Խեղկատակը մերկ է… ոչ միայն խեղկատակը
Նախընտրական քարոզարշավի ընթացքում, ինչպես ընդունված է, հաղթում են բոլորը, բացի պետությունից, ժողովրդից ու ճշմարտությունից: Հենց վերջինի՝ ճշմարտության անվերապահ ջախջախումն է հանգեցնում պետության ու հասարակության պարտությանը: Որովհետև, ոչ թե կեղծիքի մշտական, այլ գոնե մի անգամ ճշմարտության հաղթանակի դեպքում, կարող էին մի հրաշքով ջրի երես դուրս գալ բոլոր այն արատները, որոնք Հայաստանը հասցրել են այս վիճակին, որից անդին կա՛մ չլինելիությունն է, կա՛մ անբովանդակ, այլոց ավելի ձեռնտու լինելիությունը:
Քաղաքական գործընթացի բոլոր մասնակիցներին, անգամ ու հատկապես ամենամոլի հակառակորդներին միավորողը միասնական պայքարն է ճշմարտության դեմ: Խոսքը, ընդ որում, փիլիսոփայական ճշմարտությունների կամ բարձր մատերիաների մասին չէ: Պարզապես գոնե մի անգամ քաղաքականութամբ զբաղվողները՝ առանձին-առանձին և միասին վերցրած, պետք է խոստովանեն, որ դրանով զբաղվում են՝ քաղաքականությունից տիեզերական մասշտաբի հեռու միջոցներով:
Քաղաքականության գխավոր գործիքը՝ քաղաքական միտքը, Հայաստանում բացակայում է քաղաքական տխմարության ներկայությանն ուղիղ համեմատական կարգով: Պարապ տեքստերը, կարգախոսները ու հայհոյախոսությունը քաղաքական միտք չեն, ինչպես ներկայացվում է, այլ դրա բացակայությունը լղոզելու անհաջող փորձ: Հայաստանի՝ իմիտացիոն, անբովանդակ պետություն լինելու հիմնարար պատճառն իմիտացիոն քաղաքականությունն է, առանց բովանդակության, առանց մտքի քաղաքականությունը: Դա էլ, ի թիվս այլ պատճառների, երեսնամյա իներցիայով երեսուն տարի անց քաղաքականությամբ զբաղվելու մոլորությունն է:
2026 թվականին հայկական քաղաքականության մեջ դոմինանտ են 20, 25, ընդհուպ՝ 30 տարվա կաղապարները: Նույն այն կաղապարները, որոնք հանգեցրել են ութ տարի առաջ Հայաստանը կործանման եզրին հասցրած ապագաղափարախոսության ու դրանք կրողների իշխանության գալուն: Եվ այսօր գրեթե բոլորը փորձում են այդ կործանարար իշխանությունից ազատվել՝ հիմնականում շարունակելով կրել ճիշտ նույն քաղաքական անգաղափար ստերեոտիպերը, իներցիոն դնջությունը, որի պատճառով հնարավոր է դարձել 2018 թվականի աղետը:
Սա պարզ ճշմարտություն է, որի մասին քաղաքական շրջանակներում ոչ միայն ընդունված չէ խոսել, այլ խոսողներին կարող են գամել անարգանքի առաջին պատահած սյանը: Դրա համար էլ քաղաքականությամբ զբաղվողներն ու հարակից շրջանակները շարունակում են ապրել իրենց կաղապարային կոմֆորտի մեջ՝ նախընտրական հյութեղ կարգախոսներով խոստանալով փոխել ամենայնը, ինչ հնարավոր է փոխել:
Բացի փոփոխություններն անհնարին դարձնող սեփական կաղապարվածությունից ու իներցիայից: Ողբերգությունն այն է, որ իրականում Հայաստանում քաղաքական բովանդակ մտքի պակաս չկա: Բայց քաղաքական մտքի կրողներն անմիջապես դառնում են բոլոր նրանց դասակարգային թշնամին, ովքեր տասնամյակներից մինչ այսօր ծորացող իներցիայով շարունակում են զբաղվել քաղաքականության իմիտացիայով՝ նույնքան անբնական ողբ կապելով առ այն, թե ինչու է Հայաստանը պետությունից վերածվել պետության տնազի կամ խեղկատակության:



