Փաշինյանի պատասխանը ռուսական կողմի զգուշացումներին

Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվում էր Հայաստանի կառավարության 2026-2031 թվականների գործունեության ծրագիրը։

Նիկոլ Փաշինյանը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ իր իշխանության արտաքին, իր խոսքով՝ հավասարակշռված ու հավասարակշռման քաղաքականությանը, այդ թվում՝ Հայաստանի ՀԱՊԿ անդամակցության շուրջ ստեղծված իրավիճակին:

Փաշինյանը վստահեցրեց՝ Երևանը ՀԱՊԿ-ում իր աշխատանքները չի ակտիվացնելու, և կազմակերպության նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։ Նա նշեց, որ կազմակերպությունը Հայաստանի կողմից ուղղված հարցերի վերաբերյալ պատասխաններ չի ստացել, հետևաբար՝ ՀԱՊԿ-ի նկատմամբ հետաքրքրությունը սպառված է։

«Առաջիկա 5 տարում մենք ՀԱՊԿ վերադառնալու ոչ մի պլան չունենք։ Կարող եմ վստահ ասել՝ մենք ՀԱՊԿ-ում մեր աշխատանքները չենք ակտիվացնելու։ Գիտեմ, որ ՀԱՊԿ-ում քննարկումներ կան, ու կարող են երկրին հեռացնել կազմակերպությունից։ Ես շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի Հայաստանին հեռացնել ՀԱՊԿ-ից։ Մեզ կազատի դուրս գալ-չգալու երկընտրանքից»,- նշեց Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության 2026-2031 թվականների ծրագրում գեթ մեկ հիշատակում չկա այդ կազմակերպության մասին։

Կարդացեք նաև

Սրանով, ըստ էության, Փաշինյանն արձագանքեց նաև ռուսական կողմի զգուշացումներին, թե ՀԱՊԿ-ում դիտարկվելու է ՀՀ անդամակցությունը կասեցնելու հարցը: Դեռևս ամիսներ առաջ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում Հայաստանի կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով:

«Հունիսի 7-ին՝ Հայաստանում հենց ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Սամվելի Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, ասաց. «Մենք անդամավճար չենք վճարում, քանի որ ուղղակի չենք մասնակցում։<…> Թե ինչ անել այս իրավիճակում, մենք այսօր քննարկեցինք դա: Եվ արդեն ավելի քան 2 տարի է, ինչ Հայաստանը ՀԱՊԿ բյուջեի հանդեպ պարտք ունի։ Իրավիճակ, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ: Ու մենք այսօր պայմանավորվել ենք դիտարկել ՀԱՊԿ կանոնադրության համապատասխան հոդվածի գործարկումը»,- հայտարարել էր Լավրովը։

ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ անդամ պետությունների կողմից կազմակերպության բյուջեի նկատմամբ պարտքը մարելու պարտավորությունները երկու տարվա ընթացքում չկատարելու դեպքում խորհուրդն ընդունում է որոշում՝ կազմակերպության շրջանակներում այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններում առաջադրելու իրավունքի կասեցման, ինչպես նաև միավորման մարմիններում ձայնի իրավունքից զրկելու մասին մինչև պարտքի ամբողջական մարումը։

Լավրովը նշել էր, որ Հայաստանը նախկինի պես պաշտոնապես մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ: «Հայաստանն իսկապես հերթական անգամ չմասնակցեց ՀԱՊԿ միջոցառումներին, չնայած նա պաշտոնապես մնում է կազմակերպության լիիրավ անդամ, ու Հայաստանի պետական դրոշն այլ պետությունների դրոշների հետ միասին այստեղ առկա է»,- շարունակել էր ռուսաստանցի պաշտոնյան։

ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևն էլ շաբաթներ առաջ հայտարարել էր, թե ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նստաշրջանը նախատեսված է նոյեմբերի 11-ին Մոսկվայում, որտեղ պետությունների ղեկավարները, ամենայն հավանականությամբ, կքննարկեն տվյալ հարցը։

Նա ընդգծել էր, որ որոշումը, եթե դրա անհրաժեշտությունը լինի, ընդունվելու է բացառապես կոնսենսուսով։ Ռուսաստանցի դիվանագետը պարզաբանել էր, որ կազմակերպության Կանոնադրության 25-րդ հոդվածը նախատեսում է պետության քվոտային պաշտոններում քաղաքացիների առաջադրման, ինչպես նաև կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքի կասեցման հնարավորություն, եթե տվյալ երկիրը երկու տարվա ընթացքում չի կատարում կազմակերպության բյուջեի նկատմամբ ունեցած պարտավորությունները։

Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ի հետ Հայաստանի հարաբերությունները հրապարակայնորեն սրվեցին 2022-ի սեպտեմբերին՝ Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի զինուժի ապօրինի ներխուժումից հետո, երբ ՀՀ իշխանությունները կազմակերպությունից ակնկալում էին ռազմական և քաղաքական աջակցություն, իսկ ՀԱՊԿ-ը պատրաստակամություն հայտնեց դիտորդական խումբ ուղարկել Հայաստանի Հանրապետություն:

Սրան հաջորդեց այն, որ Հայաստանը 2024 թվականի փետրվարից սառեցրեց իր մասնակցությունը ՀԱՊԿ-ի աշխատանքներին։ Նիկոլ Փաշինյանն այդ մասին հայտնել էր France 24-ին տված հարցազրույցում՝ շեշտելով, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ։

Սակայն ռուսաստանցի վերլուծաբանները, որոնք ավելորդ են համարում հարցը մեկնաբանել, գտնում են, որ Հայաստան-ՀԱՊԿ հակասությունները սկսվել են շատ ավելի վաղուց և տեղավորվում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների փոփոխվող ձևաչափի մեջ, որի իրականացնողը Նիկոլ Փաշինյանն է:

Այս հակասությունների խորքային պատճառները, սակայն, պետք է փնտրել ոչ միայն 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձություններից հետո ձևավորված տարաձայնությունների մեջ։ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում վստահության լուրջ ճգնաժամի առաջին ակնառու դրսևորումներից մեկը դարձավ 2018 թվականին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրգործի հարուցումն ու հետկանչն այդ պաշտոնից:

Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել կառույցի ներսում և Ռուսաստանում, Խաչատուրովի շուրջ տեղի ունեցած գործընթացը Մոսկվայում ընկալվեց՝ ոչ միայն որպես ներքաղաքական գործընթացի հետևանք, այլև որպես Հայաստանի նոր իշխանության արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխության ազդանշան։ Դրան հաջորդած տարիներին այդ անվստահությունն ընդլայնվեց, խորացավ, աստիճանաբար տեղափոխվեց արդեն հարաբերությունների քաղաքական մակարդակ:

Այս իմաստով ՀԱՊԿ-ի շուրջ ներկայիս իրավիճակն ավելի շուտ երկարատև գործընթացի արդյունք է, քան առանձին դիվանագիտական վեճ, որին, բնականաբար, գումարվեց նաև այն հանգամանքը, որ ՀԱՊԿ-ն իրականում չաշխատող, անարդյունավետ կառույց է՝ չհաշված այն հանգամանքը, որ այս կառույցին անդամակցության շնորհիվ անդամ երկրները արտոնյալ ռազմաքաղաքական գործարքներ են ունենում ՌԴ-ի հետ, սակայն, երբ խոսքը ռազմաքաղաքական հարցերում փոխադարձ աջակցության, պաշտպանության մասին է, առաջ են գալիս խոր տարաձայնությունները:

Հայաստանի իշխանությունների կողմից կազմակերպության նկատմամբ հետաքրքրության «սպառված» լինելու մասին հայտարարությունը փաստացի արձանագրում է այն, ինչ վերջին տարիներին աստիճանաբար ձևավորվում էր գործնականում․ Հայաստանը դադարել է ՀԱՊԿ-ը դիտարկել որպես իր արտաքին և անվտանգային քաղաքականության առանցքային հենարան։

Միաժամանակ, Երևանի կողմից կառույցի աշխատանքներին չմասնակցելու և անդամավճարներ չվճարելու քաղաքականությունը, իսկ Մոսկվայի կողմից դրա հնարավոր ինստիտուցիոնալ հետևանքների մասին բարձրաձայնումները ցույց են տալիս, որ կողմերի միջև խնդիրը վաղուց դուրս է եկել պարզապես քաղաքական տարաձայնության շրջանակներից։ Այն վերածվել է նախկին հարաբերությունների ինստիտուցիոնալ հիմքերի վերանայման գործընթացի։

Այսօր դրա իրական պատկերը տեսանելի է արդեն ավելի լայն համատեքստում։ Փոխվում է ոչ միայն Հայաստանի վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ, այլև Հայաստանի արտաքին քաղաքականության ամբողջ կոնցեպտը՝ անվտանգության գործընկերների, միջազգային կազմակերպությունների և արտաքին քաղաքական հավասարակշռության վերաբերյալ պատկերացումների մակարդակում։

ՀՀ իշխանությունները ոչ թե դիվերսիֆիկացնում են ՀՀ արտաքին քաղաքականությունը, այլընտրանքներ ստեղծում, այլ վարում են արևմտյան ինտեգրացիոն քաղաքականություն, քայլ առ քայլ փորձելով սերտ հարաբերություններ կառուցել արևմտյան կենտրոնների հետ, ինչը տեսել ենք Մոլդովայի, Ուկրաինայի, որոշակի փուլում՝ Վրաստանի դեպքում:

Հետևաբար, ՀԱՊԿ-ից փաստացի հեռացումը պետք է դիտարկել ոչ թե որպես մեկ կազմակերպության շուրջ առանձին որոշում, այլ Հայաստանի արտաքին քաղաքականության վերափոխման առավել լայն գործընթացի մաս, որի վերջնական արդյունքը կարող է լինել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նախկին մոդելի ամբողջական վերաձևավորումը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31