ԱՄՆ-Իսրայել պատերազմ Իրանի դեմ. դիվահարության նշաններ. Ամերիկայի քրիստոնյա սիոնիստները պատրաստ են ամեն գնով աջակցել Իսրայելին
Ընդունված է համարել, որ կրոնական պատերազմները վաղուց արդեն բնորոշ են անցած դարերին։ Պատմության դասագրքերում նշվում է՝ միջնադարում Եվրոպայում անընդհատ բռնկվել են պատերազմներ և կրոնական հողի վրա զինված հակամարտություններ։ Թվում է, թե Եվրոպան քրիստոնեական էր, բայց քրիստոնեության հողի վրա սկսեցին առաջանալ տարբեր փոփոխություններ և հերետիկոսություններ, որոնց ներկայացուցիչները թշնամանում էին ինչպես իրենց, այնպես էլ պաշտոնական եկեղեցու հետ: Նրանք նաև կռվել են «անհավատների» հետ արևելքում (մուսուլմաններ): Անընդհատ հոսում էր արյուն՝ հավատքի պաշտպանության դրոշի ներքո։
Այս առումով կարող ենք հիշել Խաչակրաց արշավանքները դեպի Մերձավոր Արևելք (1096 – 1272), Ալբիգոյան արշավանքները (1209 – 1229), Ռեկոնկիստան (790 – 1309), Հուսիթական պատերազմները (1419-1434), 16րդ դարում Ֆրանսիայում յոթ կրոնական պատերազմների շարքը և այլն: Ենթադրվում է՝ Հին Աշխարհում վերջին կրոնական պատերազմը կաթոլիկների և բողոքականների միջև Երեսնամյա պատերազմն էր (1618-1648):
Արևելքում կրոնական պատերազմները շարունակվեցին ավելի ուշ։ Բայց սկսեցին ավելի հազվադեպ տեղի ունենալ: Թեև երբեմն այն բռնկվեցին նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Որպես օրինակ կարելի է նշել Սուդանի երկրորդ քաղաքացիական պատերազմը 1983-2005 թվականներին։
Այն բնութագրվել է որպես էթնոկրոնական հակամարտություն, որի ընթացքում մուսուլմանական ուղղվածության կենտրոնական կառավարությունը փորձել է շարիաթի օրենքները պարտադրել երկրի հարավում գտնվող ոչ մուսուլմաններին։
Նույնիսկ ավելի հայտնի օրինակ է իրանա-իրաքյան պատերազմը (1980-1988): Իրանի Իսլամական Հանրապետության նոր հեղափոխական կառավարությունը հակամարտությունն անվանեց կրոնական պատերազմ և օգտագործեց ջիհադի գաղափարը՝ զինվորականներին և ամբողջ ժողովրդին մոբիլիզացնելու համար: Ճիշտ է՝ Իրաքի իշխանությունները Սադամ Հուսեյնի գլխավորությամբ պատերազմը բացատրում էին պարսիկների և արաբների միջև պատմական թշնամանքով՝ դիմելով արաբական ազգայնականությանը, որի կենտրոնը համարվում էր Իրաքը։
Ընդհանուր առմամբ, պատմաբաններն ու քաղաքական գործիչները վերջին երկու դարերի գրեթե բոլոր պատերազմները (ներառյալ նույնիսկ Արևելքում պատերազմները) բացատրում են միանգամայն նյութապաշտական պատճառներով՝ տարածքների, հումքի աղբյուրների, շուկաների բաժանման, կապիտալի կիրառման ոլորտների և այլնի համար, կամ գաղութային (նեոգաղութատիրական) լծից ազատվելու պայքարով:
Ճիշտ է՝1948 թվականին Իսրայել պետության ստեղծումից հետո կրոնական պատերազմի թեման կրկին սկսեց վերակենդանանալ։ Այն պատճառով, որ նորաստեղծ հրեական պետությունը պատերազմ սկսեց պաղեստինցիների և նրանց կողքին կանգնած Մերձավոր Արևելքի պետությունների դեմ։ Խորհրդային Միությունում և շատ այլ պետություններում այն ժամանակ ասում էին՝ դա համաշխարհային սիոնիզմի նախաձեռնած պատերազմ է, որի նպատակը Նեղոսից մինչև Եփրատ «մեծ Իսրայելի» ստեղծումն է, այնուհետև ամբողջ աշխարհի վրա իշխանություն հաստատելու պայքարի շարունակությունը։ Բայց միևնույն ժամանակ արդարացիորեն ուշադրություն էր դարձվում այն փաստին, որ այս մշտական պատերազմը հիմնավորված էր և ծածկված կրոնական բնույթի գաղափարներով: Իսկ գաղափարները քաղվել են Թորայից, Թալմուդից, Կաբալայից։
Եվ նման հիմնավորում ու կոծկում է իրականացվում նաև այսօր՝ փետրվարի 28-ին Իրանի դեմ սկսված ագրեսիայի ընթացքում։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն, նշում են դիտորդները, բավականին անտարբեր մարդ է կրոնի (հուդայականության) նկատմամբ։ Բայց որպես փորձառու քաղաքական գործիչ Նեթանյահուն հրապարակավ այդ անտարբերությունն ի ցույց չի դնում։ Ավելին, նա սիրում է անընդհատ դիմել Աստվածաշնչին: Նույնիսկ Իսրայելի կողմից իրականացվող ռազմական գործողությունների անվանումները գրեթե միշտ աստվածաշնչյան ծագում ունեն՝ «Նոյյան Տապան», «Ապաշխարության օրեր», «Հինգ քար» և այլն։
Փետրվարի 28-ին սկսված գործողությունը կոչվում էր «Հուդայի վահան», այնուհետև այն բաժանվեց երկուսի՝ «էպիկական կատաղություն» և «առյուծի մռնչյուն»: Իսրայելի զինված ուժերում զինվորականներին՝ զինվորականից մինչև գեներալ, Իրանի դեմ ագրեսիայի նպատակները բացատրվում են ոչ թե քաղաքական սիոնիզմի գաղափարախոսությամբ, այլ թալմուդական հուդայականության դոգմաներով և Հին Կտակարանի մեջբերումներով: Իսրայելի իշխանությունները և նրանց հետևում կանգնած միջազգային սիոնիստներն ամեն ինչ անում են, որպեսզի հրեական պետության քաղաքացիների համար սա «սրբազան» կրոնական պատերազմ լինի:
Ի դեպ, ամբողջ աշխարհում Իսրայելից դուրս քիչ չեն այն մարդիկ, ովքեր Իրանի դեմ ամերիկա-իսրայելական ագրեսիան իսկապես ընկալում են որպես «սրբազան պատերազմ»՝ բարձրագույն կրոնական նպատակներով։ Առաջին հերթին դրանք, այսպես կոչված, «քրիստոնյա սիոնիստներ» են։ Նշված տերմինը, առաջին հայացքից, կարծես, օքսիմորոն է (անհամապատասխանությունների համադրություն): Բայց պարզվում է, որ Արևմուտքում շատ բողոքականների համար, հատկապես ԱՄՆ-ում, քրիստոնեության և սիոնիզմի համադրությունը շատ օրգանական է:
Կարդում ենք Վիքիպեդիայում․ «Քրիստոնեական սիոնիզմը քաղաքական և կրոնական գաղափարախոսություն է, որը քրիստոնեական համատեքստում աջակցում է հրեա ժողովրդի վերադարձին Ավետյաց Երկիր։ Նմանապես, այն պնդում է, որ 1948 թվականին Իսրայել պետության հիմնադրումը համապատասխանում էր Հին Կտակարանի միջոցով փոխանցված աստվածաշնչյան մարգարեություններին. հրեական ինքնիշխանության վերականգնումը Լևանտում էսխատոլոգիական «Իսրայելի միավորումն է»՝ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան անհրաժեշտ պայման։ Այս տերմինը սկսվել է օգտագործվել 19-րդ դարի կեսերին»:
Ամերիկացիների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի բոլոր բողոքականների մոտ կեսը պատկանում է այսպես կոչված ավետարանականներին։ Նրանք այնպիսի բողոքական դավանանքների հետևորդներ են, ովքեր ձգտում են իրենց կյանքում առաջնորդվել սուրբ գրություններով: Ի տարբերություն բողոքականների երկրորդ կեսի, ովքեր քրիստոնեությունն ընկալում են հիմնականում որպես «մշակութային ավանդույթ»։ Թեև առաջիններն իրենց անվանում են ավետարանականներ, նրանց համար կյանքի ուղեցույց են ոչ միայն չորս Ավետարանները և Նոր Կտակարանը, այլև Հին Կտակարանը: Ավելին, շատ ավետարանականների համար Հին Կտակարանը առաջին տեղում է: Ահա նրանք քրիստոնյա սիոնիստներ են։ Տարբեր գնահատականներով՝ Ամերիկայում այդպիսիք 20-25 միլիոն են։
Եվ այսպես, Իսրայելի համար Իրանի վրա ներկայիս նենգ հարձակումը «սրբազան պատերազմ» է։ Իսկ ի՞նչ է դա նշանակում Ամերիկայի համար, որն այդ հարձակման մասնակիցն է։ Ամերիկան իր գոյության 250 տարիների ընթացքում (հիշեցնեմ՝ այս տարվա ամռանը կլինի 13 նահանգների կողմից անկախության հռչակագրի հռչակման և Բրիտանիայից անկախ պետության ստեղծման տարեդարձ) անվերջ թվով պատերազմներ է մղել։ Բայց Վաշինգտոնը երբեք այդ պատերազմները «կրոնական» չի անվանել։ Ամենից շատ Վաշինգտոնը նրանց շնորհում էր «ազատագրական» պատերազմի տիտղոսը։
Բայց ինչ-որ զարմանալի բան սկսվեց տեղի ունենալ այն բանից հետո, երբ Թրամփը անցյալ տարի վերադարձավ Սպիտակ տուն:
Անցյալ տարվա «տասներկուօրյա» պատերազմին և Իրանի դեմ ներկայիս ագրեսիային Ամերիկայի մեղսակցությունն ամերիկյան որոշ հայտնի գործիչներ սկսեցին անվանել «սրբազան պարտք»։ Թրամփը և նրա թիմը չեն կարողացել հստակ ձևակերպել այն պատճառները, թե ինչու Ամերիկան փետրվարի 28-ին Իսրայելի հետ մտավ պատերազմի մեջ։ Հիշատակվել են հետևյալ փաստարկները՝ իբր դա իրանական ահաբեկչության դեմ պայքարն է, Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը, փողոց դուրս եկած բողոքավոր ժողովրդին աջակցում և այլն։ Ուստի շրջանառության մեջ դրվեց Ամերիկայի համար բոլորովին նոր փաստարկ. իբր, զինվորականները կատարում են «բարձրյալի կամքը», որը նրանց ուղարկվել է Աստվածաշնչի միջոցով։ Այն, ինչ նախկինում հնչում էր քրիստոնյա սիոնիստների ժողովներում, այսօր սկսում է հնչել ամերիկյան բանակում։
Այսպես Asia Times կայքում հրապարակված Ջոնաթան Լարսենի (Jonathan Larsen) թարմ հոդվածը՝ “US Troops were told Iran war is for ‘Armageddon’ return of Jesus” վերնագրով («Ամերիկացի զինծառայողներին հայտնել են, որ Իրանի հետ պատերազմը «Արմագեդոն» է, «Հիսուսի վերադարձը»)։ Ամերիկայում կա նման կազմակերպություն՝ «Զինծառայողների կրոնական ազատության պաշտպանության հիմնադրամ» (MRFF): Այս շահույթ չհետապնդող կազմակերպության կանոնադրության մեջ գրված է՝ այն նպատակ ունի ապահովել, որ ԱՄՆ-ի զինված ուժերը հնարավորություն ունենան դավանելու իրենց կրոնը՝ առանց խտրականության կամ հարկադրանքի վախի, ինչպես նաև նպաստեն բանակում եկեղեցու տարանջատմանը պետությունից: Փետրվարի 28-ի շաբաթ առավոտից մինչև մարտի 2-ի երկուշաբթի երեկո հիմնադրամը գրանցել է ավելի քան 110 նմանատիպ բողոք բոլոր զորատեսակների հրամանատարների դեմ:
Բողոքները ստացվել են ավելի քան 40 տարբեր ստորաբաժանումներից, որոնք տեղակայված են առնվազն 30 ռազմաբազաներում ինչպես ԱՄՆ-ի տարածքում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Գրեթե բոլոր բողոքները կոլեկտիվ են՝ տարբեր կրոններ դավանող զինծառայողների անունից։ Ահա, օրինակ, հայտերից մեկը, որը ստորագրվել է 15 զինծառայողների կողմից, ներառյալ առնվազն 11 քրիստոնյա, 1 մուսուլման և 1 հրեա:
Բոլոր բողոքների էությունն այն է, որ հրամանատարների (և, ի վերջո, ԱՄՆ պաշտպանության նախարարության) կողմից զինծառայողները զգացել են հոգևոր և կրոնական բնույթի ուժեղ ճնշումներ։ Հրամանատարները գործել են մոտավորապես մեկ ծրագրով։ Ահա մի մեջբերում մի տիպիկ բողոքից, որում ասվում է՝ հրամանատարը «խստորեն հորդորեց՝ փոխանցել մեր զորքերին, որ «ամեն ինչ աստվածային ծրագրի մի մասն է», և նա մասնավորապես վկայակոչեց Հայտնության գրքի բազմաթիվ մեջբերումները, որոնք վերաբերում են Արմագեդոնին և Հիսուս Քրիստոսի մոտալուտ վերադարձին»:
Բողոքներում ասվում է՝ զինծառայողներին սովորեցրել են հետևել երդմանը, ռազմական կանոնադրությանը և ԱՄՆ սահմանադրությանը: Իսկ «բարձրյալի կամքը կատարելու» կոչերը նրանց հասկանալի չեն։ Իսկ շատերը նույնիսկ վրդովված են և լիովին շփոթված։ Հրամանատարի կոչերը, նշվում է բողոքներից մեկում, «խաթարում են ստորաբաժանման բարոյականությունն ու համախմբվածությունը՝ խախտելով այն երդումը, որը մենք տվել ենք՝ պաշտպանելով սահմանադրությունը»:
MRFF-ի նախագահ և հիմնադիր Մայքի Վայնշտեյնը՝ ռազմաօդային ուժերի և Ռեյգանի վարչակազմի վետերան, հոդվածի հեղինակ Ջոնաթան Լարսենին պատմել է, որ շաբաթ օրը վաղ առավոտյան Իրանի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո հիմնադրամի վրա նույնատիպ բողոքների տարափ է թափվել: «Այս զանգերը մեկ ընդհանուր բան ունեն. մեր հաճախորդները MRFF-ից են (զինծառայողներ, ովքեր օգնություն են փնտրում հիմնադրամից) հայտնում են իրենց հրամանատարների և հրամանատարական կազմի սանձարձակ էյֆորիայի մասին, որ այս նոր «աստվածաշնչորեն արտոնված» պատերազմն անհերքելի նշան է ֆունդամենտալ քրիստոնեական «վերջի ժամանակների» մոտալուտ մոտեցման մասին, ինչպես հստակ նկարագրված է Նոր Կտակարանի Հայտնության գրքում»:
Ի դեպ, Վայնշտեյնը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ MRFF – ն նմանատիպ բողոքներ է ստանում աստվածաշնչյան էսխատոլոգիայի՝ աստվածաշնչյան աշխարհի վերջի վերաբերյալ, «երբ Մերձավոր Արևելքում Իսրայելի հետ այս անհեթեթությունը բռնկվի»: Վերջին անգամ նման բողոքների մեծ հոսք եղել է «տասներկուօրյա պատերազմի» ժամանակ։
Պետք չէ մտածել, որ զինծառայողներին ուղղված նման կեղծ կրոնական կոչեր հնչում են միայն ստորին և միջին օղակի հրամանատարներից։ Ոչ, կոչերը գալիս են զինվորական մեքենայի վերին հարկերից։ Այսպես, օրինակ, 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իսրայելա-պաղեստինյան ռազմական դիմակայության նոր փուլի մեկնարկից հետո MRFF կազմակերպությունը հայտնել է ռազմաօդային ուժերի հրամանատարի դեմ բողոքի մասին, որը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է. «Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը կանխագուշակվել է Հիսուս Քրիստոսի Ավետարանի Հայտնության գրքում, և ոչ ոք ոչինչ չի կարող անել դրա դեմ»։
Ամեն ինչ ավելի վատթաևացավ այն ժամանակից ի վեր, երբ Պենտագոնի ղեկավար նշանակվեց Փիթ Հեգսեթը։ Նա զբաղված է ոչ միայն անմիջականորեն ռազմական գործերով, այլև ստանձնել է ԱՄՆ Զինված ուժերում «քաղաքական կոմիսարի» լիազորությունները։ Նրա «քաղաքական գործն» այն է, որ յուրաքանչյուր զինվոր, յուրաքանչյուր սպա, յուրաքանչյուր գեներալ առաջնորդվի Աստվածաշնչով։ Բայց, հայտնի է, Աստվածաշունչը տարբեր կերպ են հասկանում հրեաները, կաթոլիկները, ուղղափառները, տարբեր համոզմունքների բողոքականները։
Աստվածաշունչը, Հեգսեթի համոզմամբ, պետք է հասկանալ այնպես, ինչպես այն հասկանում են քրիստոնյա սիոնիստները։ Բնական է՝ ներկայիս պաշտպանության նախարարը քրիստոնյա սիոնիստ է, ընդ որում՝ մոլեռանդ։
Փաստորեն, Պենտագոնին կից ստեղծվել է մի տեսակ «քաղաքական աշխատանքի վարչություն»՝ Հեգսեթի աստվածաշնչյան խմբի տեսքով։ Քարոզիչ Ռալֆ Դրոլինգերը (նախկին պրոֆեսիոնալ բասկետբոլիստ) Աստվածաշունչը մեկնաբանում է գեներալներին: Նույնիսկ բողոքական աստվածաբանները գլուխներն են բռնում՝ զարմանալով նախկին բասկետբոլիստի կրոնական տգիտության վրա: Բայց այս քարոզիչը բառացիորեն եռում է էներգիայով։ Եվ, ըստ Հեգսեթի, հենց Աստվածաշնչի այդպիսի մեկնաբանն է, որ կարող է զինվորականներին ոգեշնչել սխրանքների համար:
Ջոնաթան Լարսենը համառոտ ամփոփում է Ռալֆ Դրոլինգերի քարոզների էությունը. նա «սովորեցնում է՝ Իսրայելին աջակցելու պատճառն այն է, որ Աստված դեռ օրհնում է Իսրայելի դաշնակիցներին և անիծում նրա թշնամիներին, ճնայած՝ Իսրայելը սպանեց Հիսուսին»։
Ինքը՝ Հեգսեթը, եռում է էներգիայով։ Նա ձգտում է վերածրագրավորել ոչ միայն ամերիկյան զինվորականների գիտակցությունը «քրիստոնեական սիոնիզմի» գաղափարախոսության ներքո, այլ նաև բոլոր առանցքային քաղաքական գործիչների։ Ջոնաթան Լարսենը նշում է՝ պաշտպանության նախարարը նաև Սպիտակ տանը կազմակերպում է Աստվածաշնչի ամենշաբաթյա ուսումնասիրություն, որը քարոզում է Իսրայելի աջակցությունը:
Ես դիտեցի Ռալֆ Դրոլինգերի քարոզներով որոշ տեսանյութեր, Հագսեթի ելույթները Մերձավոր Արևելքում պատերազմի հարցի վերաբերյալ: Չգիտես ինչու, դրանից հետո միտքս եկան Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին և սկզբում Երրորդ ռեյխի գեներալների առջև դիվահար ֆյուրեր Ադոլֆ Հիտլերի ելույթները։ Նա նույնպես իր գործունեությունը կապում էր Աստծո կամքի հետ։ «Ես հավատում եմ՝ Աստծո կամքը երիտասարդին ուղարկեց ռեյխ, որպեսզի նա մեծանա, դառնա ազգի գլուխ և իր հայրենի հողը վերադարձնի գերմանական պետություն»: Խորհրդային միության վրա հարձակումն ու նրա նվաճումը դիվային ֆյուրերը նույնպես համարեց «ամենակարողի կամքը», որը նա կոչված էր կատարելու: Թե ինչով ավարտվեց ամեն ինչ, մենք լավ ենք հիշում։
ՎԱԼԵՆՏԻՆ ԿԱՏԱՍԱՆՈՎ
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի



