Խաղաղ անհնազանդություն
Ավելի ստույգ` խաղաղ, բայց անհնազանդություն
«Դիտորդնե՛ր, գնացեք Սոմալի»: Այսպիսին էր քաղաքացիական ակտիվիստների արձագանքը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախնական գնահատականներին` փետրվարի 18-ին տեղի ունեցած ՀՀ նախագահի ընտրությունների մասին: Դիտորդների գնահատականը, որպես անառարկելի ապացույց, ցիտվում էր բոլոր այն կասկածամիտների համար, որոնք վստահ էին` ընտրությունները հերթական անգամ կեղծվել են: Նյարդայնացնող հերթականությամբ հեռուստաընկերությունները թվարկում էին Սերժ Սարգսյանին շնորհավորող երևելիների անունները: Միջազգային դիտորդների գնահատականներից հետո շնորհավորողներն ավելի ակտիվ էին: Ամեն դեպքում, եվրոպական սառնությամբ դիտորդներն ընդունեցին քաղաքացիական ակտիվիստների կողմից իրենց հանձնված 2 պարկ աղբը` որպես կատարած անձնուրաց աշխատանքի շնորհակալություն, ինչպես նաև` ընտրախախտումների մասին վկայող տեսագրություններն ու այլ վկայություններ: Դրանից առաջ, փետրվարի 19-ին, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդները ներկայացնում էին իրենց գնահատականները, սրահ մտան մի խումբ երիտասարդներ, որոնք պահանջեցին դիտորդներից` չառաջնորդվել երկակի ստանդարտներով և չմիջամտել մեր երկրի ներքին գործերին: Նրանցից մեկի` Ռուզաննա Գրիգորյանի, «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտ» ոչ կառավարական կազմակերպության փոխնախագահ Գոռ Հակոբյանի և քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Ստեփանյանի հետ քննարկում ենք հետընտրական իրավիճակը:
– Միջազգային դիտորդները ՀՀ-ում համապետական նշանակության բոլոր ընտրությունները գնահատել են հիմնականում` որպես «ժողովրդավարական չափանիշներին համապատասխան» և «մեկ քայլ առաջ` նախորդ ընտրություններից»: 2012թ.-ի մայիսի 6-ին տեղի ունեցան ԱԺ ընտրությունները` նույն սկզբունքով, սակայն դիտորդներին Սոմալի գնալ որևէ մեկը չառաջարկեց: Եվ 2013-ին նրանք դարձյալ վերադարձան Հայաստան: Ինչո՞ւ հատկապես ա՛յս ընտրություններին տված նրանց գնահատականը նման արձագանք գտավ:
Ռ.Գ.- Փետրվարի 19-ի ակցիային հիմնականում մասնակցում էին այն քաղաքացիները, որոնք եղել են ընտրատեղամասերում, դիտորդական առաքելություններ են իրականացրել, և բոլորը, միանշանակ, պնդում էին, որ ընտրակեղծիքներով և ընտրախախտումներով է իրականացել ընտրությունները: Ընդ որում, քաղաքացիների նկատմամբ կիրառվել է բռնի ուժ, սպառնալիք հենց ընտրատեղամասերում: Կիրառվել են բոլոր այն կրիմինալ մեթոդները, որին տիրապետում է ներկայիս համակարգը. թայֆայական եղանակներով փորձել են ճնշել, աղջիկներին բարոյական ինչ-որ կատեգորիաներով էին փորձել ճնշել: Այսինքն` ստացվում է մի իրավիճակ, որ քաղաքացին տեսնում է, որ այս պահին ընտրությունները կեղծվում են, անձամբ տեսել է և համոզված է դրանում, իսկ ԵԱՀԿ դիտորդները պնդում են, որ ընտրությունները կեղծված չեն: Այդ ակցիան շատ ինքնաբուխ էր:
Գ.Հ.- Միջազգային դիտորդների նման գնահատականները միայն Հայաստանի հետ չեն կապված, այլ համաշխարհային գործընթացի սկիզբ են, որը սկիզբ է դրվել Սառը պատերազմից հետո, երբ անկախացան հետխորհրդային երկրները: Այն ժամանակվա համաշխարհային գերուժերը կամ համաշխարհային մասշտաբով նոր տեսլականներ մշակողները, մեր նման երկրների համար, նաև Աֆրիկայում և այլուր, ընտրություններն օգտագործում են` որպես հլու-հնազանդ իշխանական վերնախավ վերարտադրելու միջոց: Սա նեոգաղութատիրության նոր գործիք է: Ընտրությունները պետք է դիտարկել երկու կողմից` ա) ինչպես են միջազգային տարբեր ուժեր դա օգտագործում երկրում իրենց ուզած վերահսկելի վիճակը ստանալու համար, բ) ինչպես են արձագանքում նման երկրների հասարակությունները: Տվյալ դեպքում` հանրությանը մատուցում են այն կեղծ պատկերացումը, թե այստեղ կարող են լինել ընտրություններ` կեղծված կամ ազատ, և դրանք են հիմնական բարեփոխումների գործիքները: Իրականում տվյալ երկրի հասարակությունը չի հասել գիտակցական այն մակարդակին, որ կարողանա ընտրություն կատարել: Առավել ևս, երբ քաղաքացին իր երկրում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքում է ոչ թե ամեն օր, այլ 5 տարին մեկ:
– Սերժ Սարգսյանը ստացել է բազում շնորհավորական ուղերձներ: Հեռագրերն, ինչպես ասում են, շարունակում են ստացվել: Երեկ արդեն ԿԸՀ-ն հրապարակեց պաշտոնական որոշումը: Մեր երկրում կատարվող ամենակարևոր իրադարձությունը` նախագահի ընտրությունները, գնահատվում է ոչ թե ընտրողների տված ձայներով, ՀՀ քաղաքացիների վստահության սանդղակով, այլ միջազգային դիտորդների, օտար երկրների նախագահների շնորհավորանքներով:
Դ.Ս. – Կարծում եմ` հիմնական իրադարձություն պետք է լինի ոչ թե նախագահական, այլ ԱԺ ընտրությունները: Ավելի՛ն, ՏԻՄ ընտրությունները պետք է յուրաքանչյուրի համար լինեն ավելի կարևոր, քանի որ անմիջականորեն առնչվում են իրեն, իր տանը, միջավայրին։ Այն, որ առավել կարևորություն ենք տալիս նախագահի ընտրություններին, վկայում է, որ մեր երկրում իշխանությունը կենտրոնացած է այնքան, որ մարդիկ իրավիճակի փոփոխությունը տեսնում են կենտրոնացված այդ իշխանությունը փոխելու մեջ` փոխանակ հստակ ծրագրեր մշակեն իշխանությունն ամբողջ երկրով մեկ տարրալուծելու համար: Մարզերում, գյուղերում կայացվող որոշումները պետք է տեղի համար ավելի կարևոր նշանակություն ունենան, քան կենտրոնում կայացած ցանկացած որոշում:
– Ռուզաննա, Դուք չեք ընտրել կոնկրետ թեկնածուի, թեև մասնակցել եք ընտրություններին:
Ռ.Գ.- Անձամբ չեմ ունեցել նախընտրած թեկնածու. քարոզարշավի ընթացքում` որպես քաղաքացի, չեմ համոզվել, որ թեկնածուն է կրում իմ արժեքները, իմ տեսլականը: Ինձ համար իրականում շատ անակնկալ էր ընտրությունների արդյունքը, որը ցույց տվեց, որ քաղաքացիների մեծամասնությունն իրենց ձայնը տվեցին Րաֆֆի Հովհաննիսյանին: Ես` որպես ակտիվ քաղաքացի, կարևոր եմ համարում իմ մասնակցությունը հանրահավաքներին: Այդպիսով` ես պաշտպանում եմ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, այլ մարդկանց ընտրելու իրավունքը, որը խախտվել է:
Գ.Հ.- Վերջին 10 տարիներին համապետական ընտրություններին չեմ մասնակցել, բայց դա բոյկոտի հարց չէ: Պարզապես գտնում եմ, որ քրեաօլիգարխիկ համակարգում, արժեքային և գաղափարական նման սնանկության պայմաններում, Հայաստանում որևէ տեսակի ընտրություն չի կարող լինել: Ընտրությունները, կրկնեմ, գործիք են միջազգային հանրության ձեռքին, որ կարողանան վերարտադրել վերահսկելի իշխանություն: Եվ հանրությունը մասնակցում է այդ գործընթացին` չգիտակցելով մասնակցության իր գինը: Այստեղ շատ կարևոր է հասկանալ բոյկոտի տարբերությունը. դու ընդունում ես ընտրության գոյությունը, սակայն այդ պահին ճիշտ չես համարում մասնակցել: Իսկ մերժելով ընտրությունը` ֆիքսում ես, որ չի կարող ընտրություն լինել:
– Պատկերացնո՞ւմ եք, որ բոլոր նրանք, ովքեր դեմ են գործող իշխանություններին, չեն հավատում ընտրություններին, չգնային ու չքվեարկեին: Մենք այսօր չէինք ունենա այն, ինչ ունենք: Այդպես գոնե դե ֆակտո ֆիքսում ենք, որ կա մարդկանց շատ մեծ զանգված, որը դեմ է իշխանություններին:
Գ.Հ.- Ժողովրդական մեծ զանգված էլ կա, որն ընդդիմանալով` հեռանում է երկրից: Հանրության մի մասը չի մասնակցել ընտրություններին, մի մասը ստիպված վախից է մասնակցել, մյուս մասը հանկարծակիի է եկել արդյունքներից: Այս էմոցիոնալ վիճակը հասկանում եմ, որ մարդիկ դեմ լինելով ռեժիմին են ընտրություն արել, բայց նաև ֆիքսենք, թե հանրությունն իրեն ինչպես է դրսևորում ամենօրյա կյանքում առաջացող տարբեր իրավիճակներում, երբ ինքն ապրում է հենց ռեժիմի՛ արժեքներով:
– Դուք կարծում եք, որ բոյկոտը պայքարի արդյունավե՞տ ձև է:
Դ.Ս.- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես ես բոյկոտում կամ ինչպես ես գնում ընտրության: Ինքս հաճելիորեն զարմացած եմ, որովհետև չունենալով կարծիքի ձևավորման հարթակ (ԶԼՄ-ները հիմնականում պաշտպանում են նեղ խմբերի շահեր, կայքերը` ևս), ՀՀ քաղաքացիների մեծամասնությունն ինտուիտիվ մակարդակի վրա զգաց` ինչ է պետք անել, և իր ձայնը տվեց մի հոգու, և այդ մարդը Րաֆֆի Հովհաննիսյանն էր: Պետք է մշակվեն ծրագրեր, սկզբունքներ, և այդ ժամանակ մարդը, գնալով ընտրության, կիմանա` քվեարկելով այսինչ մարդու օգտին, քվեարկում եմ ծրագրի օգտին: Իրականում ես հպարտ եմ ՀՀ քաղաքացիներով: Ուղղակի հարց է` Սահմանադրությամբ ինչպես պահել ձեռք բերվածը, թեև սահմանադրական նորմերը հենց ընտրություններին խախտվեցին: Կարող է լինել երկրորդ փուլ, կարելի է հանրաքվեի միջոցով լուծարել ՀՀ նախագահի ինստիտուտն ու անցնել պառլամենտարիզմի:
Ռ.Գ.- Նախ` օրակարգը պետք է ձևավորի այն քաղաքացին, որն այսօր պատրաստ է պաշտպանելու քաղաքացու ընտրական իրավունքը: Դա պետք է լինի համատեղ որոշում: Ես հստակ գիտեմ, որ մեծամասնությունը գործող համակարգին ասել է` «ո՛չ», մեծամասնությունն ընտրել է Րաֆֆիին, եղել են ընտրակեղծիքներ: Կարծում եմ` պետք է լինեն նոր ընտրություններ:
– Միջազգային դիտորդների հետ համագործակցելու այս մոդելն իրեն, ըստ էության, սպառել է. նրանք հավատ չեն ներշնչում նույնքան, որքան ԿԸՀ հրապարակած տվյալները:
Գ.Հ.- Միջազգային դիտորդների հետ կապված ակցիան կարևորում եմ ոչ թե ընտրություններով, այլ, որ քաղաքացիական տարբեր խմբեր սկսում են իրենց զգալ իրենց երկրի տերը: Փրկչի խնդիրը դեռևս կա, սակայն նոր որակի սերունդը փրկիչներ չի փնտրում և չի ճանաչում: Մենք հին օրակարգերը պետք է կարողանանք մի պահ ընդհատել, թողնել ազատ ժամանակ, և ձևակերպենք նոր օրակարգ:
Ռ.Գ.- Եվրոպացիների գնահատականը քո հանդեպ պայմանավորված է նրանով, թե ինչ ես դու քեզանից ներկայացնում, ինչքանով ես գործոն և ինչ օրակարգ ես առաջարկում:
– Երեկ արդեն սկսվեց ուսանողների բողոքի խաղաղ ակցիան` դասադուլը: Կա երկու տեսակետ` ուսանողի առաքելությունը սովորելն է. նրանց ծնողները դառը քրտինք են թափում` վճարելու ուսման վարձը, հետևաբար, որպես երախտապարտ զավակներ, դասերից հետո նո՛ր միայն ուսանողը կարող է միանալ հանրահավաքին, եթե ցանկանում է: Մյուսը` երիտասարդությունը տեսնում է, որ իշխանությունները պերմանենտ կեղծում են ընտրությունները, ոտնահարում են իր` քաղաքացու իրավունքները, հետևաբար` ուսանողները` որպես քաղաքացիներ, պարտավոր են տեր կանգնել սեփական իրավունքին:
Ռ.Գ.- Մենք կոչ ենք անում խաղաղ անհնազանդության գործողությունների, չենթարկվել ապօրինի որոշումներիգ Դասադուլի որոշումն ուսանողների որոշումն է, որը ևս խաղաղ անհնազանդության ձև է: Նրանք հանդես են եկել պահանջով` չեղյալ համարել կեղծված ընտրությունները: Եվ դա նրանց իրավունքն է:
Գ.Հ.- Դասադուլն իրավունքների պաշտպանության գործիքներից մեկն է, և ես կարևորում եմ, որ ուսանողներն առաջին հերթին բարձրացնեն այն խնդիրները, որոնց հետ նրանք առնչվում են ամեն օր կրթական գործընթացում` կրթության որակ, ուսանողության ինքնակառավարում, կաշառակերություն, ազատ մտածողության սահմանափակում, ուսխորհուրդների կուսակցականացում, և այլն: Նրանք պետք է հանրային օրակարգը հարստացնեն իրենց խնդիրներով և այս դասադուլն օգտագործեն նախ դրա համար:
– Արդեն հնչում են գնահատականներ, թե դասադուլն ուղղորդում են բնապահպանները: Որպես հիմնավորում` հարց է հնչում` ի՞նչ գործ ունեն ուսանողների շարքերում բնապահպան ակտիվիստներ, որոնք, ի դեպ, ունեն շատ լավ կրթություն և արդեն ուսանող չեն:
Դ.Ս.- Այդ ակցիաներն այնպիսի բնույթ ունեն, որ դժվար է այդտեղ լիդեր կամ ուղղորդող գտնել. ավելի հորիզոնական է: Եթե այդտեղ տեսնեք բնապահպանների, տաքսու վարորդների կամ դզող-փչողների, դա դեռ չի նշանակում, որ նրանք են ուղղորդում ակցիան կամ իրավունք չունեն այդտեղ գտնվելու: Ընդհանրապես, հայ հասարակությանը շատ բնորոշ է երկակի ստանդարտներ կիրառել այս կամ այն հարցում. մարդիկ քրեորեն պատժելի արարք են արել` կեղծելով ընտրությունները, և դասադուլներից բողոքողներն, առաջին հերթին, պետք է տեր կանգնեն իրենց ընտրական իրավունքին, եթե մտահոգված են իրենց երկրի ապագայով: Իսկ եթե մտահոգված չեն, դա իրենց գործն է: Բայց դասադուլից դժգոհելն առավել անհեթեթ է թվում այդ պարագայում:
Ռ.Գ.- Այո՛, ես քայլում էի ուսանողների կողքից: Ես այնտեղ եմ, որտեղ ցանկանում եմ: Ես մասնակցում եմ ա՛յն ակցիային, որին ցանկանում եմ: Ես կոչ եմ արել` խաղաղ անհնազանդության, և ես նրանց կողքին եմ: Սակայն իրենք են ինքնակազմակերպվում, և դասադուլն իրենց որոշումն է: