Բաժիններ՝

«Մեզ մոտ հակապետական գործունեությամբ զբաղվում են պետական մարմինները»

Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը դեմ է կուտակային կենսաթոշակային համակարգին, որովհետև համակարգը և համակարգի ներկայացուցիչները վստահություն չեն ներշնչում:

Մեզ հետ զրույցում պարոն Վարդանյանը նշեց, որ, ինչպես բոլոր խնդիրների համար, այդպես էլ այս համակարգի դեմ մղվող պայքարը պետք է կազմակերպված լինի խմբերի միջոցով։ «Այդ խմբերից մեկն IT ոլորտի աշխատողներն են, որոնք բավականին կազմակերպված և ճիշտ պայքարում են: Ես կարծում եմ, որ մյուս ոլորտներում էլ դա պետք է լինի ընդհանուր շահերի պաշտպանության համատեքստում, այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն ընդհանուր շահեր, համախմբվեն և պայքարեն: Ինչպես ամբողջ աշխարհում, կարծես թե, մեզ մոտ էլ արդեն ստեղծվում են արհմիությունները, միությունները, շահերը պաշտպանող խմբերը և այլն: Սկզբում դա եղավ IT ոլորտում, հետո արդեն` տարբեր ձեռնարկություններում, և ես կարծում եմ, որ, ի վերջո, դա կվերածվի ոլորտային արհմիությունների և շահերի պաշտպանության խմբերի, իսկ արդեն պայքարի ձևերն իրենք կորոշեն»,- ասաց նա:

Կ. Վարդանյանը կարծիքով՝ ներկայիս իրավիճակը հիմնականում վատթարացած է կառավարման մարմիններում համատարած «սուտ ասելու» մշակույթի պատճառով.

«Եթե այն ժամանակ սուտ էին ասում կոնկրետ ինչ-որ մի խնդիր ծածկելու համար, հիմա արդեն այդ սուտը մեկ խնդրի հետ կապ չունի, համատարած է: Նույնն այս խնդրին է վերաբերում: Մենք այս ոլորտի հետ կապված որևէ պաշտոնյայից ոչ մի ճիշտ խոսք չենք լսել: Իրենք անընդհատ ստում են, և ես համոզված եմ, որ այդ սուտը ոչ միայն գալիս է դեպի ներքև, այլև գնում է դեպի վերև, և նրանք թյուրիմացության մեջ են գցում նաև ղեկավարությանը»:

Ըստ Կ. Վարդանյանի՝ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հայտարարությունները, թե այդ փողերը ներդրվելու են տնտեսության մեջ, և, որ դրանով մեր տնտեսությունն աճելու է, բարգավաճելու է, սուտ են. «Ո՞նց է աճելու: 40 տոկոսն արդեն դուրսն է, 60 տոկոսն, ասենք, գալիս է` Հայաստանում է մնում: Ի՞նչ պիտի առնեն էդ փողերով: Այսօր պարտատոմսեր թողարկում են միայն բանկերը, և պետությունը կա՛մ կառավարությանը պիտի պարտք տա, կա՛մ բանկերին: Բանկերին` հասկացանք, մենք իրենց պարտք ենք տալիս, իրենք 10 տոկոս դնեն վրան, մեզ հետ տան, բլեֆ է, էլի:

Ու որևէ ձևով չի երևում, թե դա ոնց է գնում տնտեսություն, քանի որ որևէ տնտեսական խոշոր նախագիծ (ենթադրենք՝ հիդրոկայան, ատոմակայան) պարտատոմսեր չի թողարկել: Ու եթե մարդն ասում է, որ դա պետք է դրվի տնտեսության մեջ, պետք է ցույց տա` այդ ո՞ր տնտեսության ո՞ր ենթակառուցվածքն է պարտատոմսեր թողարկել, որ մենք այդտեղ դնենք: Այսինքն, այստեղ մենք բացարձակ ստախոսության հետ գործ ունենք»:

Կ. Վարդանյանի խոսքով՝ չնայած նրան, որ Սոցապ նախարարությունը, Ֆինանսների նախարարությունը, Կենտրոնական բանկը պետական կառույցներ են, նրանք իրենց հայտարարություններով հակապետական գործունեությամբ են զբաղվում` նսեմացնելով Սահմանադրական դատարանի որոշումները. «Բացի դրանից, մենք տեսնում ենք, որ ամեն օր մեկ կամ երկու ձեռնարկությունը ոտքի է կանգնում: Այսինքն՝ նրանք զբաղվում են ժողովրդին փողոց դուրս շպրտելով` հակապետական լոզունգներով, այսինքն` նրանք զբաղված են մեր ազգաբնակչությանը մեր պետության դեմ լարելով: Ու դա անողները հենց մեր պետական մարմիններն են: Այսինքն, մեզ մոտ հակապետական գործունեությամբ զբաղվում են պետական մարմինները»:

Մեր հարցին, թե ո՞րն է այդ ամենի նպատակը, Կ. Վարդանյանը պատասխանեց. «Չգիտեմ, կարծում եմ, որ իրենք պատվեր ունեն միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից: Ընդհանուր տարածաշրջանում դեստաբիլիզացիա է արվում, այդ նույնն արվում է Թուրքիայում, Սիրիայում և այլն: Մեզ մոտ էլ այս ձևով են անում: Նայում-տեսնում են` ընդդիմություն չկա, ո՞ւմ կարող են պատվիրել դեստաբիլիզացիա անի, ու պատվիրում են ֆինանսներով զբաղվող կառույցներին: Ասում են՝ այնքան վատացրեք մարդկանց վիճակը, որ դուրս գան փողոց: Այսինքն, ամբողջ օրենքի տրամաբանությունն այն է, որ երկրից փողը հանեն ու տան միջազգային ֆինանսական օլիգարխիային: Հիմա կլուծվի՝ ավելի լավ, չի լուծվի՝ դեստաբիլիզացիա կլինի: Երկու դեպքում էլ իրենք շահում են: Կամ աշխարհաքաղաքական, կամ ֆինանսական խնդիրներն են լուծում»:

Մեր այն հարցին, թե պահումների տոկոսները քիչ լինելու դեպքում արդյոք հանրությունն էլի կընդդիմանա՞ր, Կ. Վարդանյանը պատասխանեց. «Այդ ֆինանսական կառույցները, որոնք առաջարկում են, իրենց վարքագծով անընդհատ ցույց են տալիս, որ իրենք սուտասան են: Հիմա ի՞նչ տարբերություն՝ մե՞կ, թե՞ 6 տոկոս ենք տալիս սուտասան մարդուն: Այստեղ վստահության խնդիրն է հիմնականում»:

Խոսելով «Դ!եմ եմ» նախաձեռնության ակտիվիստների մասին, Կարեն Վարդանյանը նշեց, որ նրանք շատ ճիշտ են աշխատում. «Նրանք շատ կազմակերպված են, ու դա ինձ շատ է դուր գալիս»:

Հարցին էլ, թե` ինչպե՞ս կմեկնաբանեք Ճարտարագիտական համալսարանի ռեկտորի` Արա Ավետիսյանի մոտեցումը «Դ!եմ եմի» ակտիվիստների և ուսանողների հանդիպման ժամանակ, Կ. Վարդանյանը պատասխանեց. «Դե, դա բնական է: Պարզ է, որ ռեկտորը Հանրապետական կուսակցության անդամ է, ինքն իր կուսակցական խնդիրներն է լուծում, բայց տղերքն էլ իրենց խնդիրներն էին լուծում, և ստացվեց, որ նրանք շատ ավելի լավ լուծեցին: Փետրվարի 21-ին էլ միջազգային համաժողով էր կենսաթոշակային համակարգի վերաբերյալ, որի մասին առանձնապես չէր հայտարարվել, բայց շարժման տղերքն իմացել էին, գնացել էին և խափանել էին այդ միջազգային համաժողովը ու շատ ճիշտ էին արել»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս