«Բոլորս էլ ունեցել ենք թերություններ, սխալներ». Արթուր Բաղդասարյան

«Համախմբում», «վստահություն», «ազգի խնդիրներ» և այլ համանման վեհ խոսքերի առատություն էր այսօր տիրում «Օրինաց Երկիր» կուսակցության (ՕԵԿ) նախաձեռած «Հայկական վերածնունդ» անվանումով նոր քաղաքական-հասարակական միավորման առաջին ժողովի ժամանակ: ՕԵԿ-ականները հուսով են, որ իրենց նոր միավորումը կաճի, կբարգավաճի ու, ըստ ամենայնի, նոր կուսակցության կվերածվի: Եվ այս ընթացքում, թերևս, ՕԵԿ-ն իր անունն էլ կփոխի՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին նոր դեմքով հանդես գալու համար:

Եվ կարևոր չէ, թե ինչ կորած-մոլորած կազմակերպություններ են «հիմնում» նոր միավորումը, կարևորը դրանց թիվն է՝ 60: Միավորման անդամ հասարակական կազմակերպություններից (հ/կ) են՝ «Ջավախեցի», «Ռոմելա», «Մարինե», «Ֆլորա», Աուդիտորական միություն, «Հայացք», «Աղավնի», «Ալեն», «Կանանց աջակցության խումբ», «Հույսի պատուհան», «Անարդարության հաղթահարումը մայր հայրենիքում», «Տղամարդիկ», «Բնության բարեկամներ», «Թռիչք», «Հոգեբանական հետազոտությունների կենտրոն», «21-րդ դարի հայորդիներ», «Լինենք բարի», «Միշտ երիտասարդ», և այլն: Համախմբվողների թվում կան նաև կուսակցություններ՝ «Միավորված հայեր», «Հայկանդուխտ ավանդապաշտ կանանց», «Ագրարային», «Հայոց հայրենիք», «Մեր տունը Հայաստանն է», Լիբերալ-ժողովրդական, և այլն: Իսկ միավորման հեղինակությունը բարձրացնելու համար հայտարարում են, թե իրենց են միացել անգամ գիտնականներ՝ գիտությունների թեկնածուներ և դոկտորներ:

Ի՞նչ մթնոլորտ էր «Հայկական վերածնունդի» ժողովում: Գրեթե Խորհրդային Միության «ուռա»-ներով ուղեկցվող ելույթներ ու ելույթի չափ տևող ծափահարություններ: Ժողովից հետո՝ ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի կցկտուր պատասխաններ լրագրողներին, ու կուսակիցների կողմից անձի պաշտամունքի դրսևորումներ՝ իրենց ղեկավարի հանդեպ. մեկը մեկից առաջ անցնելով ՕԵԿ-ականները փորձում էին բաժակ խփել նորընծա «դավթի» հետ:

Ընդ որում, Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ իր ետևից «մինչև հաղթանակ» կգնա նաև ժողովուրդը: Խուսափելով որևէ հակադրությունից, Բաղդասարյանն առաջարկում է ձերբազատվել ամբիցիաներից, կոչ է անում համախմբման ու միաժամանակ հայտարարում, որ խորհրդարանական քաղաքական ուժերի հետ միանալու որևէ նպատակ չունի:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի ստեղծած նոր ուժի հետ համախմբվելու մասին հարցը լսելիս Արթուր Բաղդասարյանի ձեռքերը սկսեցին դողալ:

Զսպելով ակնհայտ նյարդային շարժումները՝ նա հայտարարեց, թե տաբուներ չկան, և ընդհանրապես պետք է համագործակցել բոլորի հետ: «Քննադատություններ եղել են իմ հասցեին, մի մասը՝ հիմնավոր, մի մասը՝ անհիմն, բոլորս էլ ունեցել ենք թերություններ, սխալներ, հիմա մենք եկել ենք եզրահանգման՝ ազգին անհրաժեշտ է համախմբում»,- ասաց Բաղդասարյանն ու սեփական բանկետից դիմեց փախուստի:

Նրա հավատարիմ կուսակից, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը լրագրողներին փորձեց ետ պահել Բաղդասարյանի հետևից գնալուց ու հրամցրեց շամպայնով լի բաժակները: «Վերցրեք, շնորհավորեք, իրար շնորհավորե՛նք, էսօր լավ օր է, պատվերով հարցերը թողեք հետո»,- կրկնում էր Բիշարյանը:

Զարմանալիորեն, ՕԵԿ-ականները չէին էլ թաքցնում, որ «համախմբվողների» շարքում հ/կ-ների կարգավիճակով հանդես են գալիս հենց ՕԵԿ անդամներ: «Ապագա մանկավարժների միավորում» կազմակերպության ղեկավարն ՕԵԿ-ական Վահե Մոսինյանն է, ով նախ՝ հայտարարեց, որ միայն 2 շաբաթ առաջ են տեղեկացել միավորման մասին: Ապա, դեկլարատիվ հայտարարություններից հետո Մոսինյանը նշեց, թե գործնական քայլերը դեռ պետք է մշակվեն, բայց իրենք պետք է ուժ ներկայացնեն, որ մի օր էլ փողոց դուրս գան: Թե ի՞նչ հեռանկարով՝ երիտասարդ ՕԵԿ-ականը չմանրամասնեց:

Փոքր ձեռներեցությամբ զբաղվողների հայկական միության նախագահ Ստեփան Ասլանյանը, ով նույնպես ՕԵԿ անդամ է, հայտարարեց, թե քաղաքական դաշտում այլընտրանք չեն տեսնում: Իսկ ինչո՞ւ է ՕԵԿ-ականը սեփական կուսակցության նախաձեռնությանը միանում՝ որպես այլ կազմակերպություն. Ասլանյանը հայտարարեց, թե խորհրդի անդամներն ՕԵԿ անդամներ չեն, նաև համատեղ պայքարի հաջող փորձ են ունեցել:

Անապահով ընտանիքների և ծնողազուրկ երեխաների խնդիրներով զբաղվող «Լինենք բարի» հիմնադրամի համահիմնադիր Ելենա Խանամիրյանը պնդելով, թե կուսակցական չէ, ասաց, որ հրավերը ստացել են 1 շաբաթ առաջ ու միացել են զուտ հետևելով համախոհ հ/կ-ների օրինակին:

Գյումրիից «Նոր հայացք» հ/կ նախագահ Սոնյա Սարգսյանի կարծիքով՝ ժողովուրդը պետք է վստահի այս միավորմանը: Բայց մեր փորձերը՝ ճշտելու, թե արդյոք ինքն անձամբ վստահո՞ւմ է Արթուր Բաղդասարյանին, ում առաջին հերթին շիրակցիներն էին կնքել՝ «դավաճան», արդյունք չտվեցին: Սոնյա Սարգսյանը լղոզված պատասխան տվեց, թե քաղաքականությունը շատ կեղտոտ դաշտ է, ու գյումրեցիները շատ լավ գիտեն պատմական փուլերը, իսկ ինքը վստահում է մտքերին ու գաղափարներին:

Միջոցառմանը թոռնիկի հետ մասնակցում էր նաև 2 տարի առաջ «Ժառանգությունը» լքած ու ՕԵԿ համակիր դարձած Կարինե Հակոբյանը: Այժմ նա հավատում է, որ ՕԵԿ-ը ներկայացնում է այն շահերը, որ «ժողովրդի սրտից է բխում»: Նա ևս չվարանեց խոսել վստահության մասին ու պնդեց, թե՝ «եթե ՕԵԿ-ը հիմնավորված ներկայացնում է, ուրեմն պիտի ժողովուրդը վստահի»:

Ինչի՞ վրա է հույս դրել Արթուր Բաղդասարյանը: Չէ՞ որ ժողովրդի հիշողությունը բոլորովին կարճ չէ: Եվ քաղաքական միավորման անունը փոխելով՝ նույն դեմքերով ու նույն գաղափարներով բովանդակություն հնարավոր չէ փոխել:

Տեսանյութեր

Լրահոս