Բաժիններ՝

1-ին անգամ Հայաստանում․ IOAI միջազգային AI օլիմպիադայի ազգային ընտրական փուլ դպրոցականների համար

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայ դպրոցականների համար բացում է արհեստական բանականության ոլորտում աշխարհի ամենամրցունակ միջազգային օլիմպիադաներից մեկի՝  IOAI-ի դռները։

Առաջին անգամ Հայաստանում կանցկացվի օլիմպիադայի ազգային փուլը՝ բաց ՀՀ բոլոր մարզերից մինչև 20 տարեկան դպրոցականների համար։ Լավագույն արդյունքը գրանցած աշակերտները կձևավորեն Հայաստանի ազգային թիմը և հնարավորություն կունենան ներկայացնելու երկիրն օգոստոսի 2-8-ին Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք միջազգային մրցապայքարում։

«Օլիմպիադան ամենամեծերից է աշխարհում և մեկ հարկի տակ է միավորելու 126 երկրից լավագույն տաղանդներին։ Սա շատ լավ հնարավորություն է աշակերտների համար  զարգացնելու արհեստական բանականության ոլորտի իրենց գիտելիքները, փորձի փոխանակում ունենալու այլ երկրներից իրենց հասակակիցների հետ, մրցելու ու աճելու միջազգային մակարդակում»,-նշել է FAST-ում օլիմպիադայի աշխատանքների համակարգող Ավագ Սայանը։

Հիմնադրամը 2025-ից հանդիսանում է օլիմպիադայի ազգային կազմակերպիչն ու  IOAI-ի պաշտոնական հավատարմագրված ներկայացուցիչը Հայաստանում։

Կարդացեք նաև

Անցյալ տարի օլիմպիադայի ազգային թիմի ընտրությունը կատարվել էր FAST-ի ու ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից ՀՀ բոլոր մարզերում ներդրվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագրի օլիմպիադաների արդյունքով։ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում կայացած 2-րդ ամենամյա IOAI օլիմպիադային մասնակցել էին Վանաձորից ծրագրի 4 աշակերտ։ Անհատական մրցապայքարում Արամ Ամիրխանյանը նվաճել էր Հայաստանի առաջին բրոնզե մեդալը, իսկ թիմային պայքարում աշակերտները 16-րդն էին 80 թիմերի թվում։

Այս տարի ազգային թիմի ձևավորումն իրականացվելու է բաց ընտրական փուլի արդյունքում։ Օլիմպիադայի կանոնակարգի սահմանման, խնդիրների ձևավորման և վերջնական արդյունքների ամփոփման համար ձևավորվել է ակադեմիական հանձնաժողով՝ բաղկացած Հայաստանի և սփյուռքի անվանի մասնագետներից։

«Արհեստական բանականությունը դառնում է նույնքան հիմնարար ոլորտ, որքան՝ ժամանակին ֆիզիկան կամ ինֆորմատիկան։ Օլիմպիադան հնարավորություն է տալիս դպրոցականներին միավորելու մաթեմատիկական մտածողությունը, ծրագրավորումը և իրական խնդիրների վերլուծությունը՝ ձևավորելով հետաքրքրված և բարձր պատրաստվածությամբ աշակերտների համայնք, որոնք մաս են դառնում համաշխարհային գիտատեխնոլոգիական կյանքին»,-նշել է հանձնաժողովի անդամ Սմբատ Գոգյանը։

IOAI-ի հայաստանյան հաղթողները որոշվելու են երեք փուլերի՝ ինքնագնահատման, որակավորման և ազգային եզրափակչի արդյունքում։ Մասնակիցների գրանցումն արդեն բաց է և կտևի մինչև մայիսի 26-ը։ Դիմելու պահին մասնակիցը չպետք է հանդիսանա բուհի ուսանող։

Առաջին՝ ինքնագնահատման փուլը կկայանա հունիսի 1-ին։ Ազգային փուլի հաղթողները մեկամսյա նախապատրաստական դասընթացներ են անցնելու մասնագետների հետ օգոստոսին Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ինը տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 31 ծրագիր՝ հասնելով ավելի քան 27 000 շահառուի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031