Դիակապտություն՝ «վերանորոգված» հուշահամալիրում
Այսօր Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցն է, որը, ինչպես վերջին մի քանի տարիներին, ոգեկոչվելու է միանգամայն այլ մթնոլորտում: Առնվազն պետական մակարդակով իրականում հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրն այլևս չի էլ ոգեկոչվելու: Որպես հիշատակ՝ պետության կողմից կազմակերպվելիքը լինելու է ոչ թե ոգեկոչում, այլ անարգանք՝ Հայոց ցեղասպանության զոհերի ու նրանց սերունդների, մեր բոլորի նկատմամբ:
ՔՊ-ական իշխանությունը վերջին մի քանի տարիներին այլասերում է Հայոց ցեղասպանության նկատմամբ պետական ու հանրային վերաբերմունքը՝ իդիոտիզմի հասնող իդեոլոգիական մակարդակում Հայոց ցեղասպանության մեղքը բարդելով… ցեղասպանված հայ ժողովրդի վրա:
Հայաստանի գործող իշխանության կողմից վարվող կեղտոտ քարոզչությունը հանգում է նրան, որ լայն իմաստով՝ «ցեղասպանությունը մեզ հասնում էր», քանի որ Օսմանյան կայսրության լծի տակ խոնարհ ապրելու փոխարեն՝ ժամանակին հայերը հանդգնություն են ունեցել մտածել նաև այլ ուղղություններով: Ահա այդպիսի քարոզչություն ու դրա հիման վրա արտաքին քաղաքականություն վարող իշխանության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությունը նրանց հիշատակի պղծում է ամենամեղմ ձևակերպմամբ:
ՔՊ-ական շքախումբը վաղը գնալու է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ոչ թե հարգանքի տուրք մատուցելու, այլ Թուրքիայի իշխանություններից ներողություն խնդրելու՝ 111 տարի առաջ մեր նախնիների «սխալ պահելու» ու ցեղասպանվելու համար: Իսկ այն, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը վերանորոգվել է, ՔՊ-ի կողմից ներկայացվելու է այնպես, ինչպես մինչև հիմա բոլորի աչքն է մտցվում Արցախին տրված բյուջետային աջակցությունը, որի արդյունքը եղավ… Արցախի կորուստը/հանձնումը: Այդ նույն տրամաբանությամբ, ոչ հեռու տարիներ անց արդեն իսկ խայտառակ փնթի «վերանորոգված» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը կարող է անվանակոչվել, ասենք, «Համազգային ամոթի ու ներողության հուշակոթող», որի մոտ ամեն տարի «Իրական Հայաստանի» ղեկավարները ծնկի կգան եղբայրական թուրք ժողովրդի առաջ՝ իրենց պապերի կողմից թուրքերի պապերին այնքան ծանր ապրումներ պատճառելու համար, որ նրանք այլ միջոց չեն ունեցել, քան 1.5 միլիոն մարդու ողջակիզումը:
Այս պահին սատանայական թվացող նման հեռանկարն ավելի սատանայական չէ, քան մի քանի տարի առաջ Արցախն իրենց հայրենիքը համարողների կողմից այսօր Արցախի «ադրբեջանական պատկանելությունն» ապացուցելու համար վարվող ջանքերը:
Վեց տարի առաջ Արցախում տեղի ունեցածը 111 տարի առաջ կատարված ցեղասպանության հետևանքն էր: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, ապրիլի 24-ի խորհուրդը համազգային ողբը չէ, թեև միշտ ավելի հեշտ է եղել ողբալը: Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նպատակը եղել է ու պետք է լինի ապագայում որևէ դրսևորմամբ դրա կրկնությունը կանխելը: Հայաստանի այսօրվա իշխանությունը, սակայն, վարում է քաղաքականություն, որի հիմքում ոչ թե՝ ցեղասպանությունների կանխումն է, այլ՝ մանիֆեստը բոլոր ցեղասպանողներին այն մասին, որ իրենք պատրաստ են ամենայնի, ինչի համար սովորաբար կարող են ժողովուրդներին ցեղասպանել:



