Որտե՞ղ է Հայաստանի շահը
«Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց, որ պայմանագրում հաշվի են առնված ՄՄ երեք երկրների շահերը: Որտե՞ղ է Հայաստանի շահը, թե՞ մենք մեր շահերը միշտ հարմարեցնելու ենք ուրիշների շահերին: Ես՝ որպես ՀՀ քաղաքացի, ուզում եմ իմանալ, որտե՞ղ է իմ երկրի շահը»,- այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ պարզաբանում պահանջելով ԱԳ նորանշանակ փոխնախարար Կարեն Նազարյանից:
Վերջինս նշեց, որ մինչև հունիսի 15-ը ՀՀ-ն ինտեգրվելու է այդ կառույցին և հույս հայտնեց, որ մինչև այդ ժամկետը հնարավոր կլինի հաղթահարել բոլոր խնդիրները:
«Տեսնում եմ, որ անհաղթահարելի խնդիրների առաջ ենք կանգնել: Բա Հայաստանի՞ շահը, որը հրաժարվեց ԵՄ հետ Ասոցացման պայմանագիր ստորագրելուց՝ այլ միության անդամակցելու համար»,- շարունակեց Ն. Զոհրաբյանը:
Պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն իր տարակուսանքը հայտնեց, թե ինչո՞ւ է նորանշանակ նախարարը զեկուցում նախորդ տարի կատարվածի համար. «Դուք եկել եք մեզ հաշվետվություն տալու անցած տարվա աշխատանքների մասին, բայց Դուք անցած տարի եղել եք ՄԱԿ-ում մեր դեսպանը: Հիմա Դուք ինչպե՞ս եք մեզ հաշվետվութուն տալու մի բանի մասին, որից տեղյակ չեք: Նույն բանն է, որ պարոն Էնֆիաջյանը ներկայացնի գյուղոլորտի ծրագրերը»:
Ըստ Ա.Արզումանյանի՝ բոլորը մտահոգ են և չունեն պատասխան, Աստանայում հայտարարություններ են արվել. «Ո՞րն է խնդիրը, որ մենք չենք կարող անդամակցել Լեռնային Ղարաբաղով, այն դեպքում, երբ ՌԴ-ն բռնակցված Ղրիմով մասնակցում է»:
Փոխնախարարի խոսքով՝ այսօր ԱԺ-ում նիստը համընկել է Աստանայի հանդիպման հետ, որտեղ գտնվում է ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը, և շատ հարցերի ինքն իրավասու չէ պատախանել: Անդրադառնալով ՄԱԿ-ում Ղրիմի հարցով բանաձևի քվեարկությանը՝ Կ. Նազարյանը նշեց, որ ՀՀ-ի դեմ քվեարկելը բանաձևին չի ենթադրում Ղրիմի ճանաչում. «Այդ ժամանակ մեր սկզբունքային դիրքորոշումը եղել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Այդ սկզբունքի ստորադասումը որևէ այլ սկզբունքի անընդունելի է եղել մեզ համար»: