Բաժիններ՝

Ինչպես են մսխվում պետական փողերը՝ ոմանց փնթիության պատճառով. հակահայկական վահանակների մի մասը խոտանվել է

«Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» մշակութային հասարակական կազմակերպության /ԱՄԱՓ/ կողմից 2008-2011 թվականներին հուշարձանների տարածքներում տեղադրվել են 329 տեղեկատվական վահանակներ: 2013-2014 թվականներին նախատեսվում է փոխել դրանցից 62-ը (43 վայրերում), ինչպես նաև կտեղադրվեն 52 նոր վահանակներ: Ինչպես 168.am-ին հայտնեցին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկատվական վահանակների փոխարինման հիմնական պատճառը դրանց «մաշվածությունն է, ինչպես նաև տեքստային որոշ խմբագրումների անհրաժեշտությունը»:

Թե նախկինում 1 վահանակի համար ինչքա՞ն գումար էր ծախսվել և այժմ որքա՞ն է նախատեսվում ծախսել, նախարարությունում չպատասխանեցին՝ նշելով, թե աշխատանքներն իրականացվում են «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» (ԱՄԱՓ) հասարակական կազմակերպության կողմից` ոչ պետական միջոցների հաշվին, և ՀՀ մշակույթի նախարարությունը նման տեղեկության չի տիրապետում: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության անդրսահմանային համագործակցության «Մետաքսի ճանապարհի սևծովյան միջանցք» ծրագրի շրջանակներում ստացված միջոցների հաշվին:

ԱՄԱՓ-ում նույնպես այս հարցն աչքաթող արեցին և168.am-ի հարցադրումներին ՀԿ տնօրեն Ռիչարդ Նեյի անունից գրավոր պատասխանեցին միայն, որ այս պահին ներքին ոչ մի դոնոր չի ֆինանսավորում ծրագիրը, իսկ կառավարությունը` մասնավորապես Մշակույթի նախարարությունը, որը զբաղվում է հուշարձանների պաշտպանությամբ, չունի համապատասխան բյուջե վահանակների վերանորոգման կամ նորերի ստեղծման համար.

«Ցանկալի կլիներ, որ սույն նախաձեռնությունը լիներ ներքին դոնորների ուշադրության կենտրոնում: Այս պահին Լոռիում և Տավուշում կան շատ հուշարձաններ, որոնք ունեն ճանաչելիության բարձրացման խնդիր, բայց համապատասխան միջոցների բացակայության պատճառով, մենք չենք կարողանում այնտեղ ևս տեղադրել կամ վերանորոգել վահանակներ»:

Թե ինչպես է պատահել, որ տեղեկատվական վահանակների բովանդակության մեջ անճշտություններ են եղել և տեղադրման աշխատանքը ստիպված են երկրորդ անգամ իրականացնել, Մշակույթի նախարարությունում մեզ պատասխանեցին, որ 2008-2011թթ. տեղեկատվական վահանակների տեքստերը կազմվել են կազմակերպության կողմից: 2010-2012թթ. նախարարության մասնագետների կողմից կատարված պարբերաբար շրջայցերի արդյունքում հայտնաբերվել են մի շարք անճշտություններ, որոնք փոխանցվել են կազմակերպությանը` տեքստերը վերախմբագրելու համար: Ելնելով հետագա անճշտությունները բացառելու նկատառումներից` նախարարության և ԱՄԱՓ-ի միջև 2013 թվականի ապրիլի 25-ին կնքվել է ՀՀ տարածքում գտնվող պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ բազմալեզու տեղեկատվական վահանակներ տեղադրելու մասին համաձայնագիր, ըստ որի ՀՀ մշակույթի նախարարությունը պարտավորվել է «Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր» հասարակական կազմակերպությանը տրամադրել վահանակների համար հաստատված հայերեն տեքստերը:

Ըստ Ռիչարդ Նեյի՝ Զորաց քարերում տեղեկատվական վահանակը նախատեսված էր կույր կամ թույլ տեսողություն ունեցող այցելուների համար, և չափազանց ցավալի է, որ Հայաստանում այսպիսի վանդալիզմ կարելի է դրսևորել սահմանափակ կարողություններ ունեցող մարդկանց հանդեպ. «Իհարկե ցավալի է, բայց պետք է նշել, որ վահանակները վնասվում են նաև վանդալիզմի պատճառով, ինչպես Զորաց քարերի դեպքում է: Եվ ամենասարսափելին այն է, որ այս անգամ վանդալիզմի է ենթարկվել կույր մարդկանց համար նախատեսված վահանակը, որը ի դեպ պատրաստվել էր Իտալիայում` Հայաստանում համապատասխան սարքավորում չլինելու պատճառով և այն փոխարինելը հիմա շատ դժվար կլինի»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ տեքստերում սխալներ են եղել կամ հակահայկական տեղեկատվություն, ապա ՀԿ-ից նշեցին, որ ոչ մի տեքստ անձամբ ԱՄԱՓ-ի կողմից չի գրվել, այլ օգտագործվել են բոլոր հնարավոր տպագիր սկզբնաղբյուրները, ներառյալ հանրագիտարանները, և վերջնական տեքստերը ստուգվել են տարբեր փորձագետների կողմից, ովքեր եղել են Գիտությունների ակադեմիայի կամ այլ գիտական հաստատությունների մասնագետներ:

Հիշեցնենք, որ տեքստերի մեջ անճշտություն ասվածը խիստ մեղմ ձևակերպում է։ Այնտեղ տեղ էին գտել բառի բուն իմաստով հակահայկական նյութեր։ Օրինակ՝ իբրև Քարահունջի հնագույն անվանում` ցուցավահանակի մեջ նշված է Ղոշունդաշ թուրքական անվանումը, իսկ, օրինակ՝ Նորավանքում տեղադրված ցուցանակի մեջ գրված է, որ ճարտարապետ Մոմիկը ճարտարապետության այդ հիմունքները տարբեր երկրներից է բերել` Հայաստանում ներդնելու համար: Ամենաահավորը՝ «Ադրբեջանի թագավորության» հիշատակումն էր (այդ մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այստեղ)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս