Նաիրա Զոհրաբյանը՝ ԱԱԾ պետի տեղակալին. Այդ ի՞նչ «չէպե» է տեղի ունեցել
«Գնումների մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումների ժամանակ այսօր ԱԺ-ում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով զեկուցող ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանին, ասաց, որ նա թերևս ծանոթ չէ բերված նախագծին կամ՝ երբ մամուլի միջոցով բացահայտվեցին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թանկարժեք գործուղումները, ինքնաթիռներ վարձելը, շտապ կարգով ԱԺ է բերվել այս նախագիծը, որպեսզի այլևս հնարավորություն չլինի անդրադառնալ թեմաներին՝ այդ տեղեկատվությունը համարելով գաղտնի:
Նրա խոսքով՝ եթե այս օրինագծի նպատակն այն է, որ հանրությունը չտեղեկանա ՀՀ նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի կողմից կատարվող ծախսերի մասին, որն արվում է հարկատուների հաշվին, ապա դա անընդունելի է, և կառավարությունը պետք է հետ տանի իր նախագիծը ԱԺ-ից:
«Այդ ի՞նչ «չէպե» է տեղի ունեցել, որը հիմք է հանդիսացել այդ ծառայությունները գաղտնի գրաֆիկով ներկայացնելու օրինագիծ ընդունելու համար»,- հետաքրքրվեց պատգամավորը: Ի պատասխան՝ ԱԱԾ տնօրենի տեղակալը նշեց, որ՝ եթե գործընթացը գաղտնի է, հետևաբար պետք է գաղտնի պահվի նաև այդ ծախսը: «Կոնկրետ «չէպե»-ներ չեն եղել, հաստատ կարող եմ ասել»,- վստահեցրեց ԱԱԾ պետի տեղակալը: Իսկ ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանն էլ կարծիք հայտնեց, թե նախկին կառավարության հրաժարականից հետո այս օրինագիծը դուրս կգա օրակարգից, քանի որ դրա ետևում կանգնած էր թանկարժեք ճամփորդությունների սիրահար նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Իսկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ հայտարարեց, թե այս օրինագիծն անմիջականորեն կապված է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործուղումների վերաբերյալ կատարված բացահայտումների հետ, և այժմ ձևավորվում է այնպիսի քաղաքականություն, որը թույլ կտա կոռուպցիոն գործարքներ իրականացնել գաղտնիության շղարշի տակ: