Բաժիններ՝

ՀՀ նախագահն ինչպե՞ս կարող է մի կողմից Բռնադատվածների հուշահալիրին, մյուս կողմից այդ ոճիրի հեղինակներից մեկի մահարձանին ծաղիկներ դնել

Տեսնես կլինի՞ մի օր, որ մեր պաշտոնյաներն ու նրանց լուսաբանող ԶԼՄ-ները հիշեն, թե երեկ կամ մոտ անցյալում իրենք ինչ են ասել կամ արել, հիշեն իրենց իսկ կառավարության կողմից ընդունված որոշումների ու հայտարարությունների մասին:

3 դրվագով պարզաբանեմ հարցիս էությունը:

Դրվագ առաջին. ՀՀ կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի հ.258 որոշմամբ 1949 թվականի հունիսի 14-ին զանգվածային բռնաճնշումների 50-ամյակի առթիվ հունիսի 14-ը ճանաչվել է որպես Ստալինյան բռնաճնշումների հիշատակի օր:

Այնինչ, ՀՀ նախագահի պաշտոնական կայքում կարդում ենք հետևյալ լուրը. «ՀՀ նախագահը 2008թ. դեկտեմբերի 3-ին` Բռնադատվածների օրը, մասնակցել է նաեւ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հրապարակում Բռնադատվածների հուշահամալիրի բացմանը, ծաղիկներ է դրել հուշարձանին»: Նկատեցի՞ք՝ դեկտեմբերի 3-ը ՀՀ նախագահի պաշտոնական կայքում նշվել է Բռնադատվածների օր, իսկ ՀՀ կառավարության վերոնշյալ որոշմամբ այդ հիշատակի օրը հունիսի 14-ն է հայտարարվել: Հարց է ծագում՝ ո՞ր օրն է ճիշտ:

Երկրորդ դրվագ, բռնադատվածների վերաբերյալ Ստալինի որոշումների տակ ստորագրել է նաև Միկոյանը, ով պատմության առաջ պատասխանատվություն է կրում միլիոնավոր մարդկանց գնդակահարելու, աքսորելու փաստի համար, ում հուշարձանն առաջարկում է դնել այսօրվա իշխանությունը: Ենթադրենք դրվեց, որի բացմանն անպայման գնալու է ՀՀ գործող նախագահը: Պաշտոնական լրատվությունն այն ներկայացնելու է: Տեսնելով այդ ռեպորտաժը՝ մեր ժողովուրդը բնական հարց է տալու. «Չհասկացանք, ՀՀ նախագահն ինչպե՞ս կարող է մի կողմից Բռնադատվածների հուշահալիրի առջև խոնարհվել ու ծաղիկներ դնել, որի մասին փաստում են նաև պաշտոնական կայքում դրված նկարները, մյուս կողմից մասնակցել այդ ոճիրի հեղինակներից մեկի հուշարձանի բացմանն ու իհարկե էլի ծաղիկներ դնել»: Այնպես որ, այս մասին էլ թող մտածեն այն պաշտոնյաները, ովքեր վերջնական որոշում են կայացնելու Միկոյանի արձանը դնելու մասին:

Երրորդ դրվագն էլ այն փաստն է, որ Բռնադատվածների հուշահամալիրի պաշտոնական բացումն արվել է, որին ՀՀ նախագահն անձամբ մասնակցել ու ծաղիկներ է դրել, սակայն, ըստ բռնադատվածների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպության նախագահի, այդ հուշահամալիրը պաշտոնական գրանցում չի ստացել:

Ինչպե՞ս կարող է նման բան պատահել:

Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս