Կարո Արմենյան. «Ներքաղաքական դաշտում տեղի ունեցածը կարող է նորից կրկնվել, եթե հիմնովին չհեղաշրջվի Հայաստանի քաղաքական մշակույթը»
Հարցազրույց ՀՅԴ անդամ, Westinghous և Siemens միջազգային ընկերությունների
Պետական ֆինանսների նախկին տնօրեն Կարո Արմենյանի (ԱՄՆ) հետ, ով իբրև ՀՅԴ Բյուրոյի նախկին անդամ` մասնակցություն է ունեցել կուսակցության քաղաքական հարաբերությունների կերտմանն ու Հայ Դատի հանձնախմբի աշխատանքներին:
– Պարոն Արմենյան, ինչպե՞ս եք մեկնաբանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստան-Թուրքիա արձանագրություններն ԱԺ-ից հետ կանչելու վերաբերյալ որոշումը:
– Առանց վերապահության ողջունում եմ Հայաստանի նախագահի այս որոշումը և այն համարում եմ այս ուղղությամբ ձեռնարկված առաջին կարևոր քայլը։ Ինձ թվում է` Հայաստանն այս քայլն ավելի՛ շուտ կարող էր անել` նոր որակ հաղորդելով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին։ Բայց այսօր արդեն այլ իրողություն ունենք, և պետք է արձանագրել, որ գլխավոր քայլը կատարված է: Շատ կարևոր եմ համարում որոշումը հրապարակայնացնելու` նախագահի ընտրած ձևը:
Ազգային Ժողովի նախագահին ուղղված նրա նամակը, իր ուշագրավ հիմնավորումներով, ամբողջությամբ ուղղված է նաև միջազգային հանրությանը։ Այն գալիս է ավելանալու նախագահի կայքէջում տեղադրված հստակեցումների հուշագրին, ինչպես նաև, Սերժ Սարգսյանի` ՄԱԿ-ում ունեցած ելույթին։ Եվ այս ամենը միասին ձևավորում են այս գործի էական թղթապանակը:
Անժխտելի է, որ արձանագրությունները դժվարացրել են Ցեղասպանության ճանաչման գործընթացն ԱՄՆ-ի Կոնգրեսում և այլուր։ Ճիշտ է` այս հարցում հնարավոր չէ միանշանակ ու անվիճելի լինել, բայց կա այդպիսի կապ, և դա մի գին է, որ վճարեցինք դիվանագիտությանը։ Այսօր ևս (թեկուզ պարտականություններից խուսափելու համար) ԱՄՆ-ում և Եվրոպայում հաճախ են մեր առջև դնում արձանագրությունների փաստը` Հայաստան-Թուրքիա հարաբերությունները չխանգարելու նշանաբանով։ Շատ կարևոր է, որ Հայաստանը ժամկետ ճշտի և հիմիկվանից արդեն Թուրքիային տեղյակ պահի, թե երբ է կատարելու հաջորդ քայլը` արձանագրությունները չեղյալ հայտարարելու մասին: Առանց այդ չճշտված ժամկետի` նախագահի այսօրվա որոշումը կորցնում է իր ուժը և դիտվում է` որպես ներքին սպառմանը ծառայելու միտված նախաձեռնություն։ Իհարկե, արձանագրությունները չեղյալ հռչակելը չի նշանակում` գիծ քաշել Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի վրա։
Այն պարզապես նշանակում է` վերջնականապես ընդունել արձանագրություններով ձևավորված երկխոսության ձևաչափի ձախողությունը (դրա համար պատասխանատու համարելով Թուրքիան)։ Այն օրվանից, երբ Թուրքիան որոշեց սառեցնել վավերացման գործընթացը, այդ օրն իսկ արդեն Թուրքիան գործնականորեն ձախողված հռչակեց արձանագրությունները։ Հետևաբար` Հայաստանի համար չեղյալ հայտարարելը նշանակում է` փաստի ուժով (ipso facto) պահանջել, որ ապագա բանակցությունները դրված լինեն նոր և գործնական հողի վրա։
«Առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ» ձևաչափը ենթադրում է, որ երկու կողմերը նաև հստակեցնեն ապագա երկխոսության գլխավոր պայմանները: Իմ կարծիքով, արձանագրությունները պետք է չեղյալ հայտարարվեն 2015-ի ապրիլից առաջ, որպեսզի ԱՄՆ-ի և Եվրոպայի ներքին քաղաքական բեմի վրա դաշտը հստակեցվի: ԱՄՆ-ի համար, հատկապես պետքարտուղարի մակարդակով, վարկաբեկիչ էր սառեցման մասին Թուրքիայի որոշումը. մենք պետք է օգտվենք այդ հանգամանքից:
– Հայաստանի վերջին ներքաղաքական բախումների առումով ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում:
– Կասկած չկա, որ նախագահ Սարգսյանի և Ծառուկյանի միջև բացված խրամատը` իր բոլոր թշնամական դրսևորումներով, մեծապես վտանգավոր կացության մեջ է դնում երկիրը։ Այս երևույթը լրջորեն խոցելի է դարձնում մեր պետությունը` միջազգային հանրության առջև և ծանր հարված է հասցնում երկրի ներքին միասնականությանը, մանավանդ` այնպիսի մի ժամանակաշրջանում, երբ մենք պատրաստվում ենք ազգովին նշելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը։
Ցավալի է, որ ներքաղաքական առճակատումը սկսվեց այնպիսի մի ժամանակ, երբ երկիրն անհրաժեշտություն ունի հզոր միակամությամբ դիմագրավելու արտաքին սպառնալիքներին։ Այն, ինչ տեղի ունեցավ, պատահական չէ և կարող է նորից կրկնվել ցանկացած ժամանակ, եթե հիմնովին չհեղաշրջվի Հայաստանի քաղաքական մշակույթը, որն իր նորմերով հակասում է ժողովրդավարության արժեքային համակարգին: Հայաստանում տեսակետների բախումը հետզհետե փոխարինվում է անհատական շահերի բախումով։ Քաղաքական բանավեճն իր իմաստը կորցնում է, երբ բոլոր վեճերը սկսում են հարթվել բիրտ ուժի միջոցով: Ես հույսեր ունեմ, որ տեղի ունեցածը կհարթվի նոր իմաստությամբ, որ կմղի հավաքականորեն դուրս գալու այս թակարդից: Իսկ դուրս գալուց հետո պետք է սկսել կարևոր գործընթաց. այն է` մեր ազգային համաձայնության եզրերը հստակեցնել և ազգովին նվաճել սահմանադրական փոփոխությունների մեծ ու կարևոր հանգրվանը։
– Ըստ լուրերի, նախագահ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ ջանքերով: Ինչպե՞ս եք գնահատում ՀՅԴ դերակատարումը` Հայաստանի քաղաքական դաշտում:
– Ուրախ եմ, որ ՀՅԴ միջամտությամբ և այլոց հորդորներով երկու կողմերն արդեն հանդիպել են: Հույս ունեմ, որ այդ խոսակցություններում, ի վերջո, վճռական դեր են ունեցել լայնախոհությունն ու հեռատեսությունը: Ինչ վերաբերում է մեր կուսակցության դերակատարմանը, ապա քաղաքական բեմահարթակի բոլոր ուժերն էլ քաջ գիտեն, որ անկախ պետականության առաջին օրերից սկսած Դաշնակցության մտածողության առանցքը եղել է` մեկ համապարփակ ռազմավարությամբ դիմագրավել երկրի արտաքին և ներքին մարտահրավերներին:
Այնուամենայնիվ, անժխտելի է, որ այդ ռազմավարական կերպարի (model) մեջ արտաքին սպառնալիքների որակական կշիռը շատ ավելի մեծ է և պահանջում է գործի դնել մեր ազգային կարողականությունների ամբողջ զորաշարժը` ուժերի խմբավորումը:
Այս իրողությունն ընդունելուց հետո պետք է նաև շեշտել, որ արտաքին մարտահրավերներն անմիջականորեն առնչվում են երկրի ներքին մարտահրավերներին։ Այդ երկուսը պայմանավորված են միմյանցով և պարտադիր ու անխուսափելի են դարձնում երկրի բոլոր ուժերի անկեղծ համագործակցությունը։ Եվ այստեղ է, որ Հայաստանին մինչև հիմա դեռ չի հաջողվել կերտել անցման ներկա փուլի համար անհրաժեշտ «ոսկե միջինը»։
Եվ հենց այս խնդիրն է, որ Դաշնակցությունը դրել է մեր հասարակության առջև` իր առաջադրած համակարգային փոփոխությունների փաթեթով։ Իշխանական համակարգը մինչև հիմա իր բաժին «բեռը» մերժել է վերցնել, և այս իրավիճակը հետզհետե ավելի է վատթարանում։ Մեծացող արտաքին վտանգի դիմաց` համակարգի ինքնաքայքայման ընթացքն ինքնին դարձել է ավելի մեծ վտանգ։ Այս իրականությունն է, որ պետք է շրջել առաջին հերթին։ Իրականությունը պետք է շրջվի` կառուցելով ժողովրդի իշխանություն, որ կարող է վստահորեն դիմագրավել արտաքին վտանգներին։
Մենաշնորհային համակարգն անհնարին է դարձրել մինչև հիմա երկրի քաղաքական կենտրոնի առաջացումը` երկրի քաղաքական բեմի վրա, ուր քաղաքացիական ուժերը կարող են համակեցության և քաղաքական առողջ բանավեճի միջոցով երկիրը պատրաստել բնականոն հերթափոխության։ Ներկայումս գոյություն ունի ուժի մի անարդար և կործանիչ կենտրոնացում երկրում, որ ինքնաբերաբար բարոյալքում է քաղաքացուն։ Դաշնակցության խնդիրը պիտի լինի` ազատագրել քաղաքացուն և ուժը վերադարձնել իր իսկական իրավատիրոջը։ Պարզ խոսքով` ամրագրել երկրի կենսունակության (viability) հիմքերը:
Այն յոթ կետերը, որ ՀՅԴ-ն առաջադրել է երկիրը փակուղուց դուրս բերելու հստակ մտասևեռմամբ, և նրանցից բխող սահմանադրական փոփոխությունների առաջարկված փաթեթը մեր դաշինքն են մեր ժողովրդի հետ և մեր երկրի հզորության ամուր գրավականը։ Հայրենի պետականության առջև ծառացող մարտահրավերները, բնականաբար, չէին կարող չքննարկվել նաև ՀՅԴ` վերջերս կայացած 32-րդ ընդհանուր ժողովի ընթացքում, որտեղ նաև հայ ժողովրդի այն բոլոր հիմնական խնդիրները քննարկվեցին, որոնք բխում են համաշխարհային իրականության բարդ գործընթացներից:
– Իսկ իբրև նաև տնտեսագետ` ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներկա տնտեսական վիճակը:
– Վերջին շրջանում Հայաստանի տնտեսությունը` ազգային դրամի հետ կապված, մեծ ճգնաժամ ապրեց, բայց Հայաստանի տնտեսական դժվարությունները գոյություն ունեին դեռևս դրամի արժեզրկումից շատ ավելի առաջ։ Պարզապես նրանք ծածկված էին տնտեսական ժամանակավոր և նկատելի չափով խաբուսիկ «աճի» քողի տակ։ Իհարկե, պետք չէ ժխտել, որ Հայաստանի տնտեսությունն առաջխաղացում ունեցավ խորհրդային տնտեսակարգից իր առաջին անցման փուլում: Բայց այդ փուլը շատ շուտով սպառեց իրեն։ Նոր ժամանակները ծնեցին այն մենաշնորհային համակարգը, որի հակակշռի տակ են այսօր գտնվում տնտեսության բոլոր հիմնական լծակները։ Իսկ մենաշնորհային համակարգը ոչ այլ ինչ է, եթե ոչ` ներկա իշխանական համակարգը։
Նույն համակարգն է, որ ինքն իրեն վերարտադրում է երկրի քաղաքական և տնտեսական երկու բնագավառներում` իր փոխսնուցիչ մեխանիզմներով։ Հայաստանի տնտեսության մեծագույն հարցն այսօր վերաբաշխման կենսական գործոնի ողբալի թուլությունն է. մի պահ անտեսելով գիտական նրբությունները, նույնիսկ համարձակվում եմ ասել` նրա էական բացակայությունը երկրի տնտեսության մեջ։
Ներկա տիրող մենաշնորհային համակարգն առհասարակ առաջնորդվում է երկրի բնական հարստություններն ու հնարավորությունները շահագործելու և միայն իրեն հարստացնելու նեղ տեսլականով։ Շահագործման այս ծավալուն գործողություններից գոյացած շահույթը չի վերածվում երկրի ներսում ներդրումային դրամագլխի (կապիտալի) և չի ստեղծում նոր աշխատատեղ։ Այդ շահույթը դուրս է գալիս Հայաստանից և մտնում օտարերկրյա տնտեսություններ։ Սա էլ իր հերթին` ստիպում է, որ թարմ աշխատուժը դուրս գա երկրից։
Իմ կարծիքով, մեր տնտեսության այս մեծ ձախողությունն է, որ նշանակալի չափերով խթանել է արտագաղթը։ Որպես կանոն, դրամի անկումն իր ստեղծած ժխտական հետևանքների կողքին պետք է նաև Հայաստանն արտաքին ներդրողների համար գրավիչ դարձնի, բայց մենք այսօր տեսնո՞ւմ ենք այդ դրական կողմը: Չնայած, գուցե շուտ է այդ շրջադարձը նկատելու համար, երբեմն փորձը ցույց է տալիս, որ միշտ չէ, որ պետք է թերահավատ լինել, բայց, իմ կարծիքով, այդպիսի տեղաշարժ հնարավոր չէ ակնկալել այնքան ժամանակ, քանի դեռ տնտեսական լծակները բռնագրավված են մենաշնորհային համակարգի կողմից: Համակարգ, որ ինքն էլ շահագրգռված չէ նոր ներդրումների հոսանք առաջնորդելու։ Իսկ երբ մենք խոսում ենք համակարգային փոփոխությունների կենսական անհրաժեշտության մասին, նկատի ունենք քաղաքատնտեսական այս հսկա տեղաշարժը, որ անհրաժեշտ է երկրին` ներկա փակուղուց դուրս գալ կարողանալու համար։