«Կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի այնպիսին, որ ցանկացած քաղաքացի կամավոր ցանկություն հայտնի միանալ դրան»
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ կուտակային կենսաթոշակային համակարգը պետք է լինի այնպիսին, որ ցանկացած քաղաքացի կամավոր ցանկություն հայտնի միանալ դրան: Կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում «Դեմ եմ» նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշեց, որ իրենք ի սկզբանե ասել են, որ կուտակային համակարգը կարող է օգտակար լինել պետության համար, սակայն դրա համար պետք է մշակել ճիշտ մոդել:
«Մեզ մոտ այն պարտադիր էին դրել, քանի որ այնքան վատ համակարգ էր մշակված, որ ոչ մի քաղաքացի կամավոր դրան չէր միանալու: Իսկ ընդհանրապես կուտակային համակարգը շատ լավն է, մենք կարող ենք դրան անցնել, սակայն դրա համար անհրաժեշտ է ներդնել ճիշտ մոդել»,- նշեց Գորգիսյանը:
Նա նշեց, որ որպես ժամանակավոր լուծում իր համար ընդունելի առաջարկ է, որ քաղաքացիների մասնակցության մասնաբաժինը մի փոքր պակասի, որի վերաբերյալ համապատասխան նախագիծը քննարկվելու է կառավարության հունիսի 11-ի արտահերթ նիստում: «Կարծում եմ ամեն դեպքում դեռ պետք է սպասենք կառավարության նիստն ավարտվի, տեսնենք կոնկրետ ինչ մոտեցումներ ու առաջարկներ են հնչում, նոր արձագանքեքն և մեկնաբանություններ տանք»,- ասաց պատգամավորը:
Գորգիսյանը նաև նշեց, որ գործող համակարգում որոշակի փոփոխություններ կատարվել են, որոնց մասին հասարակությունը տեղյակ չէ:
«Այսօր մարդիկ կուտակային համակարգը քննադատում են` հիմնվելով տարիներ առաջ մեր հնչեցրած տեսակետների հիման վրա: Սակայն մեր մտահոգությունների մեծ մասն արված փոփոխությունների արդյունքում փարատվել է: Ուղղակի հիմա պետք է ժամանակ, որ կառավարությունը այդ ամենը ճիշտ կարողանա ներկայացնել քաղաքացիներին: Ի վերջո, ես կարծում եմ, որ այդ համակարգը կկարողանա կամավորության սկզբունքով գործել: Այս համակարգի հիմնական շահառուն միջին սոցիալական խավն է, որի վրա մենք հիմնականում հենվում ենք, և այդ ամենը պետք է հաշվի առնվի: Ես կարծում եմ, որ դա ճիշտ մոտեցումն այն է, որ ժամանակ լինի մնացած խնդիրները լուծելու և քաղաքացիներին ճիշտ համակարգ ներկայացնելու համար»,- ընդգծեց նա:
Գևորգ Գորգիսյանը նաև շեշտեց, որ գործող կառավարության նկատմամբ վստահությունն անհամեմատ ավելի մեծ է, և իրենք հույս ունեն, որ այս կառավարությունը ի վերջո կկարողանա ներկայացնել այնպիսի մոդել, որն ընդունելի կլինի բոլորի համար:
Հայաստանի կառավարությունը հունիսի 11-ի արտահերթ նիստում քննարկում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով 2018թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում պարտադիր կուտակային բաղադրիչը: Նախագծով առաջարկվում է կուտակային պարտադիր համակարգին մասնակցող և հուլիսի 1-ից դրան միացող քաղաքացիների եկամտի 10 տոկոսի կուտակումը ձևավորել 2.5 և 7.5 տոկոս համամասնությամբ. այսինքն` 2.5 տոկոսը կվճարի քաղաքացին, 7.5 տոկոսը` պետությունը: Ներկա կարգավորմամբ կենսաթոշակային համակարգի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 5 տոկոսը վճարում է անձը, 5 տոկոսը՝ անձի օգտին պետությունը: Նշվում է, որ համակարգին անդամակցող, ինչպես նաև նոր միացող անձանց համար դա լրացուցիչ բեռ է, որը հանրության հիմնական մտահոգությունն է: Առաջարկվող նախագծով նույն 10 տոկոսը կձևավորվի հետևյալ կերպ՝ 2,5 տոկոսը քաղաքացին, 7,5 տոկոսը՝ պետությունը։