Հանձնված տոն

Նոյեմբերի 9-ի և Մայիսի 9-ի միջակայքում հայ ժողովուրդը հնարավորություն ուներ գտնելու սեփական սխալների պատճառները, հարցի պատասխանը, թե ինչո՞ւ իրական հաղթանակները հռչակվեցին որպես հակապետական ու ողբերգական, պարտությունները՝ որպես պետությունը փրկող։

Փոխարենը՝ Մայիսի 9-ի հաղթականությունը նոյեմբերի 9-ի խայտառակության վերածած մարդկանց խումբը՝ խմբավարի գլխավորությամբ, գտավ հայ ժողովրդին ադրբեջանական հացահատիկով երջանիկ դարձնելու բանաձևը։

Ժողովուրդը, իհարկե, ուղղակի որոնմամբ չէր գտնելու այդ պատճառներն ու պատասխանները, առանց իրենց քաղաքական էլիտայի տեղ դրածների՝ այդ պատասխանները չէին գտնվելու, որովհետև գտնելուց առաջ պետք էր դրանք առաջադրել։ Իսկ հարցեր առաջադրելու փոխարեն՝ քաղաքական էլիտայի ներկայացուցիչների մեծ մասն անցած տարիներին զբաղվեց ինքնառաջադրմամբ։ Հաճախ՝ գիտակից հաշվարկով, երբեմն՝ գիտակցության բացակայության պատճառով, բայց ջրի երեսին մնալու անխախտ բնազդով։

Ժամանակին Եռատոն անվանումը ստացած մայիսի 9-ը այսօր ամոթի օր է։

Կարդացեք նաև

Բայց մենք չենք ամաչում ու իներցիայով ընկնում ենք հաղթականության հուշերի գիրկը՝ այդպես էլ չհասկանալով, որ ժամանակին դրսևորված իրական հաղթականությունը զուտ հպարտության առարկա դարձնելու պատճառով ենք նաև պարտությունը հաղթանակ համարողներին ու բոլոր պատերազմներում միայն սեփական պատմության ու ժողովրդի դեմ հաղթանակը հաղթանակ համարողներին թույլ տվել հասնել իշխանության։

Բայց չհասկանալը սոսկ անցյալի սխալների արձանագրում չէ։ Այդ նույն պատճառով, շատ մեծ է վտանգը, որ նույն խմբակն իշխանությունը կպահպանի նաև հունիսի 7-ից հետո։ Այսօրվա չգիտակցումը վաղվա ողբերգությունների սնողն է։ Այն վաղվա, որում մայիսի 9-ը ոչ միայն կարող է հանվել պաշտոնական տոնացույցից, այլ որում մայիսի 9-ը կերտողները կդատվեն՝ որպես «պատերազմական հանցագործներ»։ Շատերը կդատվեն հետմահու։

Անցած վեց տարիներին իր զավակներին հողին հանձնած ժողովուրդը՝  նրա գլխին իրենց քաղաքական վերնախավ կարգածների գործուն մասնակցությամբ կամ հանցավոր անգործությամբ, հանդուրժեց Արցախի հանձնումը՝ մինչ այդ հանդուրժած լինելով սեփական զավակների հանձնումը հողին։ Կարճ ժամանակ անց հանձնվելիք հողին։

Մենք թույլ տվեցինք մեր հողի հանձնումը՝ նրան հանձնված զավակների հետ միասին։ Եվ այսօր չենք ամաչելու դինջ իներցիայով տոնել Մայիսի 9-ը և հպարտանալ նոստալգիկ հերոսականությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031