ՀՀ վարչապետի և նախագահի փոփոխությունների ժամանակ հնարավոր է՝ Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված ճակատը նախաձեռնի ֆորսմաժորներ

«Ինքնահաստատման խնդիր ճակատը չի դրել. ճակատն իր հրապարակած հռչակագրով դրել է երկրում համակարգային իշխանափոխություն անելու և ժամանակավոր կառավարություն ձևավորելու խնդիրները, իսկ սրանք իրենցից պահանջում են լրջագույն մոտեցում, քննարկումներ, ծրագրեր»,- 168.am-ի հետ զրույցում ասաց անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանի կոչով ձևավորված «Հանուն Հայաստան պետության» ճակատի համակարգող Պետրոս Մակեյանը:

Նրա խոսքով՝ իրենք անցել են ճանապարհային քարտեզի քննարկմանը. «Ճանապարհային քարտեզը մենք նախանշում ենք երկու փուլով. առաջին փուլը վարչախմբի հեռացումն է, երկրորդ փուլն անցումային, ժամանակավոր կառավարության ձևավորումն է: Բուն հրապարակային գործողությունների մասին դեռևս վաղ է խոսելը, բայց հաշվի առնելով գարնանը սպասվող ներիշխանական, ներկլանային այլևս անթաքույց պայքարը՝ հնարավոր է, որ ֆորսմաժորներ լինեն, և ճակատի խնդիրն է՝ փորձել ոչ միայն ներազդել այդ պրոցեսներին, այլև նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը, դա մեր ցանկությունն է, թե ի՞նչ կլինի, կյանքը ցույց կտա»:

Մեր ճշտող հարցին՝ նկատի ունեք, որ վարչապետի և նախագահի փոփոխության ընթացքում հնարավոր է՝ ճակատի կողմից ինչ-որ գործողություննե՞ր նախաձեռնվեն՝ Պ. Մակեյանն այսպես պատասխանեց. «Մեզ մոտ նոր սկսվել է քննարկումը, մտքերի փոխանակություն է եղել, տեսակետներ ենք լսել, ու չի բացառվում, որ, եթե տեսնենք, որ իրավիճակը բարենպաստ է, հնարավոր է՝ ճակատն ինքը նախաձեռնի ֆորսմաժորներ՝ հաշվի առնելով, որ այսօր ներկլանային պայքարը կա»:

Մենք նաև հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս են իրենք պատրաստվում ֆորսմաժորներ ստեղծել, արդյոք զենքո՞վ են այդ պայքարը պատկերացնում, և հնարավո՞ր է՝ այդ ընթացքում հանրության ինչ-որ հատված տուժի: Ի պատասխան՝ Պ. Մակեյանն ասաց. «Առիթ եմ ունեցել ասելու, որ, եթե մտնում ենք այդ դաշտը, իշխանությունների համար դա նախընտրելի դաշտ է, որովհետև, երբ նայում ենք 20 տարվա պատմությունը, իրենք միշտ հաղթած են: Դա մեզ համար ընդունելի ճանապարհ չէ, բայց մենք նաև ասում ենք, որ այլևս թույլ չենք տա, որ ժողովրդի վրա բանդաներով անցնեն: Այդ ուղղությամբ մենք համագործակցում ենք և՛ սփյուռքահայության հետ, մասնավորապես, «Հայկական Վերածնունդ» սփյուռքյան կազմակերպության հետ, և՛ մնացած կառույցների հետ, և՛ փորձում ենք Արցախում հասկանալ, որովհետև Արցախում էլ բոլորը չէ, որ գոհ են իրավիճակից»:

Պ. Մակեյանը նշեց, որ իրենք նախատեսում են հայության համախմբման գործընթաց նախաձեռնել, որը «նաև կկանխի իշխանությունների՝ ուժի կիրառման սահմանազանց ձևերը»:

Մեր ճշտող հարցին, թե՝ ձեր կողմից զենքի կիրառում բացառո՞ւմ եք, Պ. Մակեյանն այսպես արձագանքեց. «Մենք, բնականաբար, զենք-զինամթերքի պահեստներ չունենք, ուժային կետրոններ չենք ղեկավարում: Իշխանությունների այդ լծակների պայմաններում այդ դաշտ մտնելն անիմաստ է, բայց մենք ասում ենք՝ եթե ժողովուրդը փողոց դուրս եկավ, և փորձեցին նույն ուժային տարբերակը, բնականաբար, պետք է դա կանխել: Եթե 2008 թվականի մարտի 1-ին ժողովրդի ձայնը լսեին, բնականաբար, ուրիշ զարգացում կլիներ, բայց Մարտի 1-ի լիդերները, փաստորեն, ուրիշ ճանապարհ ընտրեցին, ժողովրդին ուղարկեցին տուն, ժողովրդի ձայնը չլսեցին, եթե լսեին, արդեն իշխանափոխությունը եղած կլիներ»:

Տեսանյութեր

Լրահոս