Մեր բյուջեն տրվում է աշխատավարձ ու կոմունալ ծախսեր վճարելու համար. Արեգ Միքայելյան
Այս տարի լրանում է Բյուրականի աստղադիտարանի 80-ամյակը։ Հիմնադրման պատմության, ձեռքբերումների և բացթողումների մասին զրուցել ենք Աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանի հետ։

– Աշխարհահռչակ գիտնական Վիկտոր Համբարձումյանն Աստղադիտարան հիմնելու գաղափարն առաջ քաշեց և իրականացրեց 1946 թվականին։ Ինչպե՞ս է ընտրվել վայրը։
– Ես կասեի՝ նույնիսկ 1944 թվականից է առաջ քաշել այդ գաղափարը։ Կարծում եմ, դա Համբարձումյանի մտքում վաղուց է եղել, երբ արդեն տրամադրվել էր տեղափոխվել Հայաստան։ Պատերազմի տարիներին Լենինգրադի պետական համալսարանի պրոռեկտորն էր։ Բայց այդ ժամանակ արդեն Հ․ Օրբելու հետ քննարկել էին ՀՀ-ում Գիտությունների ազգային ակադեմիա հիմնադրելու հարցը, որը 1943թ․ ստեղծվեց։ Բացմանը չհասցրեց գալ, բայց ընտրվեց՝ որպես առաջին փոխնախագահ։ 1944թ․ սկզբին Համբարձումյանն ընտանիքով տեղափոխվեց Հայաստան ու, իմ կարծիքով՝ եկել էր աստղադիտարան ստեղծելու նպատակով։ 1946թ․ արդեն Աստղադիտարանի հիմքի աշխատանքներն են սկսվել։ Ի դեպ, անընդհատ փորձում ենք հիմնադրման կոնկրետ օրը գտնել, բայց չկա։ Երևի աստիճանական քայլեր են արվել։ Հայաստանում Բենիամին Մարգարյանն ու Հայկ Բադալյանն էին որպես պրոֆեսիոնալ աստղագետներ, ուրիշ աստղագետներ չկային, մյուսներին Համբարձումյանն է հավաքել։ Օրինակ, վաստակաշատ գիտնական Լյուդվիգ Միրզոյանը մաթեմատիկոս էր, բայց Համբարձումյանը նրան վերցրեց որպես ասպիրանտ և հետո համոզեց, որ դառնա աստղագետ, և այդպես մյուսների դեպքում, որովհետև «աստղագիտություն» մասնագիտությամբ համալսարանական կրթություն չկար։ Եկավ ու բացեց նաև «Աստղաֆիզիկա»-ի ամբիոնը։ Նույն տարում հիմնադրվեց նաև «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» ամսագիրը։
Մի քանի աստղագետ հրավիրեց նաև դրսից՝ հիմնականում Լենինգրադի պետական համալսարանից, Ղազախստանից։ Հիմնադրումից մեկ տարի անց՝ 1947թ․, արդեն մեծ հայտնագործություն եղավ․ Համբարձումյանի կողմից հայտնաբերվեցին աստղասփյուռներ, և ստացվում է, որ Աստղադիտարանը նոր հիմնադրված՝ արդեն աշխարհի մակարդակի արդյունք է տալիս ու միանգամից հայտնի է դառնում ամբողջ աշխարհում։ Այդ ժամանակ 8 գիտնական է աշխատել։ Հետո, երբ ԵՊՀ-ում ամբիոնն աշխատեց՝ առաջին շրջանավարտները հայտնվեցին որպես պրոֆեսիոնալ աստղագետներ։
Ինչ վերաբերում է վայրի ընտրությանը, ապա պարզ է, որ Աստղադիտարանը պետք է ընտրել՝ լավագույն աստղակլիմայի սկզբունքներից ելնելով։ Տարվա մեջ բաց երկինքը պետք է շատ լինի, ամպամած չլինի, որ դիտումներ հնարավոր լինի անել։ Հիմիկվա լավագույն աստղադիտարաններում 300 գիշեր պարզ է։
Աստղագետները սկզբում ապրում էին գյուղացիների տներում, մինչև կառուցվեցին բնակելի տները։ Շինարարությունը տևել է մոտ 10 տարի։ Ինչո՞ւ ավելի բարձր վայր չեն ընտրել, երևի գումարի սահմանափակ լինելու պատճառով։ Պետք է մթնոլորտի խտությունը նոսր լիներ ու Բյուրականը 1405 մետրի վրա։ Ավելի բարձր՝ Արագածի վրա կարելի էր հասցնել մինչև 4090 մետր, բայց այնտեղ էլ քամիներ կան, այնպես չէ, որ գագաթին լավագույն վայրն է։ Այնտեղ էլ շատ ուժեղ քամիներ կան, որոնք առաջացնում են պատկերների աղավաղում։
– Ինչպե՞ս ձեռք բերվեցին առաջին դիտակները։
– Սկզբում շատ փոքր դիտակներ ուներ աստղադիտարանը։ Առաջինը 1954թ․ կես մետրանոց Շմիդտի դիտակը տեղադրվեց, բայց գլխավոր և ամենաարդյունավետ սարքը երկար տարիներ եղել է 1 մետրանոնց Շմիդտի դիտակը։ Այսօր էլ է ամենաարդյունավետը, թեև ունեցել ենք ավելի մեծ՝ 2,6 մետրանոց աստադիտակ։ 1 մետրանոցը լեգենդար դիտակ է համարվում։ Դա Հիտլերի նվերն է՝ Մուսոլինիին։ Դրանով Բենիամին Մարգարյանն իրականացրել է իր մեծ՝ Մարգարյանի շրջահայությունը» (Markarian survey)։ Ամբողջ աշխարհում հայտնի է։ Հայտնի են նաև Մարգարյանի կողմից հայտնաբերված գալակտիկաները։ Ամենամեծ դիտողական արդյունքը միանշանակ դա է՝ Բյուրականի աստղագիտության ողջ պատմության մեջ։
Իսկ Համբարձումյանը միանգամից եզրակացրեց, որ աստղերը ծնվում են խմբերով։

– Հիմա նույն ոգով շարունակո՞ւմ եք աշխատել։– Պատկերացրեք՝ այո, և՛ աստղերի, և՛ գալակտիկաների ոլորտում։ Հայտնաբերվում են տիեզերական նոր օբյեկտներ՝ երիտասարդ, բռնկվող աստղեր, միգամածություններ, քվազարներ և այլն։
– Ժամանակակից տեխնոլոգիաները որքանո՞վ են օգնում ուսումնասիրություններ կատարելուն, և արդյո՞ք Աստղադիտարանն ապահովված է համապատասխան սարքավորումներով։
– Մեր Աստղադիտարանը որոշ չափով զիջում է, որովհետև այդքան շատ ֆինանսական ներդրումներ, ցավոք, չկան։ Շատ ենք դեռ զիջում առաջատար երկրների ֆինանսավորմանը։ Աստղագիտությունը կարծես դարձել է հզոր, զարգացած երկրների մենաշնորհ։ Իրենց մոտ է ստացվում մեծ գումարների շնորհիվ նոր արդյունքներ ստանալ։ Կտրուկ զարգանում է նաև տիեզերական աստղագիտությունը։ ԱՄՆ-ը, որ այդքան հզոր երկիր է, եվրոպական երկրների հետ միացել է, աստղադիտարան է ստեղծել, որ կարողանա դիմակայել․ աստղադիտակները Չիլիում են։
Նույնիսկ Գերմանիան էլի միայնակ չի կարողանում մրցակցել, դրա համար միավորվում են։ Միավորվել՝ նշանակում է ներդրում ունենալ։ Հայաստանը ևս կարող է դառնալ մեծ համագործակցության անդամ, այդ ուղղությամբ քայլեր արել ենք, բայց մեր ներդրումը պետք է ունենանք, ու բանակցություններից պարզվեց՝ մեզանից տարեկան ուզում են 700․000 եվրո։ Միայն մասնակցում ենք «Հորիզոն»-ին, որն ընդհանուր եվրոպական ծրագիր է գիտության և նորարարությունների ոլորտում։ Եվ գումարը մոտավորապես այդքան է։
– Սարքավորման բացակայությունը չի խանգարո՞ւմ գիտնականների աշխատանքին։
– Իհարկե, ինչպես ասացի՝ մենք զիջում ենք, բայց հետաքրքիր մտահղացումների, ճկուն գաղափարների շնորհիվ կարողանում ենք որոշ չափով լրացնել բացը։ Համագործակցում ենք արտասահմանյան գիտնականների հետ։ Աստղագիտության մեջ այսպիսի ընդունված կարգ կա․ յուրաքանչյուր հեղինակ իրավունք ունի հետազոտության տվյալները փակ պահել մեկ տարի։ Այսինքն, ցանկացած աստղագետ կարող է վերցնել, համադրել դիտումների տվյալները և ավելի արդյունավետ արդյունք ստանալ։ Բացի այդ՝ աշխարհի մի շարք երկրներ ստեղծել են վիրտուալ աստղադիտարաններ, որոնք թույլ են տալիս ինչ-որ միջավայր ստեղծել գիտնականների համար, որի սահմաններում ստանում ես հասանելիություն դեպքի աշխարհի բոլոր տվյալները։ Մենք էլ ենք 2005թ․ ստեղծել Հայկական վիրտուալ աստղադիտարան։ Ընդամենը 20 երկիր ունի այդպիսի նախագիծ։ Ստացվում է, որ ՀՀ-ն աշխարհի աստղագիտության թոփ 20-յակի մեջ է։
Մեզ, դիտակի հայելիից բացի, պետք են թվային ընդունիչներ։ Երբեմն աստղադիտակի սարքերը գրեթե նույն արժեքն են կազմում, ինչ աստղադիտակը։ Մեկ թիվ ասեմ, որն այդքան էլ բարձր չէ՝ 1 միլիոն դոլար։ Մեր Աստղադիտարանի պետական բյուջեն տարեկան 1 միլիոն դոլարի էլ չի հասնում։ Մեր բյուջեն տրվում է աշխատավարձ ու կոմունալ ծախսեր վճարելու համար։ Ճիշտ է, մեր պետությունը որոշ չափով գիտությունը կարևորում է, բայց դեռ այդ հնարավորությունները չեն։ Գործուղումների գումար որոշ չափով տալիս են, թեմատիկ ֆինանսավորում կա, բայց 10-ապատիկ անգամ հետ ենք։ Մենք չենք հաշտվում նրա հետ, որ 2-րդ դիրքում լինենք։
Ոչ մի ոլորտում այդպիսի բան չկա։ Ոչ ոք թող չնեղանա, բայց նույնիսկ ԱԺ պատգամավորները որ գնում են գործուղման՝ պետության հաշվին է, իսկ մեր գործուղումների մեծ մասը ֆինանսավորվել է դրսից։ Այսինքն, այնքան են հետաքրքրվել մեր գիտնականների այցելությամբ, որ մասնակի վճարում են։ Գիտության կոմիտեն ևս մասնակի ֆինանսավորում է, ու դա շատ լավ է։
– Բացի սարքավորումներից՝ կարծում եմ, մասնաշենքերն ունեն վերանորոգման կարիք։
– Իհարկե։ Բայց դա վերջում ենք թողնում՝ մեր բոլոր պրոբլեմները թվարկելիս։ Չեմ ուզում շատ քննադատել, բայց մտնում ես Հարկային տեսչություն՝ հիանում ես, թե ինչպիսի ժամանակակից վերանորոգում է արված։ Չգիտեմ՝ դա ո՞ւմ համար է, որովհետև արտասահմանցի գիտնականները գալիս են Բյուրականի աստղադիտարան, այն մեր երկրի դեմքն է, պետք է լինի ներկայանալի։ Այդքան գումարր չունենք, որպեսզի կարողանանք վերանորոգել։
– Մոտավորապես 10 տարի աշխատել եք Վիկտոր Համբարձումյանի հետ։ Ինչպիսի՞ մարդ էր, ի՞նչ հետաքրքրություններ ուներ և, ընդհանրապես, ի՞նչ էր մտածում աստղագիտության զարգացման առումով։
– Իմ հանդիպած բոլոր մարդկանցից ամենաիմաստունը Վիկտոր Համբարձումյանն էր։ Հանդիպել եմ աշխարհի ամենախոշոր գրեթե բոլոր գիտնականներին, աստղագիտության և ֆիզիկայի ոլորտների Նոբելյան մրցանակակիրների հետ եմ շփվել, բայց Համբարձումյանին առաջին տեղում կդնեմ։ Երբ ես եկա աշխատանքի՝ ինքն արդեն 78 տարեկան էր, իսկ երբ 1994թ․ դարձա Աստղադիտարանի գիտական քարտուղարը (նա մահացել է 1996թ․), այդ վերջին 2 տարին սերտ շփվել ենք։

Շատ բարի էր, պատրաստակամ, ուներ բազմազան հետաքրքրություններ։ Խորապես նվիրված էր աստղագիտությանը, թվում էր, թե իր ժամանակի 99 տոկոսն աստղագիտության մեջ է անցնում։ Մի հումորային արտահայտություն ուներ, ասում էր՝ աստղագիտությունը շատ խանդոտ կին է, եթե նվիրվում ես, պետք է նվիրվես։
Զարմանալիորեն հետաքրքրվում էր գրականությամբ, համաշխարհային դասական երաժշտությամբ, գիտության բոլոր ճյուղերով։ Մինչև ԳԱԱ ստեղծումը ճշգրիտ գիտություններ գրեթե չկային։ Չունեինք ո՛չ ֆիզիկա, ո՛չ քիմիա, ո՛չ կենսաբանություն, բայց 1940-ականներից բուռն կերպով զարգացավ ու այստեղ, կարծում եմ, Համբարձումյանի ներդրումն էր։
Շատերը չեն հասկանում կամ չեն ուզում ընդունել, որ գիտությունն ավելի լավ է աշխատում, քան տնտեսությունը։ Ֆիզիկայի ոլորտն աշխարհում 53-րդ տեղում է, աստղագիտությունը՝ 41-րդ։ Կարողանում ենք մրցակցել 10-ապատիկ ավելի շատ ներդրումներ ունեցող երկրների հետ։
– 80-ամյակի շրջանակներում կարևոր ի՞նչ միջոցառումներ են նախատեսված։
– Այս տարվա բոլոր միջոցառումները նվիրում ենք 80-ամյակին։ Ունենք մի շարք գիտաժողովներ, ամառային դպրոցներ։ Քայլեր արել ենք աստղագիտության պատմության թանգարանի բացման ուղղությամբ։ Աստղացուցարան ենք պատվիրել, շուտով կտեղադրենք։

– 80 տարի անց, եթե Վիկտոր Համբարձումյանը գա Աստղադիտարան՝ ի՞նչը կզարմացնի և կզայրացնի նրան։
– Համբարձումյանը շատ պահանջկոտ էր՝ զայրացնել բառը ճիշտ օգտագործեցիք։ Կզայրացնի երևի այն, որ առաջվա նման այդքան նվիրված մարդիկ հիմա չեն աշխատում։ Նա 16 ժամ աշխատում էր, ու մյուս աստղագետներն էլ իրենց թույլ չէին տալիս ավելի պակաս աշխատել։
Երևի կապ ունեն նաև տեխնոլոգիաները, որ հիմա այդքան զարգացած են։ Առաջ մեկ սպեկտոր մշակելու համար մի ամբողջ օր կարող է չարչարվեինք։ Հիմա մեկ րոպեում մշակում ես։ Մի խոսք կա, ասում է՝ ծրագրավորումը ծնվել է ծուլությունից։ Ծրագիր են գրել, որ համակարգիչն արագ անի իրենց գործը։ Սրա համար կզայրանար Համբարձումյանը ու միևնույն է՝ կպահանջեր, որ 16 ժամ աշխատեին։
Իր մահվանից հետո 30 տարի է անցել, մենք միջազգային դաշտում գոնե ներկայանալու այնպիսի արդյունքներ գրանցեցինք, որոնցով կհպարտանար, որովհետև Աստղադիտարանի ճանաչելիության հետ է կապված։ Դա թե՛ ՅՈՒՆԵՍԿՕ-ի արժեքն է, թե՛ միջազգային աստղագիտական կոմիտեի կողմից ճանաչված տարածաշրջանային կենտրոնի կարգավիճակը, թե՛ այն, որ աստղադիտարանի տարածքը ճանաչվել է դենդրոպարկ։
Նա նաև շատ էր կարևորում գիտաժողովները։
Եթե խոսենք թերություններից՝ երիտասարդ կադրերը քիչ են, լավերը փորձում են մեկնել արտասահման, լավ աշխատատեղ գտնել։ Տեխնիկան է զիջում, միջազգային խոշոր նախագծերին միանալը ևս, ու ցանկալի կլիներ դրանց միանալը։

