Նավահանգստի պարալիզացումն ազդում է նաև ռեգիոնի առևտրային կապերի վրա. կարող են զգալիորեն կրճատվել Հայաստան-Մերձավոր Արևելք առևտրային հոսքերը․ Վահե Դավթյան

Իսրայելական ուժերը, ըստ տարածվող տեղեկությունների ու տեսանյութերի, հարված են հասցրել նաև Բանդար Աբբաս նավահանգստին, որը խոշորագույն ծովային հանգույց է։

Սա, ըստ փորձագետների, բավականին լուրջ հետևանքներ է առաջացնելու տարածաշրջանի համար՝ ոչ միայն ռազմավարական տեսանկյունից, այլև՝ տնտեսական։

Քաղաքագետ, էներգետիկ հարցերով փորձագետ Վահե Դավթյանը 168am-ի հետ զրույցում հիշեցրեց․ «Բանդար Աբբասն Իրանի խոշորագույն տնտեսական հանգույցն է, որն ապահովում է երկրի արտաքին առևտրի մոտ կեսը: Դա նաև Հորմուզի նեղուցի կրիտիկական կետերից է, ուստի, հասցված հարվածը կարելի է դիտարկել որպես պատասխան՝ Թեհրանի կողմից նեղուցի փակմանը:

Հատկապես կարևոր է Բանդար Աբբաս նավահանգստի Շահիդ-Ռաջայի հատվածը, որը հանդիսանում է նավթի, գազի ու նավթաքիմիական արտադրանքի հիմնական արտահանման հանգույց։

Կարդացեք նաև

Սա հարված է նաև «Հյուսիս-Հարավ» միջազգային լոգիստիկ միջանցքին, որի կենտրոնական շահառուներից է հենց Իրանը»։

Վահե Դավթյանը հիշեցրեց, որ 2025 թ.-ին դրանով կոնտեյներային փոխադրումների ընդհանուր ծավալն աճեց մոտ 60 տոկոսով, սակայն այսօր, ստեղծված իրավիճակում, ակնկալվում է մոտ 30 տոկոս անկում, իսկ նավահանգստի պարալիզացումն էլ ավելի հոռետեսական է դարձնում այդ սցենարը:

«Նավահանգստի խափանումն ազդում է նաև տարածաշրջանային առևտրային կապերի վրա. օրինակ, կարող են զգալիորեն կրճատվել Հայաստան-Մերձավոր Արևելք առևտրային հոսքերը, որոնք անցնում են Պարսից ծոցի միջով։

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է նաև Հնդկաստանից ներկրվող զինատեսակներին, որոնք այսօր հայաստանյան ռազմական ներկրման մեջ մոտ 45 տոկոսն են կազմում»,- հավելեց մասնագետը։

Տեսանյութեր

Լրահոս