Բաժիններ՝

«Օրենքով գողերը» նոր բոսսի և նոր պատերազմի սպասումների մեջ են

Ռուսական Rosbalt լրատվական գործակալության կայքում 2014 թվականի հունվարի 2-ին հրապարակվել է Յուրի Վերշովի «Օրենքով գողերը սպասում են նոր բոսսին և նոր պատերազմին» խորագրով հոդվածը, որում նշված է. «Ռուսական հանցագործ աշխարհը ոչ տևական անդորրից հետո սկսել է պատրաստվել նոր պատերազմի:

Դա կապված է 2014 թվականի գարնանը «օրենքով գող» Զախարի Կալաշովի (մականունը՝ Շաքրո Երիտասարդ) Ռուսաստան վերադառնալու հետ, ով ներկայումս ազատազրկում է կրում Իսպանիայում: Ներկա դրությամբ նա հանդիսանում է ռուսական մաֆիայի «բոլոր բոսսերի բոսսի» տեղի թիվ 1 հավակնորդը, ինչը թափուր է մնացել «օրինաճանաչ» Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) սպանությունից հետո:

Մոսկվայում Շաքրոյի հայտնվելը ձեռնտու չէ սլավոն գանգսթերներին, որոնք ներկայումս փաստացիորեն առաջատար դիրքեր են զբաղեցնում քրեական աշխարհում, ինչպես նաև նորաթուխ «օրենքով գողերին», որոնց Շաքրոն կարող է զրկել «տիտղոսից»: Ընդ որում, եթե առաջինները հնարավորություն ունեն պայմանավորվել Կալաշովի հետ, ապա երկրորդները զրկված են դրանից:

2012 թվականի հունվարի կեսին դիպուկահարը Մոսկվայում սպանեց ռուսական հանցագործ աշխարհի առաջնորդ Ասլան Ուսոյանին, որի համար այդպես ավարտվեց ընդդիմադիր «օրենքով գողերի» խմբավորման հետ դիմակայությունը, որը գլխավորում են Տարիել Օնիանին (Տարո), Մերաբ Ջանգվելաձեն (Մերաբ Սուխումսկի), Ջեմալ Միկելաձեն (Ջեմո) և Ռովշան Ջանիևը (Ռովշան Լենքորանսկի):

2013 թվականի հոկտեմբերին Բիրյուլևոյի դեպքերից հետո կասեցվել է Դեդ Հասանի սպանության գործի հետաքննումը: «Օրենքով գողերը» վստահ էին, որ նրա մահվամբ «կանհետանան» իրենց բոլոր խնդիրները: Սակայն նրանք խորապես սխալվեցին:

«Ընդդիմությունը» ոչինչ չշահեց Դեդ Հասանի սպանությունից: Ուսոյանի ձեռքերից ընկած «դրոշը» անմիջապես վերցրեց նրա մերձավորների ու ազգականների խումբը, որը սկսեց «թագադրել» տասնյակ պոտենցիալ կողմնակիցների: Դրանով իսկ ստեղծվեց քանակական գերազանցություն մրցակցի նկատմամբ:

Ապա Դեդ Հասանի կողմնակիցները սկսեցին գումարել «սխոդկաներ», որոնցում ընդդիմադիրներին չճանաչեցին որպես «օրենքով գողեր» և համապատասխան ուղերձ հղեցին գաղութներ: «Հասանականները» նաև ակտիվ պայքար մղեցին քրեական աշխարհում «ընդդիմադիր» առաջնորդներին վարկաբեկելու ուղղությամբ:

Արդյունքում, Ուսոյանի սպանությունը չօգնեց Մերաբին, Տարոյին ու Կոյին՝ դառնալու համար ռուսական մաֆիայի առաջնորդներ: Ներկայումս այդ պլաններն ընդհանրապես մշուշոտ են երևում. «ընդդիմության» առաջնորդները կա՛մ ազատազրկված են, կա՛մ էլ հարկադրված են թաքնվել:

Ուսոյանի սպանությունից անմիջապես անց Մերձմոսկովյան շրջանում կալանավորվեց Ջեմալ Միկելաձեն, ով Ռուսաստան էր ժամանել հանցագործությունից քիչ առաջ: 2013 թվականի ամռանը Եվրոպոլը հատուկ գործողություն իրականացրեց Եվրոպայում հիմնավորված «ռուսական մաֆիայի» ներկայացուցիչների դեմ:

Արդյունքում հարված հասցվեց քրեական «ընդդիմության միջնաբերդին»: Ոստիկանները տարբեր երկրներում կալանավորեցին ավելի քան 10 «օրենքով գողի», այդ թվում նաև Մերաբ Ջանգվելաձեին, որին բռնեցին Հունգարիայում: Եվս 8 «օրինաճանաչի» նկատմամբ Ինտերպոլի միջոցով հայտարարվել է հետախուզում:

Նրանց թվում է հայտնվել նաև Ռովշան Ջանիևը, ով ներկայումս հարկադրված է թաքնվել Թուրքիայում: Յուրաքանչյուր այլ երկրում նրա հայտնվելն անմիջապես կավարտվի կալանավորմամբ: Երբ վարձու մարդասպանը սպանեց Ասլան Ուսոյանին, նրա տեղը փորձեց զբաղեցնել «օրինաճանաչների» խումբը, որը մտնում էր Դեդ Հասանի շրջապատի մեջ:

Խոսքը գնում է երկու ազգական Դմիտրի Չանտուրիայի (Միրոն) ու Թեյմուրի Մերզոևի (Թիմուր Սվերդլովսկի), ինչպես նաև Վալերի Ֆարիզովը (Վալերա Քուրդ), Գելա Կարդավան (Գելա): Սակայն նրանց գործերը չստացվեցին: Դեդ Հասանի ժառանգորդների խմբից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերեց Գելա Կարդավան:

Նա կարճ ժամանակահատվածում «թագադրեց» մի քանի տասնյակ գանգսթերի՝ դրանով իսկ ստեղծելով «օրենքով գողերի» ամենամեծ անձնական բանակը: Փաստացիորեն հենց Կարդավան է ցայժմ հանդիսանում Ուսոյանի կլանի նոր առաջնորդը:

Սակայն իրավապահները կասկածում են, որ Գելան բացառապես ինքնուրույն ֆիգուր է: Նրանց խոսքերով՝ Գելայի վրա ընկած է ազդեցիկ «օրենքով գող» Լաշա Շուշանաշվիլիի (Լաշա Ռուսթավսկի) «ստվերը»:

Վերջինս Զախարի Կալաշովի ամենամոտ ընկերներից մեկն է և հանդիսացել է նաև Ուսոյանի «աջ ձեռքը», մինչև որ 2009 թվականին նրան չվտարեցին Ռուսաստանից՝ արգելելով հնգամյա ժամկետում հետ վերադառնալ:

2013 թվականի ամռանը Լաշային Հունաստանում դատապարտեցին 14-ամյա ազատազրկման, սակայն նա այնտեղ ապրում է ոչ ավելի վատ պայմաններում, քան ազատության մեջ էր: Այնտեղ նա ունի անձնական խոհարար, օգնական, նրա խուցը փաստացիորեն առանձին, բազմասենյակ բնակարան է:

Բանտում Շուշանաշվիլին որևէ խնդիր չունի արտաքին աշխարհի, այդ թվում նաև քրեական միջավայրում իր դրածո Գելա Կարդավայի հետ հաղորդակցվելու հարցում: Իրավապահները կարծում են, որ Գելան իր գործողությունների մեծ մասն իրականացրել է Շուշանաշվիլիի հավանությամբ:

Այդ գործողությունները միտված են Լաշային հունական բանտից ազատելուն, և եթե դա տեղի ունենա, ապա նա հանգիստ կկարողանա վերադառնալ Ռուսաստան: 2014 թվականի փետրվարին սպառվում է Ռուսաստանի տարածքում այդ «օրենքով գողի» գտնվելու վրա դրված հնգամյա արգելքի ժամկետը:

Շուշանաշվիլին, սակայն, չի կարող Ռուսաստանում հանդիպել Գելայի հետ, որին 2013 թվականի հոկտեմբերին Մոսկկվայից վտարել են Վրաստան և անցանկալի անձ են հայտարարել հնգամյա ժամկետով:

Թբիլիսիսում Կարդավային առաջարկել են երկիրը լքել 24 ժամվա ընթացքում, ինչը և նա արել է՝ մեկնելով նախ Թուրքիա, ապա՝ Հունաստան, ուր ազատազրկում է կրում Լաշա Շուշանաշվիլին և բնակվում է ազդեցիկ «օրենքով գող» Դավիթ Սեբիսկվերաձեն (Դաթո):

Կովկասյան քրեական կլանը դեռ հարկադրված է գտնվել հարկադիր վտարանդիության մեջ: «Ընդդիմադիր» կլանը հիմնավորվել է Թուրքիայում, «օրինաճանաչները», որոնք նախկինում մոտ են կանգնած եղել Ուսոյանին՝ Հունաստանում: Սակայն ակնհայտ է, որ այդ իրավիճակը չի կարող երկար տևել: Իրավիճակը կարող է փոխվել արդեն 2014 թվականին:

Այն, որ սլավոն «օրենքով գողերը» հայտնվեցին իրենց համար շահեկան դիրքերում, նպաստել են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնները: Գաղտնիք չէ, որ Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերի շեմին ռուսական հատուկ ծառայությունները համապատասխան աշխատանքներ են իրականացրել քրեական աշխարհում:

Եվ յուրաքանչյուր կովկասցի «օրինաճանաչ», ով սկսել է ծավալել բուռն գործունեություն, կա՛մ հայտնվել է վանդակաճաղերից այն կողմ, կա՛մ էլ վտարվել է երկրից: Կովկասցիների շրջանում ընդգծված «գողական» առաջնորդի  (ինչպիսին որ եղել է Ասլան Ուսոյանը) բացակայությունը, կարող է հանգեցնել մեծ քանակությամբ հզոր խմբավորումների ստեղծմանը, որոնց համար չեն լինի ոչ մի «հեղինակություն», և որ քրեական աշխարհում չի գտնվի այնպիսի մարդ, որը նրանց կդնի իր տեղը:

Միևնույն ժամանակ հատուկ ծառայությունների համար ակնհայտ է, որ վաղ թե ուշ պետք է հայտնվի այդպիսի առաջնորդ: Եվ թափուր «գահի» գլխավոր հավակնորդը ներկայումս հանդիսանում է Զախարի Կալաշովը: 2014 թվականի գարնանն ավարտվում է իսպանական բանտում նրա տևական ազատազրկման ժամկետը՝ կապված քրեական համայնք կազմակերպելու և «փողերի լվացման» հետ:

Ավելի վաղ նրա արտահանձնման պահանջ է ներկայացրել Վրաստանը, ուր Կալաշովին հեռակա կարգով դատապարտել են 18-ամյա ազատազրկման՝ գործարար Ալեքս Կրեյնին առևանգելու և սպանելու համար: Սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի չի ունենա՝ կապված Վրաստանում իրականացված իշխանափոխության հետ:

Շաքչոյին շատ բան է կապում ներկայիս մի շարք քաղաքական գործիչների հետ, որոնք ժամանակին բիզնեսով են զբաղվել Մոսկվայում: Կալաշովի ներկայությունը Վրաստանում՝ թեկուզև ազատազրկված վիճակով, կհանդիսան ապակայունացնող լուրջ գործոն:

Ամանորյա տոներից քիչ առաջ ռուսական իրավապահ մարմինների ներկայացուցիչները համապատասխան խորհրդակցություն են անցկացրել իսպանացիների հետ և նախնական համաձայնության են հասել, որ Շաքրոյին ազատ արձակելուց հետո Իսպանայից կուղարկեն Մոսկվա: Նրան կարող են արտաքսել որպես անլեգալ:

Սակայն Ռուսաստանը պատրաստ է նրան ընդունել միայն Օլիմպիական ու Պարօլիմպիական խաղերի, ինչպես նաև դրանց զուգահեռ անցկացվող միջոցառումների ավարտից հետո: Ենթադրվում է, որ «օրենքով գողը» Իսպանիայում ազատության մեջ կհայտնվի քիչ ավելի շուտ, ինչի համար էլ նա հարկադրված կլինի ինչ-որ ժամանակ անցկացնել արտաքսման բանտում:

2005 թվականին կալանավորվելուց հետո Շաքրոն իր բիզնես-կայսրության ղեկավարումը հանձնարարել է իր մոտ ընկերներին՝ Լաշա Շուշանաշվիլիին և Տարիել Օնիանիին: Սակայն նրանք չկարողացան պայմանավորվածության գալ, սկսվեց կոնֆլիկտ, ինչը հանգեցրեց հանցագործ աշխարհի պառակտմանը:

Լաշային պաշտպանեց Դեդ Հասանը, իսկ Օնիանին սկսեց ձևավորել «ընդդիմություն»: Տարոյին ու Լաշային հաշտեցնելը փաստացիորեն անհնար է, իսկ քանի դեռ Կալաշովը չի լուծել այդ խնդիրը, «օրինաճանաչները» բաժանված կմնան երկու, միմյանց դեմ պատերազմող կլանի:

Սլավոն «օրենքով գողերը» նույնպես ուրախ չեն լինի Մոսկվայում նոր ազդեցիկ ֆիգուրի հայտնվելից, ով կարող է ոտնձգություն գործել քրեական աշխարհում իրենց մենատիրության վրա: Քրեական աշխարհում իշխում է այն կարծիքը, որ ազատության մեջ հայտնվելուց հետո Կալաշովը սկսելու է իրականացնել «օրենքով գողի» կոչման համար անարժան գանգսթերների զանգվածային «թագազրկում»:

Խոսքը գնում է առնվազն մի քանի տասնյակ մարդու մասին: «Օրենքով գողի» կարգավիճակը և՛ մեծ փողեր, և՛ մեծ ազդեցություն են քրեական միջավայրում: Եթե Շաքրոն սկսի «թագազրկումը, ապա դրանով իսկ անմիջապես ձեռք կբերի բազմաթիվ վտանգավոր թշնամիների, որոնք հերթ կկանգնեն՝ նրա հետ իրենց հաշիվները մաքրելու համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս