«Ռուսերենի իմացությունը կենսական նշանակություն ունի Հայաստանի համար». Կիսելյովը հաստատում է իր՝ բողոքների արժանացած խոսքերը

«Հայ տաքսիստը պարտավոր չէ տիրապետել ռուսերենին»,- այսօր այս մասին Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ռուս հայտնի հեռուստահաղորդավար, «Նախագահ» (2015), «Աշխարհակարգ» վավերագրական ֆիլմերի հեղինակ, ռուսական «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար, գրող Վլադիմիր Սոլովյովը՝ անդրադառնալով Երևանում բավականին բուռն արձագանքների արժանացած դեպքին, երբ դատելով հայ տաքսիստի ռուսերենի ցածր իմացությունը, իր գործընկեր Դմիտրի Կիսելյովը նշել էր, թե դա անընդունելի է, քանի որ ռուսերենի իմացությունը ՀՀ անվտանգության գործոնն է։

Սոլովյովը նշեց, որ հայ տաքսիստները ռուսաց լեզվին տիրապետում են մի քանի անգամ ավելի լավ, քան իրենք՝ հայերենին, որի համար իրենք նրանց շնորհակալ են, քանի որ հայ տաքսիստները պարտավոր չեն խոսել ռուսերեն։ «Ամեն ինչ է պատահում, մարդիկ կատարյալ չեն, գուցե այդ տաքսիստը վատ տրամադրություն ուներ, չի կարելի մեկ դեպքը տարածել ողջ մեծ հայ ժողովրդի վրա»,- ասաց Սոլովյովը։

Ասուլիսին ներկա Դմիտրի Կիսելյովն իր հերթին՝ վերհիշելով դեպքը, ասաց, որ պատահեց դա այն ժամանակ, երբ հայ երիտասարդ տաքսիստը չկարողացավ հաշիվը ներկայացնել ռուսերեն լեզվով։

«Դա ինձ զարմացրել էր, որի մասին ես իմ անկեղծ կարծիքը կիսեցի։ Այն ժամանակ դա բավականին բուռն արձագանքի արժանացավ ոչ թե այն պատճառով, որ ես նշեցի, թե տաքսիստը չէր կարողացել հաշվել ռուսերեն լեզվով, այլ այն, որ ես ասել էի, թե ռուսերեն լեզվի իմացությունը Հայաստանի համար անվտանգության գործոն է։ Ինչ-որ մեկը որոշեց դա վիճարկել։

Ես նախկինի նման կարծում եմ, որ ռուսերեն լեզվի ազատ իմացությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունի, առանց դրա հնարավոր չէ պատկերացնել Հայաստանի ապագան։ Ես չեմ հրաժարվում իմ խոսքերից, եթե որևէ մեկը պատրաստ է վիճարկել և բանավիճել, պատրաստ եմ հանրային քննարկման»,- ասաց Կիսելյովը։

Տեսանյութեր

Լրահոս