«Հայ ժողովուրդը պետք է դուրս գա քաղաքական և հոգեբանական թակարդից, այլապես երկրում տիրող իրավիճակը կպայթի». Վիտալի Պորտնիկով
168.am-ի զրուցակիցն է ուկրաինացի վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը
– Պարոն Պորտնիկով, Հայաստանում երեկ ավարտվեց երկու շաբաթ շարունակվող ճգնաժամի թեժ փուլը, երբ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները որոշեցին զենքը վայր դնել ՝ չգնալով արյունահեղության ճանապարհով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ և ինչո՞ւ տեղի ունեցավ նման արմատական գործողություն Երևանում: Ինչպիսի՞ հետևություններ ունեն անելու իշխանությունը, ընդդիմությունն ու հասարակությունը:
– Ես մնում եմ իմ այն տեսակետին, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ողջ հետխորհրդային տարածքում առկա ճգնաժամի տրամաբանության ներքո պետք է ընկալել: Սա, ցավոք սրտի, անխուսափելիորեն հանգեցնելու է շատ ավելի ճգնաժամային հետևանքների, քան այն, ինչի ականատեսն եք դառնում այս օրերին Երևանում:
Ուկրաինայում տնտեսության ու քաղաքական հնարավորությունների ճգնաժամն ավարտվեց Մայդանով, իշխանության փոխանցմամբ մեկ ուժից մյուսին, քանի որ մաքրված չէր քաղաքական մրցակցության դաշտը: Ուկրաինայում հետևյալ պատկերն էր ձևավորվել՝ պահպանվում էր մեծ ընդդիմություն Ռադայում, բավականին գործուն գործիք էին փողոցային բողոքի ակցիաները: Այս երկու գործիքների միջոցով հաղթահարվեց Ուկրաինայի տնտեսական ու քաղաքական ճգնաժամը:
Իսկ հիմա խոսենք Հայաստանի մասին: Վերջին տարիների ընթացքում Հայաստանում համարյա թե ամեն ինչ արվել է ոչ միայն նրա համար, որպեսզի իշխանությունը դառնա անայլընտրանքային, արվել է նաև ամեն ինչ, որպեսզի խորհրդարանական ընդդիմությունը մարգինալանա: Ուստի իշխանությանը լուրջ մրցակից ընդդիմության շարքերում չի երևում:
Ամենասարսափելին, ինչ արվել է, կրկին արվել է ամեն ինչ փողոցային բողոքի ակցիաների մարգինալացման համար: Հասարակության համար այլևս ակնհայտ է, որ այն ընդդիմությունը, որը կազմակերպում է փողոցային ակցիաներ, չի գնալու վճռական գործողությունների, այլ օգտագործելու է այդ փողոցային բողոքի ակցիաները բացառապես սեփական քաղաքական ռեյտինգի համար, որպես իշխանության հետ քաղաքական առևտրի գործիք:
Այսպիսով՝ Հայաստանում այս երկու կարևոր գործիքները՝ խորհրդարանական ընդդիմությունը, փողոցային նախաձեռնություններն այլևս չունեն հասարակության վստահությունը: Մարդիկ կարծում են, որ նրանց միջոցով ոչինչ փոխել հնարավոր չէ: Եվ ի՞նչ պետք է տեղի ունենար այս իրավիճակում: Հայաստանում ստեղծված այդ մթնոլորտը հանգեցրեց բողոքական տրամադրությունների անխուսափելի արմատականացման: Սա պետք է հասկանալ: Սա այս դեպքում բնական զարգացում էր:
– Ինչպիսի՞ դերակատարություն ունեցավ այդ տրամադրություններում ապրիլյան պատերազմը Ղարաբաղում և խոսակցությունները, որ Հայաստանը Ռուսաստանի ճնշումների ներքո գուցե տարածքներ հանձնի Ադրբեջանին:
– Ակնհայտ է այն փաստը, որ արմատականացումը մեծապես ղարաբաղյան ճակատում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքն էր: Եթե նախկինում թվում էր, թե պետք է պահպանել կայունություն և համաձայնել այն ամենին, ինչ կթելադրի Ռուսաստանը, քանի որ Ռուսաստանը ստատուս-քվոյի պահպանման միակ երաշխավորն է Ղարաբաղում, ապա ներկայումս արդեն պարզ է, որ դա ամենևին էլ երաշխիք չէ, և, որ ոչ մի բարիդրացիական հարաբերություն Ռուսաստանի հետ, ոչ մի տեսակի կախվածություն Ռուսաստանից չի կարող երաշխավորել այն, որ իրավիճակը կպահպանվի իր ներկայիս տեսքով այսուհետ ևս: Ես նույնիսկ կասեի, որ հայ ժողովուրդն ինքն է իրեն մղել քաղաքական և հոգեբանական թակարդի մեջ, ի դեպ, ոչ այսօր: Այդ թակարդից իսկապես դուրս գալ է պետք:
– Ինչպե՞ս դուրս գալ այդ թակարդից: Ի դեպ, իրենց պայքարի հանգրվանին խմբավորման առաջնորդը նշեց, որ իրենց պայքարն ապագաղութացման դեմ է:
– Ես համաձայն եմ, որ պետք է պակասեցնել Ռուսաստանից կախվածությունը, բայց անհնար է իջեցնել այդ կախվածությունը՝ չլուծելով ԼՂ հակամարտությունը և չգտնելով հարևան երկրների հետ հարաբերությունների ոսկե միջին: Հայաստանին, իրականում, պետք է ոչ թե Ռուսաստանի աջակցությունը, այլ անվտանգության երաշխիքներ, որոնք նրան կարող են տալ իր բոլոր հարևան երկրները՝ ինչպես Իրանն ու Վրաստանը, այնպես էլ՝ Թուրքիան և Ադրբեջանը: Առանց նման երաշխիքների՝ երկրում տիրող իրավիճակը շարունակվելու է մինչև անվերջություն և հանգեցնելու է իրավիճակի ավելի ու ավելի արմատականացման:
Այդ դեպքում մենք Հայաստանի փոխարեն կտեսնենք իրար հետ մրցակցող խմբավորումներով մերձավորարևելյան մի երկիր: Սա չափազանց վտանգավոր է, քանի որ Հայաստան պետությունը դրա համար չի ստեղծվել: Բայց կրկին ասեմ, որ անհնար է նման երաշխիքներ ստանալ՝ չլուծելով ԼՂ հիմնահարցը: Մի կողմից՝ Հայաստանի արմատական գործիչները Ռուսաստանին մեղադրելու են նրանում, որ ցանկանում է լուծել ԼՂ հակամարտությունը, և չեն համաձայնելու գոնե վերահսկվող շրջանների մի մասի հանձնմանը, իսկ մյուս կողմից՝ առանց ԼՂ հակամարտության կարգավորման՝ անհնար է պակասեցնել Ռուսաստանից կախվածությունը: Բայց, որպեսզի հնարավոր լինի լուծել այս դիլեման, պետք է վերադառնալ խնդիրների առաջադրման քաղաքական եղանակներին, անհրաժեշտ է, որպեսզի հայ հասարակությունը հասկանա, որ միայն քաղաքական երկխոսությունը խորհրդարանում, միայն ճիշտն այն մասին, թե ինչ է կատարվում երկրում և երկրի շուրջ, գիտակցումը, որ երաշխիքները չեն ստացվելու նույնիսկ ոչ Ռուսաստանից, նույնիսկ ոչ ԱՄՆ-ից, քանի որ մենք Ուկրաինայում տեսանք թե ԱՄՆ-ի, թե Մեծ Բրիտանիայի անվտանգության երաշխիքների էությունը, երբ գրավեցին Ղրիմը, իրական անվտանգության երաշխիքները կարող են ստացվել միայն այն դեպքում, երբ գտնվի հարևանների հետ համագործակցության այն հայտարարը, որն ապագա Հայաստանի երաշխավորը կդառնա:
Ես կցանկանայի խոսել այն տարբերակի մասին, որն իր համար Իսրայելն է ուրվագծել: Իսրայելը գործընկերային հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ, սա ճիշտ ուղղություն է անվտանգության ապահովման տեսանկյունից, բայց սա ամենևին էլ բավարար չէ: Իր որոշ հարևանների հետ Իսրայելն ունի համաձայնագրեր, մյուսների հետ՝ չհարձակման ոչ ֆորմալ պայմանավորվածություններ: Այս ամենը թույլ է տալիս լուծել ներքաղաքական խնդիրները՝ նույնիսկ ամբողջությամբ չլուծելով բռնակցված տարածքների հարցը: Իսրայելի հասարակության շրջանում ևս անընդհատ քննարկումներ են ծավալվում այն մասին, թե ինչ ճակատագիր պետք է ունենան այդ տարածքները:
Մինչ սիրիական պատերազմն այս քննարկումները կառուցողական բնույթ էին կրում, կար տարբերակ՝ լուծել հոլանական բարձունքների հարցը՝ պայմանավորվելով Սիրիայի հետ, ինչ որ մեկն ասում է, որ հոլանական բարձունքները մշտապես պետք է Իսրայելի մի մասը լինեն: Սրանք մանր օրինակներ են, շատ ավելի լուրջ տարբերակներ են քննարկվում: Բայց սա փողոցային բնույթի քննարկում չէ, սա քննարկում չէ, որն ավարտվում է ոստիկանական բաժանմունքների գրավմամբ, սա քննարկում է, որը ծավալվում է խորհրդարանում ու ԶԼՄ-ների էջերում: Եթե Հայաստանում չբացվի այս կաթսան, ապա, ցավոք սրտի, վաղ թե ուշ իրավիճակը կպայթի: Ներկայիս իրավիճակն ապացուցում է այդ պայթյունի հավանականությունը:
– Թուրքիայի և Ադրբեջանի դեպքում, եթե նույնիսկ Ձեր նշած երաշխիքները կարող են ստացվել, ապա միայն տարածքների հանձնման ճանապարհով: Այսինքն՝ Ղարաբաղի շուրջ շրջանների հանձնումն այն գի՞նն է, որը Հայաստանը պետք է վճարի իր ազատության և անվտանգության համար:
– Ես կարծում եմ, որ հայերն իրավունք ունեն քննարկել՝ ինչ հանձնեն, ինչը չհանձնեն: Այս առնչությամբ պետք է ծավալել կիրթ, լուրջ, քաղաքական երկխոսություն, քննարկումներ: Ես շատ եմ ասել, որ ճիշտ չեմ համարում, որ Հայաստանի Հանրապետությունը ԼՂ-ի պատանդն է: Ես կցանկանայի, որ հայերը դա քննարկեին: Այս քննարկումները հնարավոր կլինեն և արդյունավետ այն դեպքում, երբ իշխանությունն ունենա փոփոխվելու ունակություն, երբ երկրում լինի լուրջ ընդդիմության, կոռուպցիան վերանա, այն դեպքում, երբ իշխանությունը կվայելի հասարակության վստահությունը: Իշխանությունը, որը մի կողմից՝ պետք է պահպանի պետական անկախությունը, մյուս կողմից՝ չի վայելում հասարակության վստահությունը, վաղ թե ուշ կորցնում է ցանկացած դիրք ազգային շահերի պահպանման իր գործում: Սա է պետք հասկանալ: