Որքան կթանկանա էլեկտրաէներգիան
Սկսվեց թանկացումների հերթական շղթան: Առաջին օղակն էլեկտրաէներգիան է: Սա արդեն պաշտոնապես հաստատված է: ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր վրա է վերցրել գուժը հայտնելու անշնորհակալ գործը: էներգետիկայի մասին օրենքին հղումներ անելով` հանձնաժողովն ասում է, որ ուսումնասիրություններ է կատարել: Կատարել ու պարզել է, որ էներգետիկ համակարգի ընկերությունները 2014-ին ու 2015-ին ֆինանսական միջոցների կարիք են ունենալու: Ուսումնասիրություններով նույնիսկ չափն են պարզել` առնվազն 20 մլրդ դրամ:
Լրացուցիչ այդքան գումար է պետք տրամադրել համակարգի ընկերություններին: Այլապես, ըստ հանձնաժողովի` կվտանգվի էլեկտրաէներգիայի հուսալի և անվտանգ մատակարարումը: Սույն բարդ բացատրությունն ընթերցող պարզ սպառողին, ի վերջո, մի հարց է հետաքրքրում` «Երբվանի՞ց և որքա՞ն հավելյալ գումար կտանեն իր գրպանից»:
Թե երբվանից` առայժմ պարզ չէ: Փոխարենը` համարյա հստակ է, թե որքան: Պարզ սպառողը ոչ մի կերպ չի հասցնում կարգավորել էլեկտրաէներգիայի դիմաց վճարվող ծախսերը: Վերջին թանկացումից հետո բոլոր սպառողները նկատելի միջոցներ հատկացրեցին սովորական շիկացման լամպերը նոր էներգախնայողականներով փոխարինելու համար: Իրավիճակը տանելի էր: Նոր ու թանկ լամպերի համար արված ծախսերն իմաստ ունեին: Նոր տեխնոլոգիական լամպերի շնորհիվ ամսական վարձավճարները շատ չբարձրացան: Բայց այն, ինչ ձեռնտու էր բնակչությանն ու մյուս սպառողներին, պարզվում է, ձեռնտու չէ էներգահամակարգին:
Այս անգամ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ավելի ազնիվ է: Այս մարմնի տարածած հաղորդագրության համաձայն` համակարգին անհրաժեշտ է 20 մլրդ դրամ՝ մաքուր: Այսինքն` առանց Ավելացված արժեքի հարկի: Այս ամենից հանձնաժողովը ենթադրում է, որ մեկ կՎատ/ժամ-ի սակագինը կավելանա 3,8-4,2 դրամով: Այս թիվը հաշվարկելը բարդ չէ: Հարկավոր է ունենալ երկու-երեք տվյալ` որքան էլեկտրաէներգիա է արտադրվում, որքանն է մատակարարվում բնակչությանը, որքանը` բարձրավոլտ սպառողներին, և որքան են կորուստներն ու համակարգի ներքին սպառումը: 2013թ. Հայաստանում պաշտոնապես արտադրվել է մոտ 7,7 մլրդ կՎատ/ժամ էլեկտրաէներգիա:
Այդ թվի մոտ 15 տոկոսը հանելուց հետո կպարզվի, որ անհրաժեշտ 20 մլրդ դրամը կստացվի մոտ 4 դրամով բազմապատկելու դեպքում: Փաստորեն, որևէ բարդ բան չկա: Բացի այն փաստից, որ մենք բոլոր իշխանությունների օրոք դատապարտված ենք համակերպվել հանրային ծառայություններ կոչվածի տոտալ գնաճի հետ: Որովհետև բոլոր կառավարություններին ձեռնտու է սակագների աճը: Բոլոր կառավարությունները սահմանադրական պարտք ունեն պետբյուջե հայտարարելու: Եվ որքան էլ որ նրանց դուր չգա, բյուջեն կատարելը ևս սահմանադրական պարտք է: Փաստորեն, երբ էներգահամակարգի ձեռնարկությունները խնդրում են բարձրացնել սակագինը, կառավարությունը սիրով ընդառաջում է այդ խնդրանքին:
Եթե էլեկտրահամակարգին հաջողվի բնակչությունից ու մյուս սպառողներից 20 մլրդ լրացուցիչ գումար կորզել` բյուջեն ինքնաբերաբար ստանում է այդ գումարի 16,67 տոկոսը: Դա կատարվում է մեր ԱԱՀ-ի 20 տոկոսանոց չափաբաժնի շնորհիվ: Պատկերացրեք, թե որքան լրացուցիչ ու աշխատատար ջանքեր էին պետք կառավարությունից 3,3-4 մլրդ դրամի չափով հարկ հավաքելու համար: Իսկ սակագինը բարձրացնելու դեպքում այդ գումարն ինքնաբերաբար հայտնվում է պետբյուջեում: Ահա թե ինչու էին մեր բոլոր նախորդ 12 կառավարությունները ցնծությամբ ընդունում սակագինը բարձրացնելու բոլոր դիմումները:
13-րդն էլ, կարծում եմ, բացառություն չի լինելու: Այս պարագային դժվար թե որևէ մեկը հավատա սակագինը որոշելու լիազորություն ունեցող հանձնաժողովների անկախ գործելու փաստին:
Այդ հանձնաժողովները ժամանակի ընթացքում տարբեր անուններ ու լիազորություններ են ունեցել: Տարիների հետ փոխվել են նախագահներն ու շարքային անդամները: Նույնիսկ գործելաոճն է փոխվել: Հիմա այն բավական թափանցիկ է` նիստերն ու քննարկումները հանրային ձևաչափ ունեն: Բայց միևնույն է` հանձնաժողովները մշտապես դակել են բոլոր դիմումները:
Իշխանությունների կամքին հլու-հնազանդ: Փաստորեն, բյուջե հավաքագրելը վաղուց արդեն դարձել է ինքնանպատակ մի բան: Ուսուցչից, թոշակառուից ու մնացածից մատակարարվող գազի, էլեկտրաէներգիայի դիմաց ավելի ու ավելի մեծ վարձավճար ենք գանձում, որ բյուջեն լցվի: 20 տոկոսանոց ԱԱՀ-ով լրացուցիչ «կեղեքում» բյուջե ենք լցնում, որ թոշակ ու աշխատավարձ բաժանենք:
Կախարդական շրջան է: Այն կարելի էր նույնիսկ անտրամաբանական համարել, եթե չհիշեինք «Մեղր ծախողը (այս պարագային` բյուջեն բաժանողը) մատը կլիզի» ասացվածքը: Իսկ վերջին տարիներին բացահայտված աղմկոտ տնտեսական հանցագործություններից ակնհայտ դարձավ, որ «մատ լիզելու» չափաբաժինը մեր երկրում համարյա 60 տոկոս է կազմում: Գուցե հենց այդ նպատակով են մեր իշխանությունները ձգտում հնարավորինս ավելացնել պետբյուջեի մուտքերը: