Մերոնք

Համացանցում մի լուսանկար էր «շրջում». ՀՀ վարչապետն ու ԱԺ 4-5 խմբակցությունների պատգամավորներն ուղղաթիռով հայ-ադրբեջանական շփման գիծ են ուղևորվում: Լուսանկարն ավելի շատ նատյուրմորտ է հիշեցնում. ուղևորները մի տեսակ երկրորդ պլանում են: Առաջինն աչքի է զարնում մրգի հարուստ տեսականիով` մեծ, շատ մեծ սկուտեղը:

Ուղղաթիռով թռիչքը 30-40 րոպե է, բայց այդ ընթացքում էլ բարձրաստիճան ուղևորները ոչ մի անհարմարություն չպետք է զգան, մասնավորապես, վիտամինների ընդունման առումով: Ուղևորությունը տուրիստական չէ: Թեև միանշանակ պնդելն էլ ազնիվ չէ. առջևում զինվորական համազգեստով ֆոտոշարքն է և առաջին գծում` խաղաղ գիշերը:

Բարձրաստիճան պաշտոնյաների նման ցուցադրական այցելությունները բարձրացնո՞ւմ են սահմանամերձ գյուղերի բնակիչների մարտական ոգին, սոցիալական կայքերում զինվորական հագուստով նրանց լուսանկարներն արիության նո՞ր դոզա են գյուղացիների կամ զինվորների համար: Կարող եմ ասել` այցելություններն ու ֆոտոսեսիան սահմանամերձ գյուղերի բնակիչներին հիմնականում` անտարբեր են թողնում, որոշ դեպքերում` անգամ զվարճացնում:

Կրակոցներից շփոթված գյուղացիներին ասել, թե իրենց հետ առաջին գծում գիշերելու են մայրաքաղաքից եկած պաշտոնյաներ կամ պատգամավորներ, որ նրանք կարող են խոսել սահմանամերձ գյուղերին տրվելիք հատուկ արտոնություններից, արդեն չի ոգևորում: Գյուղացիներն իրենց հողի վրա ապրում են արդեն տասնամյակներ` առանց մեծահոգաբար առաջարկված և, անկեղծ լինենք, չափազանց ուշացած արտոնությունների: Եթե կուզեք` այդ արտոնություններն անհրաժեշտ են նախևառաջ` զգեստապահարանում բազմաթիվ կոստյումների արանքում մի ձեռք էլ զինվորական համազգեստ կախած պաշտոնյաներին: Ու նաև մեզ` սահմանամերձ գյուղերում չապրողներիս:

Օգոստոսին մի քանի օրով եղա Նոյեմբերյանում: Նախօրեին արդեն սկսվել էին ինտենսիվ և գիշերը չդադարող գնդակոծություններն ու կրակոցները: Սահմանամերձ Դովեղ կատարած այցելությանս ընթացքում գյուղի խանութ-տնակներից մեկում զրուցում եմ հավաքված կանանց հետ: Խանութը գյուղամիջում է: Որքան հասկացա, մարդիկ այստեղ խանութ են մտնում ոչ այնքան` գնումներ անելու, որքան` որպես հասարակական մի վայր, ուր կարող են հանդիպել միմյանց, փոքր-ինչ զրուցել: Խանութի հարևանությամբ են Դովեղի մանկապարտեզը, գյուղապետարանը: Եվ հենց այդ տարածքն է հակառակորդի ուղիղ նշանառության տակ. ամեն րոպե կարող են կրակել:

Xanut (5) Xanut (2)

– Աղջիկ ջան, էս որ կանգնել ես էդտեղ, կարող ա ամեն րոպե կրակեն: Չես վախենո՞ւմ, գոնե շուտ գնա, մի բան չլինի,- ասում է կանանցից մեկը` Նվարդ Դուրինյանը:

– Բա դո՞ւք ինչպես եք ապրում:

– Բա ի՞նչ անենք, ո՞ւր գնանք: Տուն-տեղ ենք դրել, հող մշակել, որ ո՞ւր գնանք: Բայց դե էսպես էլ չի լինի. ուզում ենք շիթիլ անենք, դա էլ արդեն հնարավոր չի: Կրակում են:

– Մի քանի օր առաջ Կոլնանց Միշոյի վրա կրակել էին, մի կերպ էր արել, հողամասից փախել: Մարդն աշխատանք ա արել, ու հասել է պահը, երբ պետք ա բերքից օգտվի, չեն թողնում, կրակում են,- զրույցին միացավ խանութ մտած կանանցից մեկ ուրիշը:

– Ումո՞նցե ես,- ինձ զննելով` հետաքրքրվեց տարեց մի կին:

– Ավագյան Վիգենի աղջիկն եմ: Կողբից,- ասացի:

– Վա՜յ, Վիգենին ճանաչում էի: Մենք բարեկամ ենք: Ես էլ Արամայիսի աղջիկն եմ, գիտե՞ս (զրուցակիցս վաղուց 70-ն անց կին էր, և մեծ ցանկության դեպքում էլ չէի կարող ճանաչել նրա հորը և անգամ` իրեն, բայց իր պարզությամբ այդ կինն արդեն հարազատ էր թվում.- Լ.Ա.): Դե արի գնանք մեր տուն, կոֆե-մոֆե դնեմ, երեխեքի համար էլ մի քիչ խնձոր-բան դնեմ, տար:

– Շնորհակալություն, տատիկ ջան, մեկ ուրիշ անգամ:

– Ո՞ւր ես տուն հրավիրում, թող էս աղջիկը գնա, մի բան չպատահի:

– Մեր տանիցն իրենց պոստերը երևում են, բայց նրանց հիմնական կրակելու տեղն ըստիյա` գյուղամեջը, մանկապարտեզըգ Դպրոցը մի քիչ հեռու ա, բայց դպրոցի ուղղությամբ էլ են կրակում: Ցանկացած մարդու ցանկացած ժամին կարող են կրակել…

– Կարող ա` հանգիստ նստած ես, ու սկսվի վրադ կրակ թափվելը, ամեն ժամիգ

– Դպրոցը, մանկապարտեզը` կրակոցների տակ: Իրանց պոստերն էլ, հրես, երևում են: Խոշոր տրամաչափի զենքից որ չեն կրակու՜մ, ոնց որ երկրաշարժ լինի:

– Առևտուր լինո՞ւմ է,- հարցնում եմ խանութի գեղեցկադեմ վաճառողուհուն: (Խանութում վաճառասեղանին 3-4 զույգ կոշիկ է, ամենաթանկը` 4700 դրամ: Կոշիկների հարևանությամբ` մի կիլոգրամ բրինձ, նույնքան շաքարավազ, արևածաղկի սերմ: Ու դատարկություն):

Xanut (1) Xanut (4)

– Է՜, ո՞ւր ա առևտուր,- ժպտում է վաճառողուհին ու նայում սեղանին դրված հաստափոր ու մաշված` «նիսյայի» տետրին:

– Աղջիկ ջան, արի գնանք տուն, էլի՜: Պատկերացրու` գամ Երևան, բա ինձ չե՞ս ասի` արի գնանք մեր տուն,- պնդում էր տատիկը, որն Արամայիսի աղջիկն էր:

– Կյանք ա, է՜, ի՜նչ ձևով էինք իրար շաղկապված, որ հիմա ահով-դողով ենք ապրումգ

– Ջահելներից շատերը Երևանում են, վարձով են ապրումգ

– Իմ տղան Ռուսաստան ա գնացել, համալսարանում ա սովորում, բայց ուսման վարձի հնար չունենք: Պատկերացրու, գնացել ա Ռուսաստան` աշխատի, որ իր ուսման վարձը վճարի:

– Ոսկեպարի գյուղի կողմը չգնաս, կրակում են,- արդեն որպես հարազատի` զգուշացրեց տարեց կինը` Արամայիսի աղջիկը:

– Աշխատանք չկա, ահուդողն էլ հետը: Աշխատավարձն էլ օրվա չոր հացի փող ա, երկու երեխա ունի, յոթ վարկ, երկու ուսանող ա պահում: Թե ում համար են սովորում, ես էլ չգիտեմ,- գլխով վաճառողուն ցույց տալով` նրան է ներկայացնում կանանցից մեկ ուրիշը:

– Ա՛ղջի, Էս երկու օրը չէ՞ր, Աշոտյանն ասեց, թե Տավուշի մարզի 30 ուսանողի ուսման վճարը 30 տոկոսով պետությունն իր վրա ա վերցնում,- վաճառողուհուն դիմեց մեկը:

– Ի՜, կեծակը (կայծակը.- Լ.Ա.) նրանց գլխին, չեն ասում` Դովեղն էլ սահմանամերձ գյուղ ա: Մի մարդ չկա՞` ասի` մեր Նոյեմբերյանի ռայոնն ավելի շատ կրակոցների տակ ա, ու ոչ մի արտոնություն չկա: Բա չեն ասո՞ւմ` էս մարդիկ գյուղից դուրս չեն գալիս, իրանց հողին կպած են, մի բան էլ մենք անենք սրանց համար:

– Մի հատ օգնություն, տեր կանգնել չկա:

– Բայց գյուղի փողոցներում լուսավորություն են անցկացնում,- ցույց տվեցի նոր քաշված լարերը:

– Հա, քաշել են, բայց դեռ չեն միացրել:

– Ապրի էդ բարերարի արևը, որ քաշել ա էս լույսը: Բա որ էդ հովանավորն ընկավ-մեռավ, ի՞նչ ա լինելու էդ վարձի հարցը. ընկնելու ա գյուղապետի վրա, կամ էլ երևի կանջատեն:

Խանութ-տնակ մտավ փոքրամարմին մի առաքիչ. բերածը` ցելոֆանե տոպրակներ, մոմեր ու կրակայրիչներ են:

– Հացը` նիսյայով, բրինձը` նիսյայովգ

– Նիսյայով տալիս ենք, վարկ ենք վերցնում, որ առաքիչների պարտքերը փակենք,- մոմերը տեղավորելով` խոսում էր վաճառողուհին:

– Որպես լրագրող` աշխատավարձդ բարձր ա՞, նորմալ ա՞, աղջիկ ջան,- հետաքրքրվեց տատիկը, որն Արամայիսի աղջիկն էր:

– Հա, տատիկ ջան, նորմալ է:

– Ինչքա՞ն ես ստանում…Հերիք ա՞ հաց-մացի, էրեխեքին մի բուռ կոնֆետ առնելուն:

– Հա, տատիկ ջան:

– Երկու տղա ունեմ` 31 և 32 տարեկան: Ոչ մեկը չի աշխատում: Աղջիկս 29 տարեկան է, ամուսնացած չի: Ասում են` եթե մեզ չենք կարողանում պահել, ամուսնանաք, էգոց-էլօր` մի երեխա, երկու երեխա, ո՞նց ենք պահելու,- դառնացած պատմում էր Նվարդ Դուրինյանը:

– Դե լավ մնացեք, ես արդեն գնամ,- ասացի:

– Էդ գնո՞ւմ ես:

– Արդեն գնում եմ:

– Գնում ես ու մեր տուն էլ չեկար: Բա էդպես ո՞նց կլինի,- հրաժեշտի փոխարեն` ասաց տատիկը, որն Արամայիսի աղջիկն էր:

Տեսանյութեր

Լրահոս