայում նույնպես գոյություն ունեն հարաբերական ու բացարձակ հակացուցումններ:
Վիրահատությունից առաջ պացիենտն անցնում է ստանդարտ հետազոտություններ՝ համաձայն ուղեցույցի: Կլինիկոլաբորատոր և գործիքային հետազոտությունների բավարար արդյունը թույլ է տալիս վիրահատության կատարման: Խրոնիկ և սուր աչքի բորբոքային հիվանդությունները  բացարձակ հակացուցում  են հանդիասանում վիրահատության համար:

Կոպերի տարիքային փոփոխություններն առաջին հերթին պայմանավորված են տարիքով, արտաքին միջավայրի գործոններով` գրավիտացիայի ուժեր, արևի ազդեցություն, սթրեսներով և իհարկե ժառանգականությանբ:

-Եղե՞լ են դեպքեր, երբ խորհուրդ եք տվել հրաժարվել  վիրահատությունից:

-Եթե բլեֆարոպլաստիկան կրում է զուտ էսթետիկ բնույթ, ապա վիրահատւթյան համար ցուցում է հանդիսանում պացիենտի ցանկությունը: Լինում են ավելի խորացված խնդիրներ, երբ վերին կոպի կախվածությունը խոչընդոտում է պացիենտի տեսողությանը: Վերջինս ցուցում է  բուժիչ վիրահատության: Վիրահատությունից հրաժարվում եմ երբ պացիենտը անվստահություն է արտահայտում փոփոխության իր ցակության մեջ  կամ հոգեպես անկայուն վիճակում է գտնվում:

– Նշեցիք, որ բլեֆարոպլաստիկայի հետ մեկտեղ հաճախ դիմում են նաև դեմքի մաշկի ձգման նպատակով: Ինչպե՞ս է իրականացվում այս միջամտությունը:

-Դեմքի մաշկի ու փափուկ հյուսվածքների ձգումը բարդ վիրահատություն է, որն իրականացվում է ընդհանուր անզգայցման միջոցով: Պարտադիր կատարվում է SMAS` մակերեսային մկանաապոնևրոտիկ շերտի ձգում: Կատարում ենք L-ձև կտրվածք ականջի առջևի մասով ու գնում հետ, մոբիլիզացնում ենք մաշկն ու ենթամաշըկ և ֆիկսում դրանք դեմքի ստատիկ կետերին`վերնոսկրին, խորանիստ փակեղին, ինչի շնորհիվ արդյունքը պահպանվում է 10-ից 15 տարի:

Այս խնդիրներով դիմողների մեծ խումբ են կազմում հատկապես հանրային մարդիկ և կանայք: Եթե մեր բժշկական կենտրոնում տարեկան կատարվում է քթի 300 վիրահատություն, ապա դեմքի՝ 25-ից 30:

Որպես կանոն այս վիրահատությունները կատարվում են մեկ անգամ, սակայն երբեմն շտկումների անհարաժեշտություն լինում է:

-Լինու՞մ են դեպքեր, երբ վիրահատությունից հետո պացիենտը դժգոհություններ է ունենում: Ինչպե՞ս եք խուսափում նման դեպքերից:

-Գոյություն ունի բարդությունների հավանականություն: Դեմքի վիրաբուժության դեպքում այն կազմում է 10-13%: Բոլոր պացիենտները սորագրում են համաձայնություն, որի մեջ ներառվում է նաև իրենց պատասխանատվության չափը՝ հետևել ապրելակերպին, չծխել առաջին 7 օրերի ընթացքում, պահպանել սննդակարգ: Որպես կանոն՝ մեծ մասը պահպանում է այն լավ արդյունք ստանալու համար:

Պլաստիկ վիրահատությունների դիմելն ավելի հաճախ քմահաճույք է, թե անհրաժեշտություն:

-Պլաստիկ վիրաբուժության մեջ չկան հիվանդներ՝ գոյություն ունեն պացիենտներ: Առաջին հերթին նրանք դիմում են իրենց արտաքին տեսքի հանդեպ անբավարարվածությունից և մարմնի տվյալ հատվածի ոչ էսթետիկ տեսքից: Մարդկանց ցանկությունները հարաբերական են`գոյություն ունեն խնդիրներ, որոնց պատճառով արտաքինի հետ փոփոխություն կատարելու մարդկանց ցանկությունն արդարացված չէ:

Այսպիսի դեպքերում մենք և՛ հոգեբան ենք, և՛ վիրաբույժ: Պետք է հասկանալ՝ ինչ փոփոխություններ է ցականում կատարել մարդը, և ինչ կարող ենք ապահովել մենք: Մինչ վիրահատությունը, եթե պացենտի հետ ընդհանուր համաձայնության ենք գալիս, ապա արդյունքը բավարարում է բոլորին:

-Պլաստիկ վիրաբուժությունը` հատկապես էսթետիկ վիրահատությունները, Հայաստանում այսօր մեծ պահանջարկ ունեն: Ինչպե՞ս է զարգանում այս ոլորոտը:

– Հայաստանը բավականին մեծ պոտենցիալ ունի պլաստիկ և էսթետիկ վիրաբուժության մեջ: Մենք աստիճանաբար ձեռք է բերում այնպիսի երկրի համբավ, որտեղ կա թեպետ մատչելի, բայց որակյալ բուժօգնություն ստանալու հնարավորություն: Համեմատության համար նշեմ  ստոմատոլոգիան, ինչը կարճ ժամանակահատվածում զարգացում ապրեց և այժմ արտերկրից մարդիկ գալիս են որակյալ ծառայություն ստանալու նպատակով:

Պլաստիկ վիրաբուժությունը նույնպես դինամիկ զարգանում է: Այսօր կարող ենք ասել, որ այն ևս ապահովում է բարձր որակ: Շատ կարևոր է նաև վիրահատությունների արժեքը՝ այն մի քանի անգամ մատչելի է, քան Եվրոպայում և ԱՄՆ-ում: Հայաստանը փոքր երկիր է, ու բժշկական զբոսաշրջության ներդրումը շատ կարևոր քայլ է տնտեսական և ֆինանսական զարգացմանն ընդառաջ: Այսօր Հայաստանում կատարվում է պրակտիկապես ցանկացած պլաստիկ և էսթետիկ միջամտություն, չնայած որ տեխնիկական հագեցվածությամբ  դեռևս կարող ենք զիջել Եվրոպայի և ԱՄՆ-ի նմանատիպ կլինիկաներին:

Ուզում եմ նշել ևս մի փաստ, որ այս տարվա սկզբին մի խումբ մասնագետներով՝  դիմածնոտային, պլաստիկ վիրաբույժների ու ԼՕՌ բժիշկների մասնակցությամբ, հիմնել ենք Քթի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիան, ինչը նպատակ ունի համախմբել քթի պլաստիկայով զբաղվող մասնագետներին, մշակել քթի վիրաբուժության ստանդարտներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին, զարգացնել Հայաստանում բժշկական զբոսաշրջությունը և  ուսուցանել երիտասարդ մասնագետներին` ծանոթացնելով նրանց  միջազգային նորամուծություններին  քթի վիրաբուժության ասպարեզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս