Բաժիններ՝

«Չեմ ասում՝ արի ինձ կերակրի, արի ընտանիքս պահի, այլ ինձ հնարավորություն տուր՝ պահեմ ընտանիքս»

Ասում է ազատամարտիկ Զալիկո Հայրապետյանը

Արցախյան պատերազմի տարիներին հայ-ադրբեջանական տարածքի վրա և դրան կից տարածքներում տեղադրվեցին բազմաթիվ հակահետևակային ականներ ու պայթուցիկ սարքեր: Ականների կիրառումը բնորոշ է նաև աշխարհի պատերազմող այլ երկրներին, որից տուժում է ոչ միայն հակառակորդի ուժը, այլ, ցավոք, նաև խաղաղ բնակչությունը: Արցախի ազատագրումից հետո ականների հայտնաբերումն ու ոչնչացումը նույնպես անհետևանք չեն մնացել:

Հակամարտության տարիներին տուժածներից շատերն այսօր հեշտ կյանքով չեն ապրում ու պետությունից իրենց անհրաժեշտ աջակցությունը չեն ստանում: Հակամարտության տարիներին ականից տուժած ազատամարտիկներից է Զալիկո Հայրապետյանը, ով ապրում է Սյունիքի մարզի Կապան քաղաքում:

Արդեն 3 տարի է` Զալիկոն տաքսու վարորդ է աշխատում ու կապանցիներին երկար ճանապարհ քայլելուց ազատում, իսկ եթե իրեն ծանոթ մարդ է լինում հաճախորդը (իսկ նրանք այնքա՜ն շատ են իրենց մարզում), անվճար է տեղափոխում: Այսպես են անցնում ազատամարտիկ Զալիկոյի օրերը` ապրելով տանը, որը նույնիսկ իրենը չէ:

Ազատամարտիկը վարկերի պատճառով տունը վաճառելուց հետո ստիպված է այժմ Ուրիշի հարկի տակ ապրել ու կոմունալ հարկերի հետ մեկտեղ` վճարել նաև բնակարանի վարձը: Մինչ այդ գյուղի տանն էին ապրում, փակում էին պատերազմից մնացած անցքերը:

«3 տարի է` տաքսու վարորդ եմ, մինչև էդ չարքաշ կյանք էինք վարում` շշեր էինք հավաքում: Ազատամարտիկը շիշ է հավաքում, որ իրա ընտանիքը պահի: Աղբանոցից շշերը հավաքում էինք, գիշերով տանում նենց տեղ լվանում, որ ոչ մեկը չտենա, բերենք հացի փող անենք: Նենց որ, աշխատանք չունեն ազատամարտիկները, ու տես, ինձ նման ինչքա՜ն մարդ կա էսպես: Ու մենք կոչվում ենք անկախ պետության ազատամարտիկներ: Էն ժամանակ ոչ մեկը չէր մտածում, որ կարող ա սենց բաներ լինեն, մարդիկ պայքարում էին, որ լավ ապրեին: Ես հիմա տաքսու վարորդ եմ, բայց ես մեխանիզատոր եմ մասնագիտությամբ: Այ, որ մեկը լիներ, ինձ ձեռք մեկներ, որպես մեխանիզատոր գործի ընդուներ, հիմա ես էս վիճակում չէի լինի: Ստիպված դիմեցինք վարկերի ու գնացինք կործանվանք. էրեխեքս ուսանող դարձան, մեկը Երևանում էր, մյուսը` ստեղ, դրա համար տունը գրավ դրեցինք ու չկարողացանք հանել»,- պատմում է Զալիկոն:

Զալիկո Հայրապետյանը Սյունիքի մարզի Եղվարդ գյուղից է, գյուղի սահմանամերձ լինելու պատճառով` համագյուղացիների հետ մասնակցել է Արցախյան պատերազմին ու ավարտից հետո էլ մասնակցել է ականազերծման աշխատանքներին: Հենց այդ օրերին էլ վիրավորվել է ականից և հրաշքով ողջ մնացել. վիրավորվել է միայն ձախ ոտքը: Այժմ Զալիկոն կրում է պրոթեզ և փորձում է ապրել լիարժեք կյանքով:

Փորձում է, բայց նաև նրան որոշակի աջակցություն է հարկավոր, որը նա գրեթե չի ստանում:

«Օգնությո՞ւն, ես դա օգնություն էլ չեմ հաշվում, դա ողորմություն եմ հաշվում. տարին մի անգամ կարաս դիմես մարզպետարանին ու ընդամենը 30.000 դրամ ստանաս: Ես չեմ սիրում, որ գնում ողորմություն են խնդրում, իմ բնավորությունս մի քիչ ուրիշ ա, ես կարող եմ նույնիսկ մի շոկոլադով օրս անցկացնել:

Ասենք, ինձ օգնություն հասնում է, պետական մասշտաբով կա այդպիսի բան. խնդիր չկա, որովհետև կռվել ենք, արյուն ենք թափել էս երկրի համար, հասկանալի երևույթ է: Բայց ի՞նչ, ասենք, ես` կռված մարդ, ու անընդհատ ողորմություն խնդրեմ, դու ինձ փայտ տաս, որ վառեմ` իմ երեխան չմրսի՞:

Ես չեմ կարողանում, ուղեղումս չի տեղավորվում էդ: Էն ժամանակ դու չխնդրեցիր ինձ, էն ժամանակ գիտակցելով` ես գնացի էդ կռվին, ես գնացի պատերազմ, գնացի ականազերծմանը, բայց հիմա՞… «է, թքած, չգնայիր»` իմ հարցիս պատասխանը ես եմ տալիս: Հիմա ես մարդիկ գիտեմ, որ պատերազմ չեն գնացել, լավ էլ ապրում են. թող ապրեն, հալալ իրանց, բայց չէ՞ որ մենք պետություն ենք կոչվում, պայքարում էինք, անկախացանք, հետո՞…

Ամբողջությամբ մենք կախման մեջ ենք: Անունը դրել ենք անկախություն, բայց ո՞ւր ա անկախություն… Ո՞ւր ա զոհվածի ընտանիքը, ինչո՞վ ա ապրում, ո՞նց ա ապրում: Անհայտ կորածի ընտանիքը ո՞նց ա ապրում. չէ՞ որ անկախության համար ա կռվել: Ասենք, որ հարևանները կռվում են, մեկը մյուսից մի բան խլում ա, չի՞ տանում վայելում. դե, հիմա մենք էլ ենք խլել, թողեք թող վայելենք, օգնեք, որ վայելենք»,- դառնացած ասում է Զալիկոն:

Հեշտ չեն եղել պատերազմի տարիները Զալիկոյի համար. շարժման հենց առաջին օրերից է Զալիկոն իր կամքով դիմել և մասնակցել պատերազմին: Մի մեծ պատմություն ունի իր սրտում ու իր հերոսական տարիների մանրամասները երբեք չի ջնջի հիշողությունից. «Ես հրացանս դնում էի տրակտորիս մեջ, վար ու ցանքս էի անում հրացանով: Երկու տարի տենց վար ու ցանքս արեցի, 1988 թվին, որ շարժումը սկսվեց, 89-ին հրացանները բաժանեցին, ու արդեն պոստեր էինք պահում: Գյուղում շարժման ակտիվիստներից մեկը ես էի:

Պատերազմն արդեն կամաց-կամաց մարում էր` հասել էր արդեն Հորադիզի կողմերը: Արդեն բանը հասել էր նրան, որ պիտի ականազերծում արվեր, ու էդ ժամանակ եռամսյա զորահավաքներ էին անում: Բանակը որ ձևավորված էր, արդեն նենց չէր, որ կամավոր վեր կենայիր, ասեիր` ես գնում եմ կռվի: Իրանք արդեն ծանուցագիրն ուղարկում էին, ու գնում էինք ծառայության: Երբ ինձ ծանուցագիրը բերեցին, մեր գյուղապետին ասացի, որ չեմ կարող հեռանալ գյուղից. տան միակ տղամարդը ես էի, չէի կարող իրենց բոլորին թողնել ու գնալ, խնդրեցի միանալ տեղի ականազերծողներին ու մասնակցել էդ գործին:

Գյուղապետը համաձայնեց, պայմանավորվեցինք, ու գնացի ականազերծման: Ինձ որ ասում են` պատմի` ո՞նց ես ականի վրա վիրավորվել, միշտ պատմում եմ, թե ոնց եմ գիտակցաբար ընկել ականի վրա: Ականապատ տարածքում էինք էդ օրն ու մեկ էլ` մեր գյուղից մի տարիքով մարդ: Բա, թե` «Ո՞վ ա գալիս` գնանք մի հատ ջուր խմենք», բոլորը վախում են. ականի դաշտ են մտել: Ես էլ միամիտ-միամիտ ասեցի` կգամ: Վեր կացա, ու իրանից առաջ ընկա: Գնացի, տեսա մի խաղողի սյուն էր ընկել ցանկապատի վրա, ու նկատեցի` մի ճոճվող բան ա ստացվել, գլխի ընկա, որ հնարավոր է` պայթած չի ականը:

Բայց անցանք էդ տարածքը նենց, որ էդ օրը չպայթեց, փետրվարի 3-ն էր: Հաջորդ օրը, որ հասնում ենք ականի տարածքը, տղերքն ամեն մեկը մի տեղով դուրս են գալիս, ես էլ անցնում եմ նույն տեղով, մոռանում եմ, որ պետք ա ոտքս ծայրին չդնեի, ու տենց դնում եմ ականի ծերին, որ ոտքս երկար գցեմ, բարձրացնում եմ, ու վերջ` ոտքս կտրում ա: Ոնց որ գիտակցելով ես ոտքս դնում եմ էդ ականի վրա: Ու իմ բախտը բերում ա, որ ականները ձախ թևի վրա էին. ձախ ոտքս որ կտրում ա ու ներքևից որ խփում ա` ինձ գցում ա աջ թևի վրա: Որ աջ կողմ չգցեր` էլի ես կպառկեի ձախ թևի վրա ու չէի լինի էլ…

Ու էդ պահին աչքիս դեմն էկավ էսօրվա օրը, որ իմ կյանքը ոնց պիտի դասավորվի… Եկան ու մի ժամից հասցրին ինձ հիվանդանոց: Կապանում վիրահատություն արեցին, տենց սխալ էին կտրել ոտքս, մի տարի հետո գնացինք Երևան, նորից վիրահատեցին, 10 սմ վերև կտրեցին ոտքս, ու տենց պրոթեզ դրեցին: 1996-ին առաջին պրոթեզս եմ հագել: Անվճար էր վիրահատությունը, բայց դե, անվճար բա՞ն կա, դե, մի բան անում ես մարդկանց համարգ Վերջին պրոթեզը մի տարի առաջ են դրել»:

Զալիկոն ասում է, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ գործակալությունների ու նաև պաշտոնյա անձանց է դիմել, որ ինչ-որ մի հարցում աջակցեն իրեն, բայց որևէ արձագանք չի ստացել, լավագույն դեպքում` հստակ մերժում` անպատասխան արձագանքի փոխարեն: Նույնիսկ իր երեխաների համալսարանական տարիներին նրանք որևէ զեղչ չեն ստացել և ստիպված են եղել վճարել ուսման վարձը` ինչպես բոլորը: Միայն թոշակ է ստանում այժմ և տարին մեկ անգամ փոքրիկ գումար` մարզպետարանից:

«Գնաս հայրենիքի համար պայքարես ու գաս ուրիշից փող վերցնես-տանես քո երեխայի համար հաց առնես: Որ չեն զանգում տանից ու ասում. «գիտես, բա էլեկտրիկը էկել ա, դուռը ծեծել ու ասում ա` փողը տուր»… Էդ էլեկտրիկի համար չե՞նք գնացել կռիվ, պետության համար չե՞նք կռվել, գոնե ազատամարտիկներին մի փոքր հնարավորություն տան. չենք ասում` չմուծենք, էդ սխալ երևույթ է, չեմ ասում` արի ինձ կերակրի, արի ընտանիքս պահի, ինձ հնարավորություն տուր, օրինակ, վա՞րկ ես տրամադրում` տուր 8 %-ով, 10 %-ով, տալիս եք 18-20 %-ով…

Հիմա էրեխուդ ասա` գնա հայրենիքդ պաշտպանի: Ո՞ւր ա հայրենիք, ցույց տվեք ինձ հայրենիքը, ինձ` ազատամարտիկիս, ցույց տվեք հայրենիքը: Անհայտ կորածի, զոհվածի ընտանիքին ցույց տվեք հայրենիք, որ ինքն էլ իրա էրեխուն ուղարկի բանակ:

Թոշակը պետք ա լինի առնվազն 150-200 հազար դրամ, որ իմ էրեխան հասկանա, որ պետություն կա, տիրություն ա անում իր հորը, որ վաղը-մյուս օրը նման մի բան եղավ` մարդիկ ռիսկով գնան, ճիշտ է` էլի գնալու են, մեր ազգը նենց ազգ ա, որ էլի գնալու են. դժբախտության օրերին են մերոնք մենակ կարում հավաքվել: Գնալու են էլի, բայց ի՞նչ, թողնենք դանակը հասնի ոսկորի՞ն, էն գլխից պատրաստեք էս մարդկանց»,- ասում է ազատամարտիկ Զալիկո Հայրապետյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս