Տոհմային ու կուսակցական մենաշնորհներ

Մինչ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը Գյումրիի քաղաքապետի ընտրությունների արդյունքները ներկայացնում է որպես «կուսակցական մենաշնորհի» դեմ տարած հաղթանակ, ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը գործնական քայլեր է կատարում տոհմային մենաշնորհ հաստատելու ուղղությամբ: Արդեն մի քանի օր է` մամուլում տեղեկություններ են հրապարակվում այն մասին, որ Սամվել Բալասանյանի` քաղաքապետի պաշտոնում ընտրվելուց հետո Շիրակի մարզի մի մասն ընդգրկող թիվ 35 ընտրատարածքում պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Բալասանյանի որդին` Միսակ Բալասանյանը:

Այդ տեղեկություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատվել, սակայն, որ ավելի կարևոր է` չեն էլ հերքվել: Դա նշանակում է, որ Բալասանյանները ոչ միայն անընդունելի, անթույլատրելի չեն համարում այդ հնարավորությունը, այլև լրջորեն մտածում են այդ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ Սամվել Բալասանյանը դեռևս մինչև քաղաքապետի պաշտոնում «ընտրվելը» հայտարարություններից մեկում իրեն որակել էր՝ որպես «կայացած քաղաքական գործիչ»: Որդուն պատգամավոր դարձնելու նրա մտադրությունը ևս մեկ անգամ վկայում է, որ նա չի սխալվել ինքնագնահատականի հարցում: Հայաստանյան քաղաքական դաշտի չափանիշներով՝ Բալասանյանը միանգամայն ճիշտ ճանապարհի վրա է:

Էլ ի՞նչ քաղաքական գործիչ, եթե բացի իրենից, նաև որդիների, փեսաների ու այլ մերձավորների համար կարգավիճակ չապահովի իշխանական համակարգում: Սամվել Բալասանյանը նախ և առաջ գործարար է, Գյումրիի գարեջրի գործարանի սեփականատերը: Ուստի ցանկացած գործարքի հարցում նա առաջնորդվում է առաջին հերթին՝ «տնտեսական արդյունավետությամբ»:

Կարդացեք նաև

Ինքը` լինելով գարեջրագործ, ընդամենը երկու կուսակցություն փոխելով՝ հաջողացրել է դառնալ  պատգամավոր, նույնիսկ՝ ԱԺ փոխնախագահ, ապաև՝ Գյումրիի քաղաքապետ: Թե որքան նյութական ու ոչ նյութական ռեսուրսներ է ծախսել այդ ճանապարհին, դժվար է ասել: Սակայն փաստն այն է, որ դա իրեն արդարացրել է: Ուրեմն ինչո՞ւ նույն ճանապարհը չընտրել նաև որդու համար, ով, ի դեպ, ներկայումս նույն գործարանի տնօրենն է: Հատկապես որ, Միսակ Բալասանյանը, ի տարբերություն ավագ Բալասանյանի, դեռևս որևէ կուսակցության չի անդամակցում և կարող է դառնալ ինչպես՝ ԲՀԿ-ական, այնպես էլ՝ ՀՀԿ-ական, հետագայում փոխելով անդամատոմսերը:

Խնդիրն ամենևին Սամվել Բալասանյանի որդու անձը չէ: Գուցե նա շատ կրթված, շնորհալի ու հայրենասեր երիտասարդ է: Խնդիրը երևույթն է, որ գնալով ավելի է արմատավորվում Հայաստանի իշխանական վերնախավում: Խոսքն այն երևույթի մասին է, որ իշխանության փոխանցումը հայրերից որդիներին Հայաստանում կարծես դառնում է ավանդույթ, ինչի արդյունքում, հատկապես մարզերում, ձևավորվում են ֆեոդալական, տոհմային խմբավորումներ: Իշխանությունը ոչ միայն չի խոչընդոտում այդ գործընթացին, այլև խրախուսում է:

Բացառված չէ, որ առաջիկայում Միսակ Բալասանյանն այցելի նախագահական նստավայր,  ու հետո հայտնի դառնա, որ նախագահ Սերժ Սարգսյանը նրան առաջարկել է առաջադրվել: Գուցե անգամ առաջարկի անդամագրվել ԲՀԿ-ին: Որպեսզի նրա հաղթանակը պատգամավորի ընտրություններում Վարդան Օսկանյանին հնարավորություն տա արձանագրել հերթական նվաճումը` կուսակցական մենաշնորհի դեմ պայքարում:

 

 

Տեսանյութեր

Լրահոս