Թրամփիզմի հայկական այլասերումը․ պայքար՝ կապիտուլյացիան ստորագրողի դերի համար
Պատերազմի միջոցով «խաղաղություն» պարտադրելու գործում Դոնալդ Թրամփի հետ աշխարհում ոտք է գցում մեկ էլ Նիկոլ Փաշինյանը: Բայց Թրամփին չեն զեկուցել, որ ի տարբերություն իր` աքսիոմորոնային արտաքին քաղաքականության, Փաշինյանի վարածը ներքին քաղաքականություն է ու շատ ավելի խորամանկ։ Դրանով «խաղաղությունը» պարտադրվում է ոչ թե այլ երկրների ռեժիմներին, այլ սեփական քաղաքացիներին:
Թրամփն ու Փաշինյանը, բացի սեփական հավասարակշռության հետ ունեցած խորը կոնֆլիկտից, նման են նաև «պատերազմ» և «խաղաղություն» հասկացությունների հետ խաղալու ավանտյուրիզմով:
Մեկը` այլ երկրների ռմբահարելով` սպառնում է քաղաքակրթություններ վերացնել։ Մյուսը՝ հայտարարելով, թե սեփական բանակը միայն շքերթ բեմադրելու համար է, ու սեփական ոտքից բացի, այլ ուղղությամբ չի կրակի՝ սպառնում է, որ իրեն չընտրելու դեպքում կկրակեն այլ բանակներից։
Մասնավորապես այն բանակից, որից պաշտպանվելու համար Հայաստանն ունեցել է զինված ուժեր և քառորդ դար դրանցով ապահովել է նաև Արցախի անվտանգությունը։ Բայց Փաշինյանը Հայաստանում ոչ միայն ադրբեջանական սպառնալիքների փոխանցողն է, այլև այդ երկրի քաղաքականությունն իրականացնողը՝ ամենաուղիղ և ամենաբովանդակ իմաստով։
Այս հայտնի իրողությունները հիմնարար կերպով փոխում են հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների տրամաբանությունը։
Մի կողմից՝ դրանց մասնակցում է Հայաստանում փաստացի այլ երկրի քաղաքականություն իրականացնողը՝ չընտրվելու դեպքում ժամկետով, ամսաթվով սպառնալով այդ նույն երկրի կողմից հրահրվելիք պատերազմով։
Մյուս կողմից՝ ընտրություններին մասնակցում են մոտ երկու տասնյակ ուժեր։ Հայեցակարգային պրոբլեմն այն է, որ նման մասնակիցներով ընտրություններում չեն կարող գործել ստանդարտ էլեկտորալ կանոններ։ Գործող իշխանությունն ընտրություններին մասնակցում է փաստացի պատերազմի տրամաբանությամբ, մինչդեռ մյուս ուժերը խաղում են սովորական ընտրական խաղի կանոններով՝ ցուցակների պրեզենտացիաներից մինչև մեծաբերան խոստումներ։
Բայց պատերազմներում նախընտրական սոցցանցային թանկարժեք ռիլզերով ու սթորիներով հաղթելու փորձ պատմությունը դեռ չի արձանագրել։
Հայաստանի այսօրվա նախընտրական իրականությունը շատ քիչ փոխաբերությամբ նման է իրական պատերազմական երկրի իրավիճակին, որի դեպքում դադարում են գործել սովորական ժամանակի կանոնները, այդ թվում՝ քաղաքական ուժերը մի կողմ են դնում բոլոր տարաձայնությունները՝ համախմբվելով արտաքին թշնամու դեմ։
Հայաստանում այսօր ճիշտ նույն իրավիճակն է, այն տարբերությամբ, որ թշնամին ոչ թե նոմինալ արտաքին է, այլ ներքին, և հանդես է գալիս հիբրիդային տեսքով՝ ի դեմս ՀՀ իշխանությունը զավթած խմբի, որը Հայաստանում իրականացնում է ադրբեջանական քարոզչությունը։
Այս հիբրիդի դեմ, սակայն, քաղաքական որոշ ուժեր պայքարում են նախընտրական դնջությամբ ու ձանձրալի արշավներով։
Հայաստանի ժողովրդի դեմ չհայտարարված պատերազմում պարտությունը կանխելու միակ տեսական հնարավորությունը՝ անվերապահորեն համախմբվել թշնամու դեմ պայքարում, կորսվում է ամեն ժամի հետ՝ նույնպիսի արագությամբ մեծացնելով հունիսի 8-ին կապիտուլյացիա ստորագրելու՝ անխուսափելի դարձող ռիսկը։



