«Հարգարժան առաջին նախագահ, խաղաղությունը չեն մուրում, այն նվաճում են». Գառնիկ Իսագուլյան

Հարգանք տածելով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկա ու նախկին բոլոր նախագահների նկատմամբ և աշխատելով ձեռնպահ մնալ նրանց գործունեության (տարբեր ժամանակներում) «սխալների» խորը վերլուծությունից՝ կուզենայի, այնուհանդերձ, անդրադառնալ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթին ՀԱԿ համագումարի ժամանակ: Բայց մինչ այդ ելույթին անդրադառնալն ուզում եմ հիշեցնել արևելյան մի ասացվածք. «Երբ աղքատի տղան օձ կերավ, ասացին՝ սոված էր, կերավ: Երբ հարուստի տղան օձ կերավ, ասացին՝ դեղապետի համար կերավ»:

Այս տեսանկյունից, բնականաբար, էական չէ, թե ինչ է ասել Լևոն Տեր-Պետրոսյանը, կարևորն այն է, որ դա ասել է Հայաստանի Հանրապետության առաջին նախագահը: Ինչ կասեմ ես, նույն արձագանքը չի ունենա, նաև նույն ազդեցությունը, չնայած վերը նշված արևելյան ասացվածքի տրամաբանությունը կարող էր լինել և ճիշտ հակառակը:
Այժմ՝ կոնկրետ ելույթի մասին:

Ցավով պետք է նշեմ, որ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի խոսքում այս անգամ էլ ոչինչ նորություն չկար այն բոլոր ելույթներից, որ նա ունեցել է սկսած 1990թ.-ից, հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին ու դրա լուծմանը: Օրինակներ կարելի է բերել բազմաթիվ, բայց ես ցանկություն չունեմ անդրադառնալու դրանց՝ ամենևին չթերագնահատելով ու չնվազեցնելով նրա դերը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ տարած հաղթանակում:

Մտածողության այն փիլիսոփայությունը, որ զիջման միջոցով կարելի է հասնել դրական արդյունքի, հատուկ է որոշ քաղաքական գործիչների: Ղարաբաղյան խնդրում հենց այս մտածողության արդյունքում ոմանք հայտարարում էին, որ անհնար է 3 միլիոնանոց Հայաստանով ու Ղարաբաղով հաղթել 7 միլիոնանոց Ադրբեջանին, որ անհնար է զենքի մեր ունեցած քանակով հաղթել Ադրբեջանին, որը մեզնից մի քանի անգամ գերազանցում է զենքի քանակով: Այդ մտածողությամբ էր, որ մենք 1995թ.-ի խորհրդարանական ընտրություններում Լեռնային Ղարաբաղում չունեցանք ընտրատարածքներ (1990-1995թթ. Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ միասին է ձևավորել Գերագույն խորհուրդը):
Ի՞նչ տվեց մեզ այդ զիջողականությունը: Զինադադա՞ր: Բայց չէ՞ որ զինադադարը հենց մեր կողմից էր զիջում:

Ազգ-բանակ խնդիրն արծարծելիս Տեր-Պետրոսյանը գիտակցաբար շրջանցում է նաև այլ՝ պատմությանը հայտնի հաջողված օրինակներից, որոնցում բացակայում են հենց իր կողմից մատնանշվող հիմնավորումները, որոնք ինքը որպես պայման է առաջ քաշում նման ծրագրի համար: Բերեմ օրինակներ՝ առանց խորանալու դրանց մեջ, վստահ, որ միայն պետությունների անվանումներն արդեն իսկ բավարար են:

Զօրօրինակ՝ Սպարտայի օրինակը, Շվեդիայի օրինակը՝ Կառլ XI-ի օրոք, Ռուսաստանի օրինակը՝ Պետրոս Մեծի օրոք, Ֆրանսիայի օրինակը՝ Նապոլեոնի օրոք, Հյուսիսային Կորեայի օրինակը, Սինգապուրի օրինակը՝ հենց այսօր, և այս շարքը կարելի է շարունակել: Գուցե վիճարկեն որոշներն այս առումով, հատկապես՝ Հյուսիսային Կորեայի պարագայում, բայց նրանք, ովքեր կցանկանան, ավելի խորն ուսումնասիրության արդյունքում կհանգեն հենց այն եզրակացությանը, որի մասին ասում եմ:

Շատ ավելի անհասկանալի է Տեր-Պետրոսյանի ելույթի հիմքում արծարծվող այն մտածողությունը, որ Հայաստանի բոլոր դժբախտությունների մեջ՝ կոռուպցիայից մինչև արտագաղթ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարցում մեր կողմից դրսևորվող սխալ, ոչ զիջողական դիրքորոշումն է: Եվ ընդամենն այս եզրակացությունը հիմավորելուց հետո Տեր-Պետրոսյանն իր իսկ խոսքում քանդում է իր տեսության հիմքերը՝ ասելով ուղղակի հետևյալը, որ՝ եթե չլիներ գործող իշխանությունների այն թալանը, որ առկա է հիմա, այսօր հնարավոր էր ունենալ 300.000 բնակչությամբ Լեռնային Ղարաբաղ և ժամանակակից զինտեխնիկայով հագեցած բանակ: Մեկնաբանություններն ավելորդ են:

Ըստ էության Տեր-Պետրոսյանը վերադառնում է պատերազմ, թե խաղաղություն ձևաչափին՝ նույն հիմնավորումներով, ինչ արել էր 18 տարի առաջ: Ու դարձյալ փաստարկելով իր, այսպես ասած, ճշմարտացիությունը՝ հասարակությանը փորձում է ապակողմնորոշել:
Իսկ ինչ մնում է այն հանգամանքին, որ նա արտագաղթի և բնակչության նվազման հիմքում դնում է նույնիսկ հնարավոր պատերազմի վտանգը, ապա, թերևս, մոռանում է իր ելույթի հիմնական մաս կազմող Իսրայելի օրինակը, որն իր իսկ խոսքերով՝ 1948թ.-ից գտնվելով անընդհատ պատերազմի մեջ, բնակչության թիվը 600.000-ից հասցրել է մոտ 7 մլն-ի: Չէի ցանկանա, որ առաջին նախագահն այս օրինակը համարեր եզակի, այլապես կստացվի, որ նա նույնպես տուրք է տալիս ազգային խտրականությանը:

Հակիրճ ասած՝ Տեր-Պետրոսյանն իր երկարաշունչ ելույթի հիմնական հիմնավորումները հերքում է իր իսկ ելույթի առանձին հատվածներով: Իսկ ինչ մնում է միջազգային իրավունքին, չեմ կարծում, թե դժվար է Տեր-Պետրոսյանի համար հետևել իր ծննդավայրում ընթացող գործընթացներին ու դրանցում միջազգային իրավունքի կիրառության հետևանքներին: Կարելի է բերել նախագահ Տեր-Պետրոսյանի ելույթում բազմաթիվ նման հակասություններ, բայց այս երեքը, կարծում եմ, լրիվ բավարար են հասկանալու համար մի պարզ ճշմարտություն. խաղաղությունը չեն մուրում, այն նվաճում են:

Հարգարժան նախագահ Լևոն Տեր-Պետրոսյան,

Ղարաբաղյան խնդրի կարգավորման խաղաղ գործընթացն իրական «շահեկան» մակարդակի բարձրացնելու խոչընդոտներից մեկը հանդիսանում է հենց այն սխալ պատկերացումը, թե ԼՂՀ կողմից վերահսկվող բոլոր տարածքների կամ նրանց մի մասի զիջումը կարգավորման գործընթացը կարող է մոտեցնել դրական արդյունքի:
Իրականում, թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ շրջանի մի մասի զիջումը չի մեղմացնի և, առավել ևս, չի բացառի ԼՂՀ-ն զավթելու՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններն ու ռազմական ջանքերը:

Հակառակը, թեկուզ միայն մեկ շրջանի կամ շրջանի մի մասի զիջումն Ադրբեջանի մոտ առաջ կբերի նոր «պասիոնարություն» և ավելի կոշտ ու ուժային դիրքերի նոր խթաններ, նոր փաստարկներ և նոր «ախորժակ»:

Այս ամենը կարող է հանգեցնել կանխատեսելի հետևանքների: Զգալով հայկական կողմի զիջողականությունը՝ Ադրբեջանը կսկսի գործել «եթե մենք վերցրել ենք սա, ապա կվերցնենք նաև մնացածը» սկզբունքով, կդիմի 23 տարիների ընթացքում հայերի կողմից «զավթված» տարածքներում հասցված վնասի ընդգծմանն ուղղված ցուցադրական գործողությունների՝ ներկայացնելով այդ վնասի փոխհատուցման պահանջներ, իսկ հայերի կողմից լքված զինադադարի գիծը, արդեն՝ որպես ադրբեջանական թիկունք, ռազմական առումով ԼՂՀ-ի դեմ ավելի վստահ կօգտագործվի ռազմական գործողությունների ձեռնարկման համար, հանձնված տարածքներ վերադարձված բնակչությունը կօգտագործվի ԼՂՀ-ի դեմ «չղեկավարվող», իսկ իրականում՝ ադրբեջանական իշխանությունների կողմից հրահրվող «պարտիզանական պատերազմի» համար, ինչպես նաև ադրբեջանական կողմից դեպի Հայաստան և ԼՂՀ բացված տրանսպորտային միջոցների ու կոմունիկացիայի դեմ դիվերսիոն գործողություններ կկազմակերպվեն:

Հետևելով ներկայիս քարոզչական իներցիային՝ Ադրբեջանը համապատասխան բնույթի տարբեր գործողությունների կդիմի, որոնց թվում կարելի է ենթադրել նյութական ու բարոյական վնասի փոխհատուցման, ինչպես նաև «ադրբեջանական տարածքների օկուպացիայի փաստի ու դրա հետևանքների համար» հայկական քաղաքական գործիչներին ու զինվորականներին միջազգային քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հայցերի ներկայացումը միջազգային դատական մարմիններ: Այն, որ միջազգային հարթակներում նման գործողությունները հատում են Ադրբեջանին, հեշտ է համոզվել՝ հիշելով, թերևս, 2008թ. դեկտեմբերի վերջին այդ երկրի կողմից ՄԱԿ-ում տարածված զեկույցները:

Թեկուզև մեկ շրջանի կամ նույնիսկ մեկ շրջանի որևէ հատվածի զիջումը սրման կրիտիկական կետի կհասցնի ներքաղաքական իրավիճակը ինչպես՝ Հայաստանում, այնպես էլ՝ ԼՂՀ-ում: Հայաստանում և ԼՂՀ-ում ի հայտ կգա ներքաղաքական խմորումների «Ադրբեջանին անհրաժեշտ կրիտիկական զանգված», որից նա կփորձի օգտվել:
Վերահսկվող տարածքները հօգուտ Ադրբեջանի զիջելու փոխարեն, ԼՂՀ-ին առաջարկելով անվտանգության միջազգային երաշխիքներ և իրավասուբյեկտության միջազգային սահմանափակ ինչ-որ միջանկյալ կարգավիճակ, միջազգային միջնորդները հարվածի տակ են դնում տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, որ հաստատվել ու խորն արմատներ է գցել վերջին 23 տարիների ընթացքում:

Հայկական կողմը չի կարող վստահել անվտանգության ադրբեջանական երաշխիքներին, որոնք նույնիսկ ամրագրված կլինեն միջազգային հանրության կողմից, քանի որ Ադրբեջանը շարունակում է այն ամենը, ինչը հնարավորություն չի տալիս նրան դիտարկել՝ որպես ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումն ապահովող հուսալի գործընկեր:

1995թ. փետրվարի 6-ին հակամարտության բոլոր երեք կողմերի ստանձնած Զինադադարի ռեժիմի ամրացման համաձայնագիրը չի կատարվում, և ավելին, Ադրբեջանը մտադիր չէ կատարելու նաև միջնորդների կողմից առաջարկված, այսպես կոչված, վստահության ամրապնդման միջոցառումները:

Ղարաբաղյան հակամարտության գոտում ձևավորված ռազմաքաղաքական հավասարակշռության յուրատիպությունն այն է, որ ժամանակակից աշխարհի այնպիսի անփոխարինելի արժեքի համար, ինչպիսին անվտանգությունն է, ԼՂՀ-ն հանդիսանում է ոչ թե՝ սպառող, այլ՝ արտադրող: Կարևոր է ընդգծել, որ աշխարհի քաղաքական քարտեզում 2008թ. որոշ սահմանափակումներով ճանաչված բոլոր նոր պետականությունները կան ու շարունակում են մնալ անվտանգության սպառողներ: Իր դե ֆակտո գոյության հենց սկզբից ԼՂՀ-ն հանդես էր գալիս՝ որպես անվտանգության տարածաշրջանային արտադրող, որը 1991-1994թթ. ինտենսիվ ու լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում կանգնեցրել էր Ադրբեջանի ագրեսիան և հիմնվելով սեփական բանակի ու Դաշտային Ղարաբաղի տարածքների վրա՝ շարունակում է ապահովել անվտանգությունը տարածաշրջանում: Այս համատեքստում վերջիններս հանդես են գալիս՝ որպես ռազմական գործողությունները չվերսկսելու ու հակամարտության գոտում պոտենցիալ ագրեսորի կողմից զինադադարի ինտենսիվ «ապասառեցումից» զերծ պահելու երաշխիքներ:

Գառնիկ Իսագուլյան
«Ազգային Անվտանգություն» կուսակցության նախագահ

Տեսանյութեր

Լրահոս